Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ծովազարդի եկեղեցու հնագիտական ու պատմաճարտարապետական թաքնված շքեղությունները

 

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր՝

Քե՛զի ընծա , հի՜ն հայրենիք․․․

Դանիել Վարուժան

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծովազարդ գյուղի եկեղեցու ավերակներն իրենց մեջ հնագիտական ու պատմաճարտարապետական անհատնում շքեղություններ են թաքցնում, ընդ որում, ոչ պակաս շքեղ, քան Հայաստանի բազմաթիվ հանրաճանաչ պատմական հուշարձանների դեպքում է։ Պարզապես այս հուշարձանը գիտական ու հանրային շրջանակներին առայժմ շատ քիչ է հայտնի՝ անհրաժեշտ  ծավալի ուսումնասիրությունների  ու հանրահռչակման բացակայության պատճառով։

Պատմաճարտարապետական նշանակության այս հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնական հատվածում, միջնակարգ դպրոցի շրջակայքում, Սեւանա լճից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ, շրջակայքի վրա իշխող դիրք գրավող բարձունքի վրա։ Նույնիսկ մինչ այժմ անհայտ է եկեղեցու անունը եւ կառուցման ստույգ թվականը։ Հուշարձանների պահպանության պետական ցանկում այս եկեղեցին նշված է որպես 17-18-րդ դարերի կառույց՝ հիմք ունենալով տարածքի տապանագրերի վրա եղած արձանագրությունները, մի բան, որ ընդհանրապես աղերս չունի հոգեւոր այս շինության հիմնադրման ժամանակագրության հետ, քանի որ ավերակների մեջ պահպանված, ապա 2010 թվականին իրականացված պեղումների շնորհիվ ի հայտ եկած ճարտարապետական տարրերը եւ խեցեգործական իրերը բոլորովին նոր իրողություններ են բացահայտում՝ եկեղեցու հիմնման ժամանակաշրջանը տանելով առնվազն դեպի վաղ միջնադար։

Հայ պատմագրության մեջ Ծովազարդի եկեղեցուն առաջին անգամ անդրադարձել է Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը՝ իր նշանավոր «Տեղագրություն Գեղարքունի  Ծովազարդ գավառի» աշխատության մեջ։

«Ալեքսանդրովկայից գնացինք քանի վերստ առաջ՝ հասանք Էֆենդի անունով թուրքաբնակ գյուղը. ուր եւ եկեղեցվո եւ խաչի նշան չգտնելով՝ անցանք եւ բավական առաջ գնալով՝ հասանք Հաջի Մուխան անունով թուրքաբնակ գյուղը՝ որին եւ Հայերը Աջամ խան անվանեն՝  պարսիկ Նաղի խանը այն տեղ բնակվելու համար, հեռացնելով Հաջի Մուխան տաճկին 1700 թվին: Հաջի Մուխանում կար մի եկեղեցի սրբատաշ քար ու կրով շինած՝ միայն որմունքն կանգուն: Եկեղեցվո հյուսիսային որման կամարի վերա գրված էր հին եւ անձեւ գրով այսպես. «Աստված ողորմի Սարգսի եւ Ալեքսոյի եւ Հակոբա եւ ծնողացն յուր: Ստա թե»: Եկեղեցվո միջին հարավային որման կից՝ խաչքարի վերա գրված էր. «Ես Ովանեսս կանկնեցի սուրբ զխաչս ի փրկություն հոգույն իմո, հիշեցեք ի Քրիստոս»: Եկեղեցուց դուրս մի խաչ քարի վերա գրած. « Սուրբ խաչս բարեխոս Պեկնազարին»: Մի գերեզմանի վերա գրած. «Այս է հանգիստ Գրիգորի. թվ. ՌՃԾ. (1701)»: Մյուս գերեզմանի վերա․ «Այս է հանգիստ Մկրտչին. ՌՃ. (1651)»:  Մի ուրիշի վերա «Այս է հանգիստ Էնգզարին. թվ. ՌՃԾ. (1701)»: Մի ուրիշի վերա․ «Այս է հանգիստ Աճապին»: Եվ մի ուրիշի վերա․ «Այս է հանգիստ Գասպարին»: Կային և քանի գերեզմաններ դժվարընթերց գրվածքով, առանց թվականի»,-գրում է Մեսրոպ Սմբատյանցը։

