Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՍԱԼՈՅԻ ՎԱՆՔՆ ՈՒ ԱԳԱՐԱԿ ԳՅՈՒՂԱՏԵՂԻՆ

Արարատի ծեր կատարին
Դար է եկել վայրկյանի պես
Ու անցել․․․
Ավետիք Իսահակյան
      
Սալոյի վանքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական տարածքում, Արծվաքար թաղամասից 4 կիլոմետր հեռու, հյուսիսարեւելյան հատվածում, Սևանա լճի արեւմտյան ափին շատ մոտիկ բարձունքի վրա, Սեւան-Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղու հարեւանությամբ։ Բարձունքն այնքան ուղղահայաց է ու ժայռապատ, որ սովարական աչքով դժվար է զանազանել փոքրիկ եկեղեցու գոյությունը այլ շինությունից, իսկ եկեղեցուց արեւմուտք, հյուսիս ու հարավ փռված բնակատեղիի ավերակներն առհասարակ քողարկված են մայրուղով անցնող ուղեւորների տեսադաշտից։
Ագարակ կոչված հնավայրի ու Սալոյի վանքի բարձունքից, ինչպես ափիդ մեջ, երեւում է Սևանա լճի գրեթե ողջ հայելին, լիճը գոտեւորող լեռնաշթաները՝ հարավից, արեւելքից, արեւմուտքից ու հյուսիսից, նաեւ՝ հնավայր բերող ճանապարհները, որոնք այստեղ են հատվել բոլոր կողմերից։
Ու այս վայրը ոչ միայն կարելի է կոչել «Թանգարան՝ բաց երկնքի տակ», այլ նաեւ բացառիկ ու գաղտնախորհուրդ հնավայր, որտեղ հազարամյակներ շարունակ եռացել ու հոսել է մարդկային կյանքը՝ ընդհատվելով միայն 18-րդ դարի սկզբներին, երբ հայության վերջին բեկորները Սևանի հայկական սրբազան ավազանից հալածվել ու բռնի տեղահանվել են մահմեդական ցեղերի աշխարհավեր ու չընդմիջվող արշավանքների արդյունքում։
Սալոյի վանքը՝ սրբատաշ քարերով շինված մի փոքրիկ շինություն, գտնվում է Ագարակ կոչվող գյուղատեղիի արեւելյան եզրին, բարձունքի կատարին։ Մուտքը բացվում է արեւմտյան կողմից։ Եկեղեցու մուտքի մոտ կան մի քանի հղկված ու մեծ տապանաքարեր, իսկ ձախ ու աջ կողմերում, պատվանդանների վրա և կողք-կողքի, կանգնած են գեղաքանդակ ութ խաչքարեր։ Սալոյի վանքից քիչ հեռու, դեպի հարավ-արևմուտք, նկատելի են կիսավեր եկեղեցու պատերը եւ մի քանի խաչքարեր։ Տապանաքարերի ու խաչքարերի նկատելի քանակություն կա բնակավայրի հարավային թեւում, որոնք թվագրվում են 13-18-րդ դարերով։ Իսկ գրեթե շրջանաձեւ տարածվող բնակավայրի ավերակներում, մի քանի հեկտար տարածքի վրա նկատելի են բնակարանների պատեր, հնագույն դամբարանների կամ կրոմլեխների, նույնիսկ՝ ճանապարհների հետքեր։
Մեր այցելության ժամանակ «Աժդահակ Տուր»-ի ղեկավար Թաթուլ Տոնոյանը հողի շերտի վերգետնյա մասում խեցեղեն գտավ, որը եւս մեկ համոզիչ փաստ է առ այն, որ այս հնավայրը գործել է հազարամյակներ առաջ՝ վաղ բրոնզեդարյան շրջանից սկսած։
Ագարակ կամ Արծվաքարի դոլակներ կոչվող հնավայրի եւ Սալոյի վանքի մասին առաջին վկայությունը մեր պատմագրության մեջ թողել է Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը՝ երկրորդը՝ Երվանդ Լալայանը, երրորդը՝ Սեդրակ Բարխուդարյանը։
Ագարակ կոչվող հնավայրի հարավային բարունքի վրա փռված է Ղումլուխի վաղբրոնզեդարյան ամրոցը, որի մասին իր «Սեւանի ավազանի կիկլոպյան ամրոցները» աշխատության մեջ վկայություն է թողել անվանի հնագետ Գեդեոն Միքայելյանը։
