
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբուր գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է բնակավայրի կենտրոնական մասում։ Բազիլիկ այս եկեղեցին աչքի է ընկնում արեւմտյան ու հարավային շքեղ մուտքերով, արեւմտյան մուտքի հարավային ու հյուսիսային կողմերի որմերում տեղադրված քանդակազարդ ու վիմագիր երկու խաչքարերով , բարավորի վերեւում պատկերված Հիսուս Քրիստոսի քանդակով, պատերի ամենավերին շարվածքի երկայնքով մեկ տարածվող քիվերով եւ կամարածածկ ու կամարակապ խորանով։ Այն ունի շուրջ 13 մետր լայնություն ու 25 մետր երկարություն՝325 քառակուսի մետր մակերեսով։

Եկեղեցու հիմնադրման ժամանակաշրջանը համարվում է 1877 թվականը, ինչպես եւ գրված է հարավային ու արեւմտյան մուտքերի բարավորներների վերեւում։ Սակայն այդ թվականը շատ ավելի աղերս կարող է ունենալ եկեղեցու վերակառուցման կամ վերանորոգման, քան թե հիմքից կառուցման ու հիմնադրման հետ։ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցն իր «Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի» աշխատության մեջ վկայում է, որ 1860-70-ական թվականներին Լանջաղբյուր գյուղն ունեցել է ընդամենը 67 տուն՝ մի քանի հարյուրի հասնող բնակչությամբ, որոնց համար նման չափի եկեղեցի կառուցելը կարող էր թանկ շռայլություն լինել։ Իսկ ավելի շատ հավանական է, որ Սուր Խաչ եկեղեցին բարձրացել է ավելի հին, միջնադարյան եկեղեցու ավերակների վրա, որտեղ աչքի է զարնում հատկապես արեւելյան մասում գտնվող կամարածածկ խորանը եւ որմերի փորվածքներում տեղադրված վաղ միջնադարյան դարաշրջանում կերտված խաչերի քանդակները։

Եկեղեցու ողջ սրահը եղել է փայտածածկ՝ հենված բավականին հաստ գերանների վրա, որոնք պահպանված են մինչ այժմ։ Այնքանով, որքանով որ սրահի փայտյա ծածկն ու խորանի քարակապ ծածկը ժամանակագրորեն ու ճարտարապետական հորինվածքով չեն համապատասխանում միմյանց, արդեն խոսում են այս կառույցի նորոգման, ոչ թե հիմքից կառուցելու օգտին։ Եկեղեցու արեւմտյան մուտքի որմերի մեջ ագուցված վիմագիր ու քանդակազարդ երկու խաչքարերը կերտվել են 16-րդ դարում։ Վիմագրությունը վերծանել է Սեդրակ Բարխուդարյանը՝ իր հեղինակած «Դիվան հայ վիմագրության» գրքում։ «ԿԱՄԱՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՍ ՏԱՆՈՒՏԵՐ ՍԱՐԳԻՍ ԿԱՆԿՆԵՑԻ ԽԱՉՍ ԻՆՁ․ ՅՈՎԱՆԷՍ ԿԱԶՄՈՂ։ ԹՎ ՋՂԱ/ 1542/»-գրված է մուտքի հարավային կողմի որմում տեղադրված խաչքարի քիվին, թեւերի արանքում եւ ստորին մասում։
«ԿԱՄԱՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԱԶԻԶ ԱՂԵՍ ԿԱՆԿՆՈՑԻ ԶԽԱՉՍ ԵՂԲԱՒՐ ԻՄ ՍԱՐԳԻՍ ԱՂԻՆ Ի ԹՎԱԿԱՆՍ ՀԱՅՈՑ ։Ռ։ /1551/ԿԱԶՄՈՂՍ ՈՎԱՆԷՍ»,-գրված է արեւմտյան մուտքի հյուսիսային կողմի որմի մեջ տեղադրված խաչքարի քիվին, շրջանակներին եւ գնդի շուրջը։