Մեսրոպ Սմբատյանցն իր հայտնի աշխատությունը գրել է 1862-1895 թվականների շրջագայությունների արդյունքում։

Ծովազարդի եկեղեցու մասին հաջորդ տեղեկությունը հաղորդում է անվանի հնագետ Երվանդ Լալայանը, ով Սեւանի ավազանի բնակավայրերում շրջագայել է 1910-ական թվականներին։ «Հաջի-Մուխան կամ Հաջի-Ավդի եւ կամ Աճամ-խան․այս գյուղը Հաճի-Մուխան է կոչվել այն պատճառով, որ 1700 թվին տաճկաց Հաճի Մուխան զորապետն այստեղ բանակ է դրել, եւ երբ նրան հալածելով այստեղ կանգ է առել Հաճի Ավդի պարսից զորապետը, վերակոչվել է Հաճի-Ավդի կամ Աճամ խան։ Հնում այն հայկական գյուղ է եղել, թեեւ անունը հայտնի չէ, որովհետեւ այստեղ կան մի ավեր եկեղեցի եւ մի քանի խաչքարեր։ Եկեղեցու վրա եղել են հետեւյալ արձանագրությունները, որոնք որ այժմ բոլորովին ոչնչացրել են․ «Աստված ողորմի Սարգսի եւ Ալեքսոյի եւ Յակոբայ ծնողացն իւր․ Ստաթէ»։ Խաչքարի վրա․ «Ես, Ովանեսս կանկնեցի սուրբ խաչս ի փրկութիւն հոգւոյն իմոյ․ յիշեցեք ի Քրիստոս»։ «Սուրբ Խաչս բարեխոս Պէկնազարին»։ Գերեզմանաքարերի վրա․ «Այս է հանգիստ Գրիգորի, թվ՝ 1701», «Այս է հանգիստ Մկրտչին, թվ՝ 1651», « Այս է հանգիստ Էնգզարին, թվ՝ 1701», «Այս է հանգիստ Գասպարին»։

Ծովազարդի եկեղեցու եւ նրա շրջայքի գերզմանոցի խաչքար-տապանաքարերի վրա պահպանված արձանագրություններին անդրարադձրել է անվանի հնագետ-վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը իր հեղինակած  «Դիվան հայ վիմագրության» կոթողային աշխատության մեջ։

Կարելի ասել, որ այս դեպքում էլ պատմամշակութային շերտերով հարուստ այս հուշարձանի մասին  տեղեկությունները շատ ժլատ են՝ չհաշված վիմագրերի ընթերցումները, ըստ որոնց՝ Ովանէսի խաչքարը թվագրվում է 16-րդ դարով, Դէովլաթի տապանաքարը՝ 1679 թվականով, մի խաչքարի արձանագիր բեկորը՝ 1671 թվականով, Հակոբի շիրմաքարը՝ 1675 թվականով եւ Մկրտիչի տապանաքարը՝ 1551 թվականով։ Վերծանված են նաեւ մի քանի անթվագիր գերեզմաքարերի վրա պահպանված  անունները՝ Սուսան, Աղայբաբ։ Սակայն հնագետի վերջնական եզրահանգմամբ՝ Ծովազարդի եկեղեցու հիմնադրումը  վերագրվում է վերջին դարերին, այսինքն՝ ուշ միջնադարին։

«Գյուղում կա մի կիսավեր, մեծ ու թաղակապ եկեղեցու մնացորդ, որի շուրջն ընդարձակ գերեզմանատուն է։ Թե՛ եկեղեցին իր ձեւերով, եւ թե տապանագրերը վերաբերում են վերջին դարերին»,-գրում է Սեդրակ Բարխուդարյանը։

