Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի առաջին խմբի առաջին խաղաշրջանն ավարտել է բարձր արդյունքներով

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի «Ամդրանիկ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի առաջին խմբի առաջին խաղաշրջանն ավարտել է երրորդ տեղում և միաժամանակ Հայաստանի գավաթի խաղարկությունում դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

Վարդենիսի  «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդան Դավթյանի տեղեկացմամբ՝ առաջին խաղաշրջանում թիմն  անցկացրել է  17 հանդիպում, տարել 12 հաղթանակ, կրել չորս պարտություն, ու մեկ խաղ ավարտել ոչ-ոքի, խփել 36 գնդակ՝ բաց թողնելով 16-ը։ «Անդրանիկ» թիմը հաջող է հանդես եկել նաև Հայաստանի գավաթի խաղարկությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ։ Մինչ քառորդ եզրափակիչ հասնելը նա պայքարից դուրս է թողել Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող ԲԿՄԱ-ին և Իջևանի «Բենտոնիտ»-ին։

Առաջին խմբի լավագույն ռմբարկուների ցուցակը  վստահորեն  գլխավորում է «Անդրանիկ» ակումբի հարձակվող, ազգությամբ նիգերիացի  Իսմայիլ Օլավալեն, ով  17 խաղում խփել է 18 գոլ,  մեկ անգամ էլ գոլ է հեղինակել Հայաստանի Գավաթի խաղարկությունում։

-Առաջին խմբի առաջին խաղաշրջանն ավարտվեց, և «Անդրանիկ» ՖԱ-ն ևս մեկ կարևոր փուլ թողեց իր հետևում։

Առաջնությունը մեզ համար  եղավ մրցակցային, լարված և երբեմն էլ՝ ուսուցողական ճանապարհ, որտեղ մեր թիմը ոչ միայն պայքարեց յուրաքանչյուր խաղում, այլև ձևավորեց ավելի ուժեղ թիմային ու կամային ոգի։ Երկրորդ խաղաշրջանում մենք հանդես կգանք ավելի վստահ, ավելի նպատակամղված, կպայքարենք ավելի բարձր տեղի համար,-նշեց Վարդան Դավթյանը։

Տնային խաղերն առայժմ «Անդրանիկ» թիմն անցկացնում է Սևանի քաղաքային մարզադաշտում, մինչեւ որ Վարդենիսի քաղաքային մարզադաշտը կհամապասխանեցվի միջազգային չափորոշիչներին։

Խոսրով  Խլղաթյան 

6 դիտում