Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Լճավան գյուղը կապահովվի  խմելու ջրի շուրջօրյա մատակարարմամբ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լճավան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները։

Լճավանի վարչական ղեկավար Լյովա Գեւորգյանի տեղեկացմամբ՝  Լճավանի ջրատար ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 76 միլիոն 899 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Լճավանի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցում՝ 15 կիլոմետր 200 մետր երկարությամբ, պոլիէթիլենային խողովակներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերից և դեկտեմբերի 10-ի դրությամբ իրականացվել շուրջ 80 տոկոսով։ Շինարարությունն իրականացնում է «Արտ Պլաս» ՍՊԸ-ն։ Ջրատարի կառուցումը նախատեսվում է ավարտել 2025 թվականի ընթացքում։

Ծրագրի շահառու են հանդիսանում Լճավանի բոլոր բնակիչները։

-Լճավանի խմելու ջուրը մատակարարվում է պոմպերի միջոցով, ինչը չափազանց ծախսատար է, ուստի և գյուղի ողջ բնակչությունը խմելու ջուր է ստանում օրական երկու ժամի չափով։  Սակայն այս ծրագրի ավարտից հետո, երբ նորակառույց խմելու ջրատարը կմիացվի օրվա կարգավորիչ ջրամբարին՝ արդեն գործելով ինքնահոս եղանակով, ունենալու ենք շուրջօրյա ու միանգամայն որակյալ  ջրամատակարարում ու էլեկտարէներգայի խնայում, ինչին ողջ գյուղը մեկ դարից ավելի է սպասել։ Նաև այն է ուրախալին, որ նախորդ տարիների ընթացքում տարբեր ծրագրերով ամբողջովին կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանցը, ինչի շնորհիվ խմելու ջուրը տնտեսություններին կմատակարարվի անկորուստ ու միանգամայն մաքուր վիճակում,-ներկայացրեց Լյովա Գևորգյանը։

Գեղամա աշխարհ

7 դիտում