Իրականում, սակայն, այս եկեղեցու եւ նրա շրջակայքի ավերակների մեջ, նույնիսկ հողի շերտի տակ, շատ ավելի հզոր պատմամշակութային շերտեր են եղել  թաքնված, որոնց  ի հայտ գալով հսկայական բացահայտումներ են կատարվել ու նոր ուղղումներ մտցվել այս հուշարձանի գոյության ու շարունակականության պատմության մեջ։ Ու այս ամենը՝ շնորհիվ 2010 թվականին այստեղ կատարված հնագիտական պեղումների, որն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, հնագետ Հուսիկ Մելքոնյանի կողմից։

Պեղումների պատվիրատուն   Ծովազարդի համայնքապետարանն է եղել, նախաձեռնողը՝ Ծովազարդ գյուղի բնակիչ, գործածար Փայլակ Հայրապետյանը, ով եկեղեցին իր պատմաճարտարապետական նախկին տեսքի մեջ  վերականգնելու ցանկություն ու նպատակ է ունեցել։

Բնական է, որ Ծովազարդի եկեղեցու մասին կցկտուր, ոչ լիարժեք  տեղեկությունները Մեսրոպ Սմբատյանցը, Երվանդ Լալայանն ու Սեդրակ Բարխուդարյանը թողել են հպանցիկ զննության կամ ուսումնասիրության արդյունքում, մինչդեռ Հուսիկ Մելքոնյանի տեւական ու ջանադիր աշխատանքը, մասնագիտական պրպտումները փաստագրական հսկայական նյութ են տալիս հուշարձանի ճարտարապետական նախնական շքեղ տեսքի,  չափսերի, ժամանակագրության փուլերի, բազմաշերտության, այլ մանրամասների մասին։ Միայն թե այն տարբերությամբ, որ վերոնշյալ հեղինակների կողմից նկարագրված եկեղեցու շուրջ տարածված ընդարձակ գերեզմանատնից պեղումների ժամանակ ընդամենը պահպանված են եղել առանձին հատվածներ։

Հուսիկ Մելքոնյանի վկայությամբ՝ նախքան պեղումները գետներես պահպանված են եղել կառույցի հյուսիսային եւ հարավային պատերի որոշ հատվածները եւ արեւելյան կողմում գտնվող ավագ խորանի մի մասը, որը նախորդ դարի ընթացքում վերածված է եղել մատուռի, ուր մարդիկ եկեղեցական տոներին կատարել են իրենց ուխտն ու մոմովառությունը։

Մաքրման աշխատանքներից առաջ եկեղեցին թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ ծածկված է եղել մեկից մինչեւ երկու մետր բարձրության հողի շերտով։ Կառույցի ներսում, գետներես, պահպանված են եղել մի քնի տապանաքարեր, որոնցից երեքը՝ արձանագրությամբ։ Սրանցից մեկը կրում է 1680, երկրորդը՝ 1708 եւ երրորդը՝ 1919 թվականը։