«Ղումլուխի ամրոցն, ըստ վայրի տեղադրության, ունի ձվաձեւ տեսք եւ զբաղեցնում է շուրջ մեկուկես հեկտար տարածություն։ Ամրոցի մակերեսը շատ քարքարոտ է, երեւում են բազմաթիվ բնակարանների պատերի հիմքեր, որոնց կառուցման տեխնիկան նույնն է, ինչ պարիսպներինն է։ Ամրոցի պարիսպները ձգվում են բարձունքի հյուսիսից դեպի արեւմուտք եւ ապա հարավ։ Չի պաշտպանված ամրոցի արեւելյան կողմը, քանի որ այդ մասում բարձունքն ունի խիստ թեք, քարքարոտ ու անմատչելի լանջ։
Ամրոցի պարիսպները, ի տարբերություն այլ պարիսպների շարի, իրենց դյուրամատչելի տեղերում եռաշար են, մեծ ու անտաշ քարերով, որոնց մեջ լցված են մանր քարեր ու խիճ։ Այսպես պարիսպն ավելի կուռ ու անխորտակ է դառնում։
Ամրոցն ունեցել է ութ քարաբուրգ, 5×5 մետր մեծության, որոնցից երկուսը եղել են մուտքի աջ ու ձախ կողմերում, մեկը՝ պարսպի հյուսիսային վերջավորության վրա, մյուսը՝ հարավային ծայրում, մնացած երեքը՝ հավասար հեռավորության վրա, արեւմտյան մասում։ Ինչպես վերեւում ասվեց, ամրոցի արեւմտյան մասը դյուրմատչելի է, ուստի պատահական չէ, որ որ աշտարակները գտնվում են այդ մասում։ Մուտքը հյուսիս արեւմտյան կողմից է, եւ այդտեղից դուրս եկող ճանապարհը հյուսիսարեւմտյան եզրով պարսպապատված է, ինչպես այլ ամրոցների մուտքերին մոտեցող ճանապարհները։
Ինչպես ամրոցի ներսում, այնպես էլ ամրոցից դուրս կան բազմաթիվ դամբարաններ, որոնք իրենց արտաքին տեսքով չեն տարբերվում Լճաշենի շրջակայքի եւ այլ բոլորաձեւ ու խոշոր քարերով ծածկված դամբարաններից։ Դրանց առկայությունը ամրոցի ներսում ենթադրել է տալիս, որ մինչեւ ամրոցի կառուցումն այստեղ եղել է մի ընդարձակ դամբարանադաշտ։ Այս ենթադրությունը նաեւ հիմնավորվում է նրանով, որ հավաքած խեցեղենը մեծամասամբ ունի սեւ փայլեցված գույն, ծածկված է զարդանկարներով, որոնք, հավանաբար, պատկանում են վաղ բրոնզեդարյան մշակույթին։ Սակայն չի բացառվում, որ դամբարանները կարող են լինել ավելի ուշ դարաշրջաններում թվագրվող»,-վկայում է Գեդեոն Միքայելյանը։
Սալոյի վանքից շուրջ 1 կիլոմետր դեպի արեւմուտք տարածվում են Ղազարի ձոր կոչվող բնակավայրի ավերակները, իսկ նրան մոտիկ, նույն Սալոյի վանքի հյուսիսային ուղղությամբ, դարձյալ մոտ 1 կամ 2 կիլոմետր հեռավորությամբ նկատելի են մեկ այլ ամրոցի պարիսպների հետքեր, որոնք կարիք ունեն հետազոտության , հիմնավորման ու քարտեզագրման, քանի որ այս տեղանքն առայժմ չի ընդգրկված հուշարձանների պահպանության պետական ցանկում ու չի հիշատակված մեր հնագետների աշխատություններում։
Այսքանով կարելի է եզրակացնել, որ Ագարակ կոչվող բնակատեղին չորս կողմից շրջապատված է եղել անառիկ բերդ-ամրոցներով ու պարիսպներով, որոնք իշխող դիրք են գրավել մերձակա տարածքների ու ճանապարհների վրա։ Միաժամանակ այս ամրոցները եւ բնակատեղիները արեւելյան, հարավային ու հյուսիսային կողմերից պատնեշել են Վելիքուխի երկրի մայրաքաղաքը թշնամական հարձակումներից։
Տարածքն այժմ լիովին զուրկ է ջրաղբյուրներից, սակայն դրանց գոյությունը չէր կարող բացառվել շատ ավելի հեռավոր ժամանակներում։ Չի կարող բացառվել եւ այն, որ թվարկված բնակատեղիներն ու բերդերը սնուցված լինեին ավելի հեռվից լեռնային տեղանքներով բերված ջրանցքներից կամ ջրատարներից։
