Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹՅԱՆ․ ԱՍՏՂԱԾՆՈՒՆԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Նվիրում եմ Արցախյան գոյամարտի սրբացած հերոս հայորդիներին
Աշխարհի ցավոտ հոգին է լալիս
Իմ սարսափահար աչքերի խորքից,
Արցունքներ հեղում արնոտված հողիս,
Հատ-հատ տապանում զոհերին անբիծ։
Իմ սարսափահար աչքերի խորքից
Արտացոլվում է խոշտանգված երազ,
Ջնջված հայրենիք` վեհ, ազատաբաղձ,
Մի եդեմական, ծաղկաբույր պարտեզ։
Արցունք է հեղվում արնոտված հողիս,
Եղերաբոթի, գեհենի հովտից,
Ճիվաղն է անցնում` մարմնով բոցակեզ,
Կյանքն է մոխրանում հրե նողկանքից։
Մտոք տապանված զոհերը անբիծ`
Անմեղ նահատակ կամ անպարտ հերոս,
Փայլատակում են հեռու աստղերից,
Բանակվում որպես ահեղ Նեմեսիս…
Փայլատակում են հեռու աստղերից,
Հայրենի կանչով լույս աշխարհ գալիս,
Որքան էլ հատեն մեզ մեր արմատից
Զարմերը Բելի` արնապիղծ, տհաս։
27․03․ 2025 թ․
23 դիտում