«Իրականացված թաղումների ստույգ թվականները հավաստում են, որ առնվազն 17-18-րդ դարերի սահմանագլխին ուսումնասիրվող կառույցն ավերակ էր եւ հողով լցված, ուր եւ կատարվել են հիշյալ թաղումները։ Թաղումներ բացվեցին նաեւ եկեղեցին ներքուստ մաքրելուց հետո։ Դրանք հարթ, առանց հարդարանքի, հիմնականում կանոնովոր կտրված ուղղանկյուն սալաքարեր են։ Դատելով հատակագծային լուծումներից՝ եկեղեցին միանավ, թաղակապ շինություն է։ Սակայն, նկատի ունենալով այն պարագան, որ պատերին կից առկա են բավական հզոր, ամուր որմնամույթեր, նաեւ այն, որ որմերի լայնությունը հասնում է 170-180 սանտիմետրի, ապա չպետք է բացառել,  որ այն կարող էր նաեւ գմբեթ ունենալ։ Այս եզրահանգման է բերում նաեւ այն պարագան, որ տեղում պահպանվել են նաեւ թաղերի, եւ հնարավոր է, թմբուկի քարեր։ Եկեղեցին շարված է տեղական բազալտի կոփածո քարերով եւ կրաշաղախով։ իբրեւ շաղախ օգտագործվել է նաեւ կավը եւ հողը։ Կառույցի միայն կոնստրուկտիվ, կրող հատվածները, կամարներն ու պատերի վերին մասերն են շարված սրբատաշ տուֆի տարբեր երանգ ունեցող քարերով։ Համաձայն Ս․ Մնացականյանի՝ այս տիպին անցնելը բացատրվում էր նրանով, որ այն բավական պարզ էր եւ նյութական մեծ ներդրումներ չէր պահանջում։ Այս առումով Ծովազարդի եկեղեցին դասական օրինակ կարելի է համարել։ Եկեղեցին կառուցվել է՝ հարմարեցնելով տեղանքի թեք դիրքին։ Այն որոշ հատվածներում դրված է ժայռեղեն հիմքի վրա, իսկ հիմնականում՝ հողի։ Հարավից եւ հարավարեւելյան մասից եկեղեցին բարձրացրած է երկաստիճան որմնահեցի վրա։ Սեւանի ավազանի 9-11-րդ դարերի բազմաթիվ հուշարձաններ շարված են բազալտի կոպտատաշ քարերով։ Դրանք հիմնականում միջին չափի, ճակատային մասում քառակուսի, թեքությամբ սրացող, երկարավուն քարեր են։ Ընդունված շինարարական տեխնիկայի կանոնների  համաձայն՝ անկյունների քարերն ավելի խոշոր են եւ լայն մշակված։ Նույնը կարելի է ասել նաեւ մուտքերի ճակատակալ քարերի վերաբերյալ։ Այսպես, գտնվել է կառույցի արեւմտյան մուտքի բարավորը, որի մակերեսը եւ ստորին մասը լավ հղկված են։ 80 x168 չափեր ունեցող սալաքարի մակերեսին երկու պարզ խաչքանդակներ են»,-պեղումների արդյունքների մասին գրավոր եզրակացության մեջ նշել է Հուսիկ Մելքոնյանը։

Պեղող հնագետը, հենվելով Ստեփան Մնացականյանի մասնագիտական կարծիքի  վրա, գտնում է, որ Ծովազարդի եկեղեցին կառուցված է վաղագույն՝ 5-7-րդ դարերի ճարտարապետաշինարարական ավանդույթներով՝ ունենալով իր նախաօրինակը։

«Սրա վառ ապացույցը կարելի է համարել կառույցի քիվի քարերից մեկը, պատուհանի պսակի քարերի մնացորդները եւ թեւավոր խաչերի ու խոյակի բեկորները, եւ որ ամենակարեւորն է, կառույցի հատակագծային լուծումը, որը մեզ հիշեցնում է վաղ միջնադարի մի շարք ճարտարապետական անսամբլները։ Ընդ որում, եթե պեղումների ժամանակ հայտնաբերված քիվերի քարերը պատկանում են 9-րդ դարի եկեղեցուն, ապա դրանցից մեկն ակնհայտորեն առանձնանում է 7-րդ դարի երկրորդ կեսի բնորոշ քանդակազարդումով, որի զուգահեռները կարելի է տանել Աշտարակի Կարմրավորի, Զվարթնոցի, Եղվարդի, Թալինի եւ այլ հուշարձաններում։ Նույնը կարելի է ասել նաեւ 5-7-րդ դարերով թվագրվող հուշակոթողների վերաբերյալ, ինչն ապացույց է, որ Ծովազարդում եղել են վերը նշված շրջանի եկեղեցական կառույցներ»,-գրում է Հուսիկ Մելքոնյանը։

Հնագետը բացահայտել է նաեւ եկեղեցու ամբողջական կառուցվածքը, չափսերը, հետագա ժամանակներում իրականացված նորոգումների հետ կապված իրողությունները։

