Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Վահան Տերյանի ծննդյան 140-րդ տարեդարձին նվիրված միջոցառում  

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի  Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվել է   հայ մեծ քնարերգու  Վահան Տերյանի ծննդյան 140-րդ ամյակին։ Ինչպես  տեղեկացրեց Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Նիկողոսյանը, միջոցառման նպատակն էր՝ ընդգծել Վահան Տերյանի գրական ժառանգության անանց արժեքը, ներկայացնել նրա մարդկային կերպարը, ստեղծագործական աշխարհը և երիտասարդ սերնդին մոտեցնել քնարական բանաստեղծության նրբությունը։

Միջոցառումը  կազմակերպել են  հայոց լեզվի և  գրականության    ուսուցիչներ Ռուզան  Սաղաթելյանը և Մարիամ Դավթյանը, ովքեր մեծ սիրով և պատասխանատվությամբ են  պատրաստել 8-9-րդ դասարանի սովորողների ելույթները։ Սովորողները ներկայացրել են   Տերյանի կյանքի և  գրական գործունեության  հետաքրքիր դրվագներ,  ընթերցել   նրա  բանաստեղծությունները, արտասանել  սիրելի հատվածներ «Մթնշաղի անուրջներից» ու «Երկիր Նաիրիից»։ Բեմականացված փոքր հատվածները, երաժշտական ներածությունները և աշակերտների զգացված կատարումները միջոցառումը դարձրել են  առանձնապես տպավորիչ։

-Միջոցառումը դարձավ իրական գրական տոն՝ լի տերյանական քնարերգությամբ, գեղեցիկ խոսքով ու ջերմությամբ։ Այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ դպրոցում սերունդ ձևավորելու գործում գրականության դերը անփոխարինելի է, իսկ մեծ գրողի ստեղծած հոգևոր մշակույթը շարունակում է ապրել նոր սերնդի սրտերում: Ուսուցիչները կարողացան աշակերտների մեջ արթնացնել ոչ միայն հետաքրքրություն, այլև հուզում՝ տերյանական խոհերի ու մեղմ զգացմունքների հանդեպ,-ներկայացրեց Աննա Նիկողոսյանը։

Գեղամա աշխարհ

18 դիտում