Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՊԱՊԻՍ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Ի՞նչ ուներ պապս կյանքում իր շվար՝

Մի փոքրիկ բոստան, մի հյուղ հողաշեն,

Երդիկի ներքո՝ կավաշեն թոնիր,

Որից աթարի բոցն էր միշտ ելնում,

Ծխալով գնում հեռու եթերներ․․․

Տանը ուղիղ կից մի անասնագոմ՝

Մեջը հավուճիվ, տավար ու ոչխար․․․

Գոմի անկյունում՝ բահն ու գերանդին,

Փոցխ ու մանգաղը, եղանը երկար,

Խոտի խուրձ  քաշող սուր, կեռ բանոքին,

Խրձի ջով մանող կեմարը կեռծայր,

Թիակը, որով ձյուն էին մաքրում

Հողե տանիքց, տան ճամփից անդուր,

Կամ փայեն, թրիք բեռնում սայլակին,

Դուրս կրում գոմից՝ պասմա թափելու․․․

 

Հողե հատակով ամբողջ տան ներսում

Կար ալյուրի ու ցորենի ամբար,

Փայտյա հինգը թախտ՝ վրան էլ քեչան,

Թոնրի կողքերին՝ հնամաշ խսիր,

Մի քանի աթոռ, կարմրաներկ սեղան,

Կավե, պղնձե կանթով ամաններ,

Թոնիրը ծածկող հնաշեն քուրսին,

Բրդյա տեղաշոր, բմբուլե բարձեր՝

Կիտված թախտերին, մահճակալներին․․․

Լավաշ թխելու գրտնակ էլ ուներ

Եվ  լայն ռափադա, սերզտիչ ձեռքի,

Ուռի շիվերից գործված սալաներ,

Պես-պես կողովներ՝ շարված մառանում․․․

Մարտից տուն բերած մի փամփշտակալ,

Որ մի առանձին սիրով էր պահում։

Հապա երկանքը, որ զօրուգիշեր

Օջախի համար ձավար էր աղում․․․

 

Իսկ ի՞նչ կար դրսում՝ մեր տան շուրջբոլոր․

Ցանի ամրոցը՝  կպած հաստ պատին,

Եվ խոտի դեզը՝ կլոր ու բարձր․․․

Բոստանի լանքով, երկայնքով կանգուն

Մի ծառաստան էր պտղում սիրավառ՝

Սնել-պահելով մի ողջ գերդաստան,

Մեզ պարգեւելով տանձ, խնձոր, սալոր․․․

 

Իր հարկի ներքո քսան շունչ ուներ,

Ճիշտ այդքան ուտել ցանկացող բերան՝

Իմ բազմաչարչար պապը ալեհեր՝

Ողջ կյանքը ապրած հոտաղ-շինական։

Յոթ գոմշի ուժի բանող ձեռք ուներ,

Անդուլ ճգնելու խենթ համառություն,

Գիշեր ու ցերեկ նա հանգիստ չուներ՝

Հոգին նվիրած թափին արարման։

Տառապանքի մեջ՝ անվերջ, անդադար,

Չար ու չարքով լի, հոգսաշատ կյանքում

Անսահմանորեն բարի սիրտ ուներ,

Ցասման մեջ անգամ՝ կայտառ խնդություն։

 

Բանում էր, մինչեւ խավարը իջներ

Հանդին, բոստանին, հող ու երկնքին,

Իսկ հետո օրվա հեքիաթը պատմեր

Ժիր ու ժպտերես, սիրուն թոռներին։

Նա շունչ էր տալիս հողիս տառապյալ,

Աշխարհի հոգսն էր առել ուսերին,

Ու մերկ ձեռքերով, հոգով նվիրյալ

Իր նոր հայրենի աշխարհն էր կերտում․․․

Եվ երբ իր վերջին շնչին էր հասել,

Գամվել նենգ մահվան կլանող մահճին,

Կամեցավ ձյունոտ լեռները չափել,

Հողը հայրենի դնել իր սրտին։

Ձմռան պաղ ու ցուրտ, արեւ ցերեկ էր․․․․

Հոգեվարքի մեջ պապիս դուրս տարան։

Հայացքը հառեց անհուն հեռուներ՝

Պայծառ երկնքին, լեռնաստաններին։

Նայեց կարոտով, բաղձանքով հզոր,

Ձեռքով  հասկացրեց՝ իրեն ներս տանեն․․․

Ապա հեղվեցին ողբի արցունքներ․․․

Հանգել էր պապս մերոնց ձեռքերին։

 

Ու մինչեւ հիմա, կես դարից ավել,

Պապիս սիրով եմ աշխարհն իմ գրկում,

Ձգտում խավարում կանթեղներ վառել,

Խնկարկել նրա հիշատակն անգին․․․

Որ աղքատության կարիքներում կույր

Առասպելական մի ուժ էր գտնում

Որդեսերության, կամքի բարեբեր

Եվ  լուսահեղեղ կյանքի արարման․․․

Որ այս կյանքի մեջ պապս ինձ ուներ

Եվ շատ հաճախ էր սեղմում իր կրծքին,

Որ իր համբույրը սրտիս է դաջվել,

Ձուլվել գալիքի արշալույսներին։

Խոսրով   Խլղաթյան  

29․07․2026 թ․

 

2 դիտում