«Ուշագրավ է եկեղեցու ներքին մշակումը։ Այն երկարավուն ուղղանկյունի սրահ է, շուրջ 15 մետր երկաարությամբ եւ 6 մետր լայնությամբ։ Ունի երկու մուտք՝ հարավից եւ արեւմուտքից։ Ավագ խորանի հարավային մասում պահպանված սալահատակի հատվածից եւ նրան եզերող ուղղանկյունի սալաքարից դատելով՝ նախնական բեմառէջքը եղել է ավելի խորը։ Սակայն հետագայում, ակներեւաբար 16-18-րդ դարերում, եկեղեցու նորոգման հետ կապված, այն ավելի է ընդարձակվել եւ դրվել շուրջ մեկ մետր դեպի արեւմուտք։ Այս բեմառէջքը կարելի է թվագրել նրա ճակատային մասում շարված հուշակոթողներով, որոնց մի մասը թվագրվում են վերը նշված ժամանակաշրջանով։ Ակներեւաբար, նույն ժամանակաշրջանին է վերաբերում նաեւ այսպես կոչված նախաբեմի տեղադրումը, որի պատրաստման համար  իբրեւ շինանյութ օգտագործվել են տեղահան արված հարթ տապանաքարեր»,-եզրակացնում է պեղող հնագետը։

 

Հաջորդ կարեւոր բացահայտումը, որ արել է Հուսիկ Մելքոնյանը, վերաբերում է պեղումների արդյունքում  հայտնաբերված  խեցեղեն նյութերին։ Հնագետն այն բաժանել է երկու հիմնական խմբի՝ շինարարական եւ կենցաղային։ Շինարարական խեցեղենն իր հերթին ներկայացված է դարձյալ երկու խմբով՝ հարթ եւ կիսաբոլոր կղմինդրներով։ «Դատելով դրանց մշակումից, չափերից եւ ձեւերից, սրանց մի մասը վերաբերում են վաղ միջնադարին եւ պեղումների ժամանակ հայտնաբերված քիվի քարի ու հին հուշակոթողների բեկորների հետ միասին կարող են վկայել տեղում ավելի վաղ՝ 5-7-րդ դարերի ընթացքում գոյություն ունեցած կառույցի մասին։ Կղմինդրների մեծագույն մասն ունեն ավելի ուշ թվագրություն եւ վերաբերում են 9-րդ դարում կառուցված խնդրո առարկա եկեղեցուն։ Խեցեղենի հիմնական մասը ներկայացված է խոհանոցային, հասարակ նյութերով, իր տեսականիով բաժանվում է մի քանի առանձին խմբերի, որոնք են՝  կոնքեր եւ ափսեներ, սափորներ եւ կճուճներ, խփեր, ջնարակապատ ամաններ, որոնք հիմնականում թվագրվում են 12-14-րդ դարերով, ջնարակի մի քանի բեկոր՝ 15-16-րդ դարերով»,-գրում է Հուսիկ Մելքոնյանը։

Պեղումների ընթացքում մեծ եկեղեցու հարավարեւելյան մասում, նրա հարավային պատին կից, բացվել են մեկ այլ, համեմատաբար փոքր չափերի եկեղեցու ավերակները։ Ըստ պեղող հնագետի՝ այս նորաբաց կառույցը չափազանց վատ է պահպանվել։ Եթե հյուսիսային որմը պահպանվել է շուրջ 1 մետր բարձրությամբ, ապա հարավայինից առկա են միայն առանձին հատվածներ։ Նորահայտ եկեղեցին բազալտի եւ տուֆի քարերով շարված, միանավ թաղակապ սրահ է։ Միակ մուտքը հյուսիսարեւմտյան անկյունից է, որը բացվում է մեծ տաճարի հարավային մուտքի վրա։ Եկեղեցու հատակին մի քանի տապանաքերեր են, որոնցից մեկը՝ 1274 թվականը կրող հայատառ արձանագրությամբ։ Եկեղեցու բեմառէջքի ճակատային մասում եւ արեւմտյան պատի մեջ շարված մեծ տաճարի տուֆի շինաքարերի օգտագործումը կարող է փաստել նորաբաց կառույցի ավելի ուշ շրջանի նորոգումների մասին։

Նորաբաց եկեղեցու արեւմտյան մասում, դարձյալ մեծ տաճարի հարավային պատին կից գավիթն է, որը շարված է բազալտի կոփածո քարերով, առանց կրաշաղախի։ Որմնասյուների բացակայությունից դատելով՝ այս կառուցը  եղել  է փայտածածկ, որը, ամենայն հավանականությամբ, կարելի է դասել Սյունյաց ճարտարապետության  մեջ ընդունված ու 14-րդ դարում կառուցված «բաց» գավիթների շարքին։

