
Անողոք ու վաղաժամ մահը մեզանից խլեց Հայոց հայրենիքի կրթության զարգացմանը զինվորագրված նվիրյալներից մեկին՝ մանկավարժական ու դպրոցի կառավարման ոլորտներում նշանակալի ճանապարհ անցած ու ձեռքբերումներ ապահոված Նելլի Վազգենի Հակոբյանին, ով դեռ հսկայական անելիքներ ու նպատակներ ուներ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության սուրբ գործում։
Նելլի Հակոբյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 3-ին, ՀԽՍՀ Կամոյի շրջանի Գեղարքունիք գյուղում։ 1996 թվականին գերազանցությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Նույն տարում ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մաթեմատիկայի» բաժին։ Բարձր առաջադիմությամբ ավարտել է բուհը 2001 թվականին։
Նույն թվականից նա իր մասնագիտական գործունեությունը սկսել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ՝ մինչեւ 2015 թվականը։
2015–2020 թվականներին աշխատել է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ և մաթեմատիկայի ուսուցիչ, 2020–2025 թվականներին՝ արդեն դպրոցի տնօրեն,
2023 թվականից՝ Մենթոր դպրոցի տնօրեն։
Բազմազան ու բազմաբովանդակ վերապատրաստումների ու մասնագիտական զարգացումների, ինչպես նաեւ անսահման նվիրման ու ջանադիր աշխատանքի շնորհիվ Նելլի Հակոբյանը տարածաշրջանում ճանաչվել է որպես նվիրված և նախաձեռնող ղեկավար, հմուտ ու փորձառու մանկավարժ։
Նա մասնակցել և հաջողությամբ ավարտել է մի շարք ծրագրեր ու դասընթացներ, որոնք են՝ «Համակարգչային գործավարություն», «Ֆինանսական կրթության ինտեգրում մաթեմատիկայի մեջ», «Դպրոցի փաստաթղթաշրջանառություն», «Գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումներ», «Մաթեմատիկան որպես աշակերտի զարգացման միջոց», «52-ժամյա վերապատրաստում՝ հանրակրթական ուսուցիչների հմտությունների զարգացման շրջանակում», «Ներառական կրթություն», «Տնօրենների վերապատրաստումներ», «Առավել որակյալ ուսուցում» սեմինարները կամ դասընթացները։ Մասնակցել է նաեւ ԵՊՄՀ կիրառական տնտեսագիտության երկամյա դասընթացներին։
Իր մասնագիտական նվաճումների համար արժանացել է մի շարք հավաստագրերի, շնորհակալագրերի և մրցանակների, որոնց մեջ ներառված են՝ Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրերը՝ տրված 2014, 2019, 2024 թվականներին։ Հաղթող է ճանաչվել «Լավագույն տնօրեն»՝ 2024 թ. «Ամսվա լավագույններ» մրցույթում։ «Լավագույն տնօրենի» կոչման է արժանացել ԿԶՆԱԿ-ի կողմից 2023 թվականին հայտարարված մրցույթում։ Մենթոր տնօրենի կարգավիճակ է ձեռք բերել 2023 թվականին։ «Լավագույն ուսուցիչ» մրցույթի մասնակցել է 2021 թվականին
Արժանացել է ՀԱԱՀ, ԿԶՆԱԿ, «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ» և այլ կառույցների շնորհակալագրերին։
Տարիների ընթացքում նա մշտապես հանդես է եկել նախաձեռնություններով, աջակցել է համայնքային կրթական ծրագրերին, խրախուսել ուսումնա-հետազոտական խմբերի գործունեությունը և նպաստել դպրոցի կրթական միջավայրի զարգացմանը։
Նրա ղեկավարման տարիներին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցը հանրաճանաչ դարձավ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլ նաեւ՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ համագործակցելով պետական ու միջազգային տարբեր կառույցների, ինչպես նաեւ՝ այլ մարզերի դպրոցների հետ։ Իրականացված մի շարք ծրագրերի շնորհիվ դպրոցում հիմնվել է ջերմոցային տնտեսություն, հիմանորոգվել ու վերազինվել է դպրոցի գրադարանը, կահավորվել եւ վերազինվել են ֆիզիկայի եւ քիմիայի լաբորատորիաները։
Նելլի Հակոբյանը ստեղծել է հրաշալի ու ներդաշնակ ընտանիք, որտեղ սրբացված է կրթությունը, ազգային ու համամարդկային արժեքները, աշխատասիրությունը, մարդասիրությունն ու հայրենասիրությունը։ Նա նաեւ սիրող կին ու հոգատար ծնող էր՝ իր երեք զավակների մեջ ներարկելով անսահման սերն ուսման հանդեպ։ Պատահական չէ, որ նրա երեք զավակներն այս պահին սովորում են Հայաստանի Հանրապետության տարբեր բուհերում։ Իսկ նրանցից ավագը՝ Լուսինե Գրիգորյանը, Ոսկե մեդալով ավարտեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցը։
Շատ դժվար է հավատալ, որ այլեւս մեր կողքին չէ մեր շատ սիրելի, միշտ եռանդուն, նախաձեռնող, կենսուրախ գործընկերն ու բարեկամը, ղեկավարն ու մարդամոտ, հարազատ ընկերը, ով արդեն հավերժ ներկա է մնալու ապրողներիս սրտերում։ Իսկ նրա թողած անունն ու գործը հավետ կապրեն գալիք ժամանակներում։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց
«Գեղամա աշխարհ» թերթի խմբագրություն