Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

«մարդու հիմարությունն ու իմաստությունը վերջիվերջո միանում են իրենց․․․ մահվան մահիճում․․․»։ Լեռ Կամսար

Լեռ կամսարը հայ երգիծաբանության հզոր սյուներից մեկն է, ում անունը կարելի է անվարան դնել Հակոբ Պարոնյանի ու Երվանդ Օտյանի անմահ անունների կողքին։
Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Կամսարի անտիպ գործերից մեկը։
Գեղամա աշխարհ
****
Ըհը՛, տեսա՞ք, սիրելիներ՝ վերջապես գտա ձեր տարակուսանքների խնդրո առարկա պամֆլետը։ Թիվն էլ գրել եմ, գիրքն էլ նոր պիտի տպվի, եթե ստացվի։ Ափսոս, նախորդ սեղմագրած ստատուսը ջնջեցի, քանի որ իրար ու ինձ բանսարկում էիք։ Այս էջը պառակտման էջ չէ՝ այլ միավորվելու, խորհելու ու մի փոքր սթափվելու։ Ընդհանրապես, երգիծանքը չեն սիրում թերիները։ Իսկ ում խիղճը մաքուր է, հանգիստ վայելում է Լեռ Կամսարին․․․
*****
Չարլզ Դարվի՛ն, լսիր ինչ եմ ասում։ Ես որ ընդունում եմ քո «Մարդու ծագման» թեորիան, այդ միայն քո խաթրի համար է։ Թե չէ ես իրոք, չեմ հավատում։ Ինձ համար ընդունելին միայն այն է, որ դու մարդուն կենդանական ծագում ես տալիս։ Թե չէ ինչպե՞ս կարող է կապիկի պարտապանաց պոչը անհայտանալ մարդու վրա՝ թեկուզ անթիվ դարերի ընթացքում։
Այո՛ շատ ճիշտ ես ասում։ Մարդն էլ մի տեսակ կենդանի է, և նրա ասուն լինելը չի խանգարում, որ նա լինի նաև անասուն։
Եթե այդպես վերցնելու լինենք, այս րոպեիս, նշանակում է, աշխարհի բնակչության կեսը անասուն է, որովհետև ինչ օյին հանեն գլխին՝ չի խոսում։
Չխոսկան են ամբողջ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Չինաստանի ժողովուրդները։ Խրուշչովը կամենա կապրեցնի, չկամենա՝ կմեռցնի։ Ի նշան բողոքի այդ ժողովուրդներն անգամ կատվի նման չեմ մլավում, և շան նման աղիողորմ չեն ոռնում իրենց տիրոջ գութը շարժելու համար․․․
Դարվի՛ն, լսո՞ւմ ես։ Մարդկությունը վաղ ժամանակից աշխատել է հասու լինել մարդու, տիեզերքի ոչ միայն ծագման, այլև նրա վախճանի և նպատակի գաղտնիքին, բայց տակավին չի հասել դժբախտաբար։
Չի հասել, որովհետև հետազոտության երկու ճանապարհ է ընտրել, երկուսն էլ սխալ։
Նախ և առաջ մարդն աշխատել է առեղծվածը լուծել իր հիմարությամբ։
Ըստ այդ թեորիայի, չգիտես որտեղից, գոյություն է ունեցել մի Աստված, որն ունեցել է կերպարանք, և այնքան է հավանել իր կերպարանքը, որ միտք է հղացել բազմացնել այն, ստեղծելով Ադամին։
Ադամի համար հարմարավետ կյանք ստեղծելու համար ահագին ծախս ու չարչարանք է թափել, ստեղծելով, հատուկ նրա համար արև՝ ցերեկը լույս տալու համար, լուսին՝ գիշերը լուսավորելու։ Էլ չեմ հիշում նրան որպես սնունդ՝ բույսեր, կենդանիներ, ձկներ և այլն։
Եվ ի՞նչ։
Երբ Ադամը քաշվում է այսքան չարչարանքով շինված իր տունը, վեշչերը ցած է բերում և սկսում է դասավորել երջանիկ կյանք ստեղծելու համար՝ հանկարծ մի աննշան խնձորի համար գժտվում են իրար հետ, ու Աստված իր պատկերը կրող Ադամին դուրս է վռնդում իր տանից և հրամայում հող դառնալ։
Ոնց որ մանկապարտեզի երախան կավիճով մի «չոշ» նկարի գրատախտակի վրա, վերջն էլ թքով սրբի․․․
Իբրև հիմարություն, սա հանճարեղ թեորիա է իհարկե, բայց էլի բազմաթիվ բաներ մութն են մնում։ Օրինակ։ Երբ Աստված իսպառ հրաժարվեց Ադամից, նրան ընդմիշտ դուրս գցեց իր «ծննդավայրից», հետո ինչպե՞ս պատահեց, որ էլի բարեկամացավ հետը, Աբրահամին խոստացավ նրա սերունդը բազմացնել ծովի ավազի, երկնից աստղերի չափ, ու ամենից զարմանալին՝ կամեցավ մեռնելուց հետո տանել արքայություն հավիտյանս ապրելու համար։