Հուսիկ Մելքոնյանը պեղումների արդյունքում  շատ կարեւոր բացահայտումներ եւ ուղղումներ է կատարել նաեւ եկեղեցու տարածքում գետներես պահպանված կամ հողի տակից հայտնաբերված խաչքար-տապանաքարերի վիմագիր արձանագրություններում։ Եթե Սեդրակ Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» աշխատության մեջ ընթերցված է Ծովազադարդի եկեղեցուն գտնված 14 արձանագրություն, ապա Հուսիկ Մելքոնյանի ջանքերով դրանք հասցված են քսանի՝ նախկին հրատարակիչների մոտ նկատված սխալների կամ բացթողումների ուղղումներով։

Այսպես, եկեղեցու ներսի մաքրման ժամանակ գտնվել է կարմրավուն տուֆի խաչքար՝ թվագրված 1533 թվականով, հետեւյալ արձանագրությամբ․ « ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽՈՍ ՈՎԱՆԻՆ ԵՒ ԳՈՒԼԲԵԿԻՆ»։ Մյուսը կամարի սրբատաշ քարն է, կարմիր տուֆից, կենտրոնի խաչաքանդակի շուրջ պահպանված արձանագրությամբ․ « ԱԾ ՈՂՈՐՄԻ ԱԼԱՔՍԻՈՍԻ ՅԵՏԻՆ ՔԱՀԱՆԱՅԻ»։

Հաջորդ, առավել հետաքրքիր բացահայտումը բազալտե հարթ տապանաքարի վրայի ութ տողանոց արձանագրությունն է՝ հետեւյալ բովանդակությամբ․ «ԵՍ, ՄՍՐ ՀԵՍՎԱՆԵՑԻ, ԱՍԱՐԱՆՈՑՍ ԻՄ ՈՒ․․․ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՄԸՍՇԵՆ ՅԻՇԵՑԵՔ Ի ՔՍ ԹԻՎ ՋԻԵ/1476 թ․/։

Հնագետն առանձնակի ուշադրություն է հրավիրում Հեսվան տեղանվան վրա, գտնելով, որ այն կարող էր լինել ինչպես  Լեռնային Կիլիկիայի Լամբրոն ամրոցի մոտ գտնվող Հեսունաց վանքը կամ միջնադարյան հայ պատմիչ, եկեղեցական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունյաց տան պատմություն» գրքի էջերում հիշատակված Եվանակաց հուն գյուղը՝ 7 չափ հարկով։ Մեր կարծիքով, չի բացառվում, որ մերօրյա Ծովազարդը միջին դարերում կրած լինի նույն Հեսվան անունը։

Ամենայն մանրամասնությամբ են տրված եկեղեցու շրջակայքում պահպանված կամ հայտնաբերված տապանաքարերի պատկերաքանդակների նկարագրությունները։ Ահա դրանցից մի օրինակ․ «Օրորոցաձեւ տապանաքար, գորշ տուֆից։ Գտնվում է  եկեղեցու արեւմտյան գերեզմանատանը։ Կոթողի հարավային նիստին պատկերված է ննջեցյալը, կանգնած դիրքով։ Ձախ ձեռքին գիրք է, իսկ աջն ուղղված է դեպի գրակալը։ Դրանից աջ թամբած ձի է, իսկ ձախ կողմում, սեղանի մոտ, մատռվակը՝ մի ձեռքին գինու սափորը, մյուսին՝ գավաթը։ Կոթողի հյուսիսային նիստին չորս խորադիր կամարների տակ մեկական խաչեր են պատկերված։ Արձանագրությունը ելնդավոր տառերով փորագրված է կոթողի վերին մասում, իսկ թվականը՝ արեւելյան կողին․ ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽՕՍ ՊԵԿՆԱԶԱՐԻՆ ԹՎ ՌՃԻԶ /1677 թ․/

Ծովազարդի եկեղեցին պեղող հնագետը խնամքով պահպանել է նաեւ մինչ պեղումներն արված լուսանկարները, որոնք արտացոլում են  մինչեւ 2010 թվականը պահպանված հուշարձանի կիսավեր վիճակը։

