
Բարության հովտում ժպիտներ կային,
Գութ ու խիղճ սփռող պայծառ հայացքներ,
Լույսի հեղեղն էր երկնքից թափվում՝
Բոցավառելով սեր ու համբույրներ։
Զեփյուռն էր երգում տաղ ու շարական,
Հովիտն էր դարձել բացօթյա տաճար,
Հող ու քարի մեջ ամառն էր ծաղկում,
Ծաղիկն էր դառնում բուրավետ նեկտար․․․
Վայրկյանն էր թվում հավիտենություն,
Ժամանակները կանգ էին առել,
Արեւն էր փայլում ժպիտով մանկան,
Ելնում էր նիրհից բնությունը մայր։
․․․Գնացել էի հեռու մանկություն՝
Իմ պատ ու տատի հյուղակը խարխուլ․
Էլի զնգում էր նույն զուլալ առուն,
Խաշխաշն էր բացել թերթիկն իր կարմիր։
Ու լսում էի հավքի ճռվողյուն,
Գետի խուլ շաչյուն՝ անկանգ ու հզոր,
Անհուն հրճվանքով սինձ էի քաղում,
Թթվաշ ու ճավիկ, ճնճղապաշար․․․
Մեն-մենակ էի գրկում բնության,
Բարձրանում էի լեռը անարգել
Արահետներով ծանոթ, մանկական,
Որտեղով բազում անգամ եմ քայլել։
Ինձ կարոտներիս բարձունքն էր ձգում,
Ուխտավորի պես գնում էի վեր,
Խոպոպներիս հետ հովիկն էր խաղում,
Հայացքս էր չափում անդունդները խուլ։
Նույն Արարչական ուժն էր ճառագում
Մտքիս ու հոգուս՝ տիրական ու խոր,
Ինձ շատ երջանիկ, վեհ էի զգում,
Որ ոչ մեկի դեմ դեռ չեմ մեղանչել․․․
Որ երազել եմ ես միշտ Բարություն
Եվ ամուր բռնել փեշերից նրա,
Զինվորագրվել Հոգու հավատին՝
Մնալով ընդմիշտ բարձունքիս վրա․․․
Հոգու բարձունքի, ուր որ չեն հասնում
Որկրամոլների բանակները չար,
Սնափառների անհագ ու դաժան
Նախճիրներն անգութ, գահերն անարդար․․․
Բարության հովտի արքան եմ հիմա,
Քուրմը զորավոր հող ու արեւի,
Եվ աղոթքներս հնչում են ահա
Որոտների հետ շանթ ու կայծակի․
Որ վերադառնա Կյանքը լուսե հուն,
Մարդը մարդ դառնա, այլ ոչ մարդագայլ,
Գա ու խոնարհվի Բարության հովտին՝
Որտեղ Դրախտի տիրույթն է մաքուր․․․
Խոսրով Խլղաթյան
22․07․ 2026 թ․
Ք․ Գավառ