Իսկ ջրի հիմնական աղբյուրը կարող էր հանդիսանալ հենց Սեւանա լիճը, որի մակարդակը ժամանակ առ ժամանակ բարձրացել ու հասել է Սալոյի վանքի արեւելյան եզրի ժայռերի ստորոտին, ու բնակիչները խմելու ջուրը վերցրել են հենց լճից, խաղաղ օրերին՝ ժայռեղեն արահետով, պաշարված վիճակում՝ գաղտնի գետնուղու կամ գետնուղիների միջոցով։
Թե՛ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը, թե՛ Երվանդ Լալայանն ու Սեդրակ Բարխուդարյանը Մանուչարի դաշտ կոչված տարածքում, Նորատուսից մինչեւ Մարտունու վարչական սահման ձգվող ճանապարհին նշում են չորս ավերակ բնակատեղի, որոնցից մեկը կոչվում է Ագարակ, որի արեւելյան եզրին եւ մինչ օրս կանգուն է մնում Սալոյի վանքը։ Երվանդ Լալայանի վկայությամբ՝ այստեղ պահպանվել են մեկ եկեղեցու, յոթ ձիթհանքի և բավականաչափ տների հետքեր։ Սակայն այս բնակավայրի, վանքի ու պահպանված վիմագրերի պատմությանն առավել մանրամասն անդրադարձել է Սեդրակ Բարխուդարյանը։
«Գավառագետի հովտից անմիջապես դեպի հարավ, մինչեւ Մարտունու շրջանի Երանոս գյուղը, բռնում է մի ընդարձակ լեռնադաշտ, որի մեջ տեղ-տեղ բարձրանում են բլուրներ եւ նախնադարյան դամբարաններ։ Լեռնադաշտը միանգամայն զուրկ է խմելու ջրից, բայց ունի արգավանդ հողեր, որոնք Գավառագետի աջ ափին գտնվող գյուղերի արոտավայրերն ու ցանքսերն են։ Ներկայումս այդ դաշտերում շեն գյուղեր չկան, բայց հնում եղել են չորսը՝ բոլորն էլ տեղավորված լճի ափին։ Այս չորս գյուղատեղերում կան բազմաթիվ տների, եկեղեցիների եւ մատուռների ավերակներ, ինչպես եւ ձիթհանների ավերակներ եւ գերեզմաններ։ Գյուղատեղերից երեքի մեջ կան կան նաեւ արձանագրություններ։ Դրանցից մեկը Արծվաքարի դոլակներ կոչվող վայրն է, որը գտնվում է Արծվաքար գյուղից մոտ չորս կիլոմետր հեռու, լճի պատնեշանման ափի գլխին, մի նստվածքի մեջ։ Այստեղ կանգնած են սրբատաշ քարերով շինված մի փոքրիկ եկեղեցի, որը կոչվում է Սալոյի վանք՝ 1231 թվականին կառուցված, մի ավելի մեծ եւ թաղածածկ եկեղեցու հիմնապատերը, մի քանի ձիթհանքի եւ բազմաթիվ տների ավերակները։ Գյուղատեղիի արեւելյան եզրին է գերեզմանատունը։ Արձանագրության մեջ վայրը կոչվում է Ագարակ, թեեւ սկզբնապես այդպիսին է եղել, բայց մեծ եկեղեցու մնացորդներն ապացույց են, որ այն մեծ գյուղ է դարձել հետագայում»,-վկայում է Բարխուդարյանը։
Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության կողմից տրամադրված տեղեկության՝ այստեղ պետական պահպանության ցանկում են 13-18-րդ դարերի գերեզմանոց՝ 36 խաչքարերով ու բազմաթիվ տապանաքարերով, որոնցից ութը գտնվում են Սալոյի վանքի մուտքի ձախ ու աջ կողմերում, որոնք թվագրվում են 13, 14, 15, 16,17-րդ դարերով։ Հարավային կողմում գտնվող գերեզմանոցի խաչքարերը թվագրվում են 13-18-րդ դարերով։
Սալոյի վանքի արեւելյան պատին արձանագրված է․ «Ի թուականութեանս Հայոց ՈՁ/ 1231/ յիշխանութեան Իւանէի եւ Աւագի, ես, Մինայս, գնեցի զագարակս եւ շինեցի զեկեղեցիս․ ես եւ Սագդուխտ ամուսին իմ, յիշատակ մեզ եւ ծնողաց մերոց։ Զատկին երկու աւր ժամ ։Ա։Ինային ։Ա։ Սանդուխտոյ առնեն անխափան․ կատարողն օրհնած է»։
Բարխուդարյանի վկայությամբ՝ Սմբատյանցը Սագդուխտ անունը սխալմամբ կարդացել է Մագսուտ, ումից նույնությամբ մեջբերել է Երվանդ Լալայանը։
