
Անցած շաբաթ օրը ՀՀ Գեղարքունիքի մարզը ակտիվ մասնակցություն է ունեցել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվող «Մշակութային վերածնունդ»․ «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնի 15 ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Գեղարքունիքի մարզի պատվիրակության կազմում ընդգրկվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, կրթամշակութային հաստատությունների, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, երաժիշտներ և պարային խմբեր։
Ցերեկույթի ընթացքում Գեղարքունիքի մարզի մշակութային ներուժը ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը։
«Տուրիզմը միավորում է մշակույթներ» խորագրով փառատոնի ընթացքում ցուցադրվել են Գեղարքունիքի մարզի Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցի, Սևանի մշակութային կենտրոնի, Մարտունու արվեստի դպրոցի շնորհալի սաների ձեռքի աշխատանքները, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը ներկայացրել է թանգարանային տարբեր ցուցանմուշներ, Գավառի տարածաշրջանին բնորոշ թխվածքներ։
Փառատոնի ընթացքում անցկացվել են նաև վարպետաց դասեր, կազմակերպվել է հյուրասիրություն։
Գեղարքունիքի մարզից երաժշտական և պարային կատարումներով հանդես են եկել Սևանի «ԳԱՄՄԱ» բենդի երգիչ Գուրգեն Մկրտումյանը, Սևանի մշակութային կենտրոնի «Սևան» ժողովրդական պարերի համույթը, մասնակիցները հանդես են եկել միասնական շուրջպարով։
«Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնի ավարտին մասնակիցները փառատոնի մասնակցությունը գնահատող հանձնաժողովի կողմից խրախուսվել են հավաստագրերով։
Գեղամա աշխարհ