Եվ ինչո՞ւ համար միայն հոգին․ ինչ էր արել խեղճ մարմինը, որ այսպես անխիղճ կերպով բաժանում էր հոգուց ու հողի տակ թաղում։ Չէ՞ որ մարմինը միայն հոգու թելադրանքն է կատարում, ու եթե մի հանցանք էլ գործել է, այդ հոգին է արել։
Նշանակում է հանցավոր հոգին վարձատրվում է հավիտենական կյանքով, իսկ անմեղ մարմինը ոչնչանում է։
Սա խոմ բոլշևիկյան մեթոդ է։ Նրանք էլ ոճրագործներին դրին իշխանության գլուխ, իսկ անմեղներին գնդակահարեցին․․․
Աստված, եթե իր գործունեությունը արդարացնելու համար դատարան ընկներ, դատավորը զիգզագ հարցեր տալով մեկ առ մեկ կբռներ նրա բոլոր ստերը։
-Քաղաքացի՛ Աստված, — կասեր, — քո առաջին ցուցմունքում դու ասում ես, որ եղել ես տիեզերքում միակ կենդանի արարածը․ հապա հանկարծ դրախտում որտեղի՞ց բուսավ սատանան օձի կերպարանքով՝ Եվային խաբելու համար․․․
Այդ չի՞ նշանակում, արդյոք, որ առաջ ոչ թե դու ես եղել՝ այլ սատանան։
Եվ ի՞նչ տվյալներ կարող ես ներկայացնել ապացուցելու համար, որ սատանան չի քեզ ստեղծել․․․
Այսքանով բավականանանք մարդկային հիմարությամբ ձեռք բերված տիեզերքի այս բացատրությամբ ու դառնանք լսելու, թե ի՞նչ է այսում այս մասին մարդկային իմաստությունը։
Առաջուց ասեմ, որ նույն բանը՝ ինչ հիմարությունը։
Դարվի՛ն, սկսում եմ քո թեորիայից։
Մի րոպե թույլ տանք մեզ կարծելու, որ կապիկները թույլ են տվել քեզ, իրենցից մարդ ստեղծելու, իրենց տակը ծալելով անչափ երկար իրենց պոչը։
Ես հասկանում եմ քեզ։ Դու որպեսզի Աստծուց չստեղծվես՝ գնացել կապիկին ես ապավինել։
Բայց դու ինչքան փախել ես Աստծուց՝ այնքան մոտեցել ես նրան, որովհետև երևի չես իմացել, որ աշխարհը կլոր է։ Երբ դու քո թեորիայով ներկայիս գոյություն ունեցող բազմատեսակ կենդանիներին սերել ես տալիս կենդանական մի քանի նախնական տեսակներից՝ դու դրանով ուղիղ գնում ես դեպի քո ժխտած Աստվածը։ Որովհետև ի վերջո պիտի հանգես միակ մի գոյության, իսկ այդ մեկը ոչ այլ ոք է, եթե ոչ Աստված։
Դրա համար հարկավոր է Աստվածաշնչի մի թեթև խմբագրական փոփոխություն միայն։
Փոխանակ ասելու՝ «Ի սկզբանէ էր Բանն և Բանն էր Աստված», պիտի ասենք՝ «Ի սկզբանէ էր Բանն ու Բանն էր․․․ կապիկ»․․․
Հապա՛։ Երբ մեկն այսպիսի լուրջ խնդրում առաջնորդվում է զգացմունքով և ոչ խելքով, այսպիսի աբսուրդների է հանդիպում։
Դու թշնամի ես Աստծուն, չես ուզում նրանից ստեղծվել, ես հասկանում եմ այդ։ Բայց մի՞թե դա իրավունք է տալիս իջնել մինչև կապիկի աստիճան և նրանից ստեղծվել։
Կամ անհրաժե՞շտ է, որ մարդ անպայման մի բանից ստեղծված լինի։
Բոլորովին էլ ոչ։ Ես համբերությամբ կսպասեմ, մի հարմար արարած գտա՝ նրանից կստեղծվեմ․ չգտա՝ բնավ էլ չեմ ստեղծվի։
Այս բոլորից չի՞ հետևում այն, որ հիմարությունը և իմաստությունը, որպես թե տարբեր ուղիներով ընթացող մարդկային պրպտումներ, վերջիվերջո Եփրատ ու Տիգրիս գետերի նման միանալով թափվում են նույն անգիտության ծովը․․․
——
Դարվի՛ն, բերնեբերան խոսում են, որպես թե դու մահվանդ անկողնում ընդունել ես Աստծու գոյությունը։
Եթե ճիշտ է լսածս, ուրեմն, ճիշտ է նաև ասածս, թե մարդու հիմարությունն ու իմաստությունը վերջիվերջո միանում են իրենց․․․ մահվան մահիճում․․․
Լեռ Կամսար, 1962թ․, անտիպ
Վանուհի Թովմասյանի գրական էջից
10 դիտում