Եկեղեցու արեւմտյան պատի հյուսիսային մասում արտաքուստ մի երեսպատ քարի վրա կան չորս խորաններ՝ խաչերով, որոնց գլխին ուռուցիկ տառերով գրված է․ «Սուրբ խաչս բարեխոս հոգվոյն Սարգիսին»։ Հարավային մասում՝ « Ես, Յուսէպս․․․»։ Եկեղեցու մուտքի առաջ կա մի տապանաքար, որի վրա գրված է․ «Տապանս Պայիս/ե ։Բ։ աղբարք ։Ա։ աւր մեռայք․ Յիշեցեք ի Քրիստոս։
Մեծ եւ գեղաքանդակ խաչքար՝ հետեւյալ գրությամբ՝ «Կանկնեցի խաչս ի փրկություն հոգւոյ Գուհարին․ Յիշեղեք ի Քրիստոս․ Ես Գրիգոր, կանկնեցի խաչս ընծայ ծնողաց իմոց։ Մկրտիչ» /Հավանաբար կազմողի անունն է/։
Սալոյի վանքի հարավային եզրին գտնվող գերեզմանատան վերծանված արձանագրությունները հետեւյալն են․
1․ Տապանաքար, օրորոցաձեւ, հյուսիսային երեսին կենցաղային տեսարան, միջին շրջանակին՝ 1 տող․ «Այս է հանգիստ Մելիքին, Յիշատակ․ փոխվեցաւ ի Քրիստոս թ․ ՋՁԵ /1536/
2 Խաչքար, գեղաքանդակ, կրկնախորան, քիվին եւ շրջանակներին 4 տող․ «Սուրբ խաչս բարեխոս Վարդումին եւ Հող․․․ացին Մարիամին․ Քիրամ կազմող։ Թվ․ ՌԾԴ/ 1605/։
3․ Խաչքար, գեղաքանդակ, ջարդոտված, քիվին եւ խորանի շուրջը՝ «Սուրբ խաչս բարեխոս Սարգիսին․ Թվ․ ՌԾԱ /1602/։ Ոճը Քիրամ կազմողին է։
4․ Խաչքար, գեղաքանդակ, կոտրված 2 մասի, քիվին 1 տողի մնացորդ․ «Սուրբ խաչս բարեխոս Աղամին եւ ծնողաց։ Քիրամ կազմող։
5․ Խաչքար, փոքր, քիվին 1 տող․ «Աստված ողորմի Եղումին»։
6․ Խաչքար, փոքր, 1 տող․ «Սուրբ խաչս բարեխոս Ալթանա
7․ Խոյ-տապանաքար, զարդաքանդակներով, գլուխը՝ կոտրված-անհետացած․ «Այս է հանգիստ Դանիելիս»։
Ըստ Բարխուդարյանի՝ իր կողմից կատարված ուսումնասիրությունների ընթացքում այս հնավայրից անհետացել են արձանագրություններ, որոնք ժամանակին վավերագրվել են Սմբատյանցի կողմից։ Դրանք եղել են երկու խաչքարերի եւ մեկ տապանաքարի վրա։
1․ «Ես, Քիշմիրս, կանգնեցի Սուրբ խաչս Գեոկչուին․ թվ․ ՌՃԾ /1701/։
2․ «Այս է հանգիստ Սահակին․ թվ․ ՌՃԾԴ /1705/․ Ես, Ավանես կազմեցի․ ես Սարուխան կանգնեցի, Չախրախանս կազմել տվի։
3 Մի խաչքարի վրա էլ միայն պահպանված է եղել թվականը՝ ԶՁԱ /1532/ ։
Տապանաքարերից մեկի վրա կա կենցաղային տեսարան՝ տղամարդու հստակ պատկերով,երաժշտական գործիքը ձեռքին, գլխավերեւում՝ աղավնին, դիմացը՝ եղջերուն։ Մի ջարդված տապանաքարի վրա էլ պատկերված է տղամարդ՝ ձեռքերը կրծքին խաչաձեւ դրած։
Մամռակալված վիճակում անգամ իրենց շքեղությամբ, զարդանախշերի բազմազանությամբ, մտահղացումների բացառիկությամբ փայլում են բոլոր վիմագրված կամ անվիմագիր խաչքարերը՝ վկայելով հայկականության հավերժական երթի մասին։
Սովորական աչքով էլ նկատելի է, որ տարածքում ակտիվորեն աշխատել են գանձագողերը, քանի որ գերեզմանոցի քարերի տակ երեւում են փորվածքների հետքեր, որոշ տապանաքար-խաչքարեր շուռումուռ են տրվել։ Շատ գերեզմանաքերեր կամ հնագիտական այլ արժեքներ էլ պարզապես ժամանակի ընթացքում ծածկվել են հողի հաստ շերտով։
Բնական է, որ այստեղ հնագիտական պեղումներ իրականացնելու հսկայական ճակատ կա, բազմաշերտ հուշարձանի դարավոր գաղտնիքները բացահայտելու, հնագիտության ու հայագիտության մեջ նոր ուղղումներ մտցնելու անհրաժեշտություն։
Խոսրով Խլղաթյան

12 դիտում