Փաստորեն, ինչպես վկայում է Ծովազարդ համայնքի նախկին ղեկավար Արամ Կատվալյանը, եկեղեցու պեղումների ավարտից հետո կառույցի վերականգնման նախաձեռնող, գործարար Փայլակ Հայրապետյանի կողմից պատվիրվել է նախագիծ, ձեռնարկվել են շինաշխատանքների առաջին քայլերը, ինչի արդյունքում  հեռացվել են հարավային, արեւմտյան և  հյուսիսային կողմերում մասամբ  պահպանված հին պատերի մնացորդները, որոնք պահպանման ենթակա չէին ու խանգարելու էին վերականգման աշխատանքներին՝  վերականգնում իրականացնելու նպատակով։

Սակայն աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են՝ պայմամավորված գործարարի սնանկացմամբ կամ անձնական այլ պատճառներով։ Եվ հիմա ծովազարդցիներին կամ այս հուշարձան այցելողներին, արդեն շուրջ 15 տարի , դիմավորում են  միայն ավերակույտերը՝ չհաշված արեւելյան կողմում պահպանված խորանի պատը։

Եկեղեցու վերականգնման գործընթացի մասին իր նկատառումները ներկայացրեց   Հուսիկ Մելքոնյանը։

-Փայլակ Հայրապետյանը մեր պատմության ու մշակույթի համար շատ կարեւոր, գովելի նախաձեռնություն էր հանդես բերել՝ ձգտելով իր պատմաճարտարապետական նախկին տեսքի մեջ վերականգնել այս վեհաշուք հուշարձանը։ Նա անգամ այնչափ էր շահագրգռված, որ հատուկ հաստոց էր ձեռք բերել՝ պակասող համապատասխան քարերը նույնությամբ հղկելու եւ ձեւավորելու համար, որպեսզի հուշարձանի վերականգնումն անթերի ընթանար ու հասցվեր մինչեւ վերջ։ Անգամ գիտեմ, թե ում էր պատվիրել նախագծի կազմումը։ Բայց թե ինչ եղավ հետո, արդեն տեղեկություն չունեմ։ Իմ ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանում շատ թվով շքեղ հուշարձաններ են վերականգնվել, Ծովազարդի եկեղեցու վերականգնումն  էլ կարող էր ու կարող է իրագործվել, եթե սրտացավ մոտեցում ցուցաբերվի պետական մարմինների կամ թեկուզ անհատ գործարար-բարերարների կողմից։ Այն ժամանակ էլ կային մարդիկ, ովքեր գտնում էին, թե այս հուշարձանը ենթակա չէ վերականգնման, գտնում էին, որ դրա փոխարեն պետք է կառուցել նոր եկեղեցի, սակայն պնդել ու պնդում եմ, որ այն վերականգնելը միանգամայն հնարավոր է, տեղին ու չափազանց անհրաժեշտ, քանի որ մենք գործ ունենք Հայաստանի ամենաբացառիկ, պատմամշակութային հզոր արժեք կրող հուշարձանի հետ»,-նշեց Հուսիկ Մելքոնյանը։

Ծովազարդ համայնքի նախկին ղեկավար, այժմ Գավառ համայնքի ղեկավարի օգնական Արամ Կատվալյանը եւս մեզ հետ կիսվեց իր նկատառումներով․

— Ինչպես տեսնում եք, եկեղեցում իրականացված պեղումներով բացահայտվել են պատմամշակութային շատ կարեւոր շերտեր՝ նորովի լույս սփռելով Ծովազարդի անցյալի հարուստ պատմությանը, մի իրողության, որին մենք չէինք սպասում, նույնիսկ չէինք պատկերացնում։  Գործարար, նախաձեռնող Փայլակ Հայրապետյանը նախատեսել էր մեծ միջոցներ ներդնել հուշարձանի վերականգնման համար, այլապես հնագիտական պեղումները մեր կողմից չէին պատվիրվի, շինթույլտվություն չէր տրվի՝ քանդման աշխատանքներ իրականացնելու համար։ Ցավոք, մեզնիցանկախ պատճառներով, այդքան կարեւոր ձեռնարկը մնաց կես ճանապարհին։ Հետագա տարիներին փորձել եմ տարբեր կառույցների, տեղի գործարարների, առանձին հովանավորների  միջոցով շարունակել կիսատ մնացած գործը, սակայն առայժմ այդ ջանքները հաջողությամբ չեն պսակվում,-ներկայացրեց Արամ  Կատվալյանը։

Ծովազարդի եկեղեցու հյուսիսային պատի հիմքից քիչ հյուսիս եւս մի պատի հետք է ցայտուն երեւում՝ առանց շաղախի ու մշակված բազալտե խոշոր քարերով շարված։ Առաջին հայացքից էլ պարզ է, որ այս պատը ոչ մի առնչություն չունի Ծովազարդի եկեղեցու կառուցվածքային ամբողջության հետ։ Այն արդեն մի ուրիշ կառույցի մասին է փաստում, մեկ այլ պատմամշակութային շերտի, որը դեռեւս ուսումնասիրված չէ մեր գիտական մտքի կամ կառույցների կողմից։ Բայց որ այդ հատվածի պեղման դեպքում մենք գործ կունենանք ճչացող մեկ այլ հայտնագործության  հետ, դրանում գրեթե չի կարող կասկած լինել։

-Այո, Ծովազարդի եկեղեցու շրջակայքում դեռ պատմագիտական նշանակության շատ գաղտնիքիներ կան թաղված, որոնց պեղումները կարող են տալ բազմաթիվ ու հարուստ տեղեկություններ ինչպես Ծովազարդի, այնպես էլ Սեւանի ավազանի հազարամյակների ընթացք ունեցող պատմության մասին։ Անշուշտ, եկեղեցու հյուսիսային պատից դուրս նկատված պատը մի այլ կառույցի տարր է, որը դեռ պետք է ուսումնասիրվի նոր պեղումներով, որպեսզի հաստատվի նրա ստույգ ժամանակագրությունը։ Չի բացառվում, որ այն կարող է լինել ուրարտական կամ հետուրարտական դարաշրջանի կառույցի մի մասը, որի բացահայտմամբ մենք կհարստացնենք մեր երկրի պատմությունն ու պատմամշակութային արժեքները։ Ուստի, ոչ միայն Ծովազարդի եկեղեցու վերականգնման ծրագիրն է հույժ անհրաժեշտ, այլ նաեւ այս հուշարձանի շրջակայքում պեղումների շարունակումն է շատ կարեւոր,-մեր զրույցը եզրափակեց Հուսիկ Մելքոնյանը։

Հաջի Մուխան կամ Աճամխան օտարահունչ անուննները Ծովազարդին կպցվել են 18-րդ դարի սկզբում միայն, ինչպես որ վկայում է իր գրքում Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը։ Այս բնակավայրն այդ ժամանակ դարձել է թուրք-պարսկական բանակների բախման կիզակետ, ու դժվար չէ ենթադրել, թե դրանից հետո ինչ դառը ճակատագրի է արժանացել հայ բնակչությունը, այնուհետ՝ արդեն պատմամշակութային հուշարձանները, որոնք ավերվել են անխնա ու ամենաթշնամական կերպով։

Իսկ հիմա հերթը մերն է՝ տեր կանգնելու մեր պատմամշակութային արժեքներին, դրանք վերականգնելու, հանրահռչակելու, սրբորեն պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար։

Մնում է հուսալ, որ սույն հոդվածի հրապարակմանը կհաջորդեն համապատասխան արձագանքներ պետական մարմինների, շահագրգիռ անձանց կողմից՝ տեղից շարժելով թե՛ Ծովազարդի եկեղեցու վերականգման , թե՛ պեղումների հետագա շարունակման առայժմ անավարտ մնացած նպատակներն ու ծրագրերը։

Այլապես այս արժեքավոր, հայկականության հազարամյակների շունչն ու ոգին մեզ փոխանցող հուշարձանի հիմնավեր վիճակը մեզանից յուրաքանչյուրին պատիվ չի բերում։

Խոսրով    Խլղաթյան

 

7 դիտում