Սեդրակ Բարխուդարյանի վկայությամբ, ինչպես իրեն բանավոր կերպով փոխանցել են Լանջաղբյուրի բնակիչները նախորդ դարի կեսերին, այդ խաչքարերը բերվել ու եկեղեցու պատերի մեջ ագուցվել են «Կուռու Խարապա» կոչվող գյուղատեղիի ավերակներից, որը գտնվում է Սևան-Մարտունի ավտոմայրուղու հարեւանությամբ, իսկ Լանջաղբյուրից՝ շուրջ 10 կիլոմետր հեռավորությամբ։ Իսկ որոշ տեղացիներ այժմ նույնիսկ կարծիք են հայտնում առ այն, ինչպես լսել են իրենց մեծերից, որ այդ երկու խաչքարերը 1830 թվականին գաղթական քարավանների հետ սայլերի վրա բերվել են Հին Բայազետի Զանգեզոր գյուղից։
Ամեն դեպքում, այս մեկ փաստն էլ բավական է ենթադրելու, որ Սուրբ Խաչ եկեղեցու սրբատաշ քարերը, իրենց քանդակներով, կամ վերցվել են հին եկեղեցու ավերակներից, կամ մոտակա այլ ավերված հոգեւոր կառույցներից։ Անգամ կասկածելի է թվում արեւմտյան մուտքի բարավորի վերեւում տեղադրված Հիսուս Քրիստոսի պատկերաքանդակի ժամանակագրությունը, քանի որ քանդակի վերեւում Տիրոջ անունը գրված է ուռուցիկ տառերով՝ ՅՍ ՔՍ կրճատ տարբերակով, իսկ ահա ներքեւում արդեն փորագիր, վերեւի ոճից տարբեր տառատեսակով գրված է՝ «ԿԱԶՄՈՂ ԷԼՔԱՆԴՈՒԼ»։ Բարավորի վրա եւս կա արձանագրություն, որը չկարողացանք ընթերցել որոշ մասերում տառերի մաշված լինելու պատճառով։ 
Եկեղեցու սրահի փայտյա ծածկն ամբողջությամբ փլված է, պատերը որոշ կողմերում արդեն ճաք են տվել, ու շինությունը լիովին կանգնած է փլուզման վտանգի առջեւ։
Փոխարենը դեռեւս կանգուն է արեւելյան կողմում վեր բարձրացող խորանը, որի քարածածկ ու քարաշար կամարը դեռ դիմանում է ժամանակների կործանանար ձեռքերի ու լքվածության փորձություններինչնայած արդեն նկատվող լայն ճաքերին։
Սուրբ խաչ եկեղեցու խորանի պատին պատին ագուցված է 9-10-րդ դարի խաչքար, իսկ Մկրտարանի արեւելյան պատին՝ 16-րդ դարերով թվագրվող, արձանագիր խաչքարը, որը պատկանում է Յաղմուրին։ Հարավային պատի տակ տեղադրված է 10-11-րդ դարերի խաչքար, որի տակ էլ հանգչում է 19-րդ դարի երկրորդ կեսին Սուրբ խաչ եկեղեցում սպասավորության եկած Տեր Սահակը։ Վերոնշյալ խաչքարերը հաշվառված են հուշարձանների պահպանության պետական ցանկում։
Սուրբ Խաչ եկեղեցին 1877 թվականից ի վեր գործել է մինչեւ 1930-ական թվականները, որից հետո այն վերածվել է կոլխոզի հացահատիկի ու այլ մթերքների պահեստի։ Իսկ ԽՍՀՄ վերջին տարիներին այն լքվել է հիմնովին, մատնվել անտերության ու փլվել՝ մինչ օրս այդպես էլ մնալով առանց ծածկի եւ հողակույտերի, մարդահասակից ավել բարձրացող եղինջների, այլ տեսակի թփերի բույլերի մեջ ծածկված։ Եկեղեցու երկու մուտքերի դռները կիսաբաց ու կիսախարխուլ վիճակում են, որտեղից ուխտավորները հաճախ են թափանցում ներս՝ խորանի որմերում տեղադրված խաչքարերի վրա մոմեր վառելու, իրենց հոգու պարտքը կատարելու։

Եկեղեցին վերականգնելու փորձ Լանջաղբյուրի համայնքապետարանը տարիներ առաջ ձեռնարկել է, սակայն այդ ձեռնարկը մնացել է կես ճանապարհին, քանի որ վերականգնման հովանավորություն ստանձնած գործարարը առողջական ու այլ խնդիրների պատճառով չի կորողացել արդեն կազմված նախագիծը կյանքի կոչել։ Ի դեպ, որքան էլ զարմանալի է, նախագծի կազմմանը չի նախորդել հնագիտական որեւէ ուսումնասիրություն կամ պեղումներ, որով էլ կհստակեցվեր մեզ հուզող հարցը․ արդյո՞ք այստեղ մինչ 1877 թվականը չի եղել հոգեւոր ու պատմաճարտարապետական նշանակության այլ կառույց, արդյո՞ք հողի տակ թաքնված չէ պատմաշակութային այլ շերտ։ Ու չենք բացառում, որ պեղումների դեպքում ի հայտ կգան հնագիտական նոր իրողություններ։
Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցու սպասավորների մասին հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց նույն գյուղի բնակիչ Մանուկ Հովհաննիսյանը, ով սերում է նույն քահանայական ընտանիքից․
-Երբ մեր գյուղի բնակիչները 1830 թվականին Հին Բայազետի Զանգիզոր գյուղից գաղթել ու հաստատվել են այստեղ, հոգեւոր սպասավոր չեն ունեցել, իսկ եղած հոգեւոր կառույցներն էլ եղել են ավերված վիճակում։ Գյուղի մեծերը դրսից հոգեւոր սպասավոր են հրավիրել, ով եկել է ներկայիս Գեղամավան գյուղից՝ Տեր Սահակ անունով։ Սուրբ Խաչ եկեղեցու հարավայի կողմի պատի տակ վաղ միջնադարյան մի գեղաքանդակ խաչքար կա տեղադրված։ Տեր Սահակը հանգչում է դրա ներքո։ Նա իմ պապի պապն է, որով շատ եմ հպարտ, քանի որ շատ ջանքներ է գործադրել ինչպես Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման, այնպես էլ նրա գործունեության ապահովման ուղղությամբ։ Այս եկեղեցում առաջին մկրտությունը կատարել է Տեր Սահակի որդի Տեր Հովհաննեսը։ Մկրտվել են մեր գյուղացիներ Մանուկն ու Մովսեսը։
Տեր Հովհաննեսից հետո եկեղեցում պաշտոնավարել է Տեր Խաչատուրը, որը եղել է ժամանակի ամենաուսյալ ու գրագետ մարդկանցից մեկը՝ կրթություն ստանալով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Տեր Խաչատուրի եղբոր անունն Աբրահամ է, ում տանը մինչ այժմ պահվում է Նարեկը։ Գյուղի վերջին քահանան եղել է Խաչատուրը։ Ես սերում եմ Աբրահամից։ Մեր տոհմից աքսորել են Տեր խաչատուրի թոռ Վանուշին»,-պատմեց Մանուկ Հովհաննիսյանը։

Տեր Սահակի թոռ Տեր խաչատուրի մասին գրավոր հիշատակություն է թողել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը․ «Գյուղն ուներ 67 տուն, եկեղեցի հանուն Սուրբ Խաչի։ Այս գյուղից էր իմ գրագիր եւ քարտուղար դպիր Խաչատուրն Տեր Հովհանյան, որ ուսումն ավարտել էր Տփղիսու Ներսիսյան դպրանոցումն, որը եւ հետո ձեռնադրվեցավ քահանա»,-գրում է Սմբատյանցը իր հեղինակած «Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի» գրքում։
Սուրբ Խաչ եկեղեցուց քիչ հեռու գտնվում են երկու այլ սրբավայրեր՝ Թուխ Մանուկ մատուռը եւ Սուրբ Հակոբ եկեղեցին, որոնք գործել են տարբեր դարաշրջաններում, որոնց շուրջ էլ տարածվել են գերեզմանոցներ։ Եթե Թուխ Մանուկ մատուռը նորոգվել է Լանջաղբյուրի բնակիչ Միշա Փուրթյանի ու նրա որդի Գագիկ Հակոբյանի ձեռամբ, ապա Սուրբ Հակոբ եկեղեցին մնում է գրեթե կործանված վիճակում, որից հազիվ պատերի մի մասն է երեւում։ Դժվար չէ կռահել, որ այս հավատի տները գործել են դարեր շարունակ, սակայն ավերվել են օտար նվաճողների ասպատակությունների ու հայ բնակչության հանդեպ պարտադրած բռնագաղթերի կամ ջարդերի արդյունքում։
Իսկ դրանց պահպանության գոտին առավել փոքրացել է Լանջաղբյուրի տարածմանը զուգահեռ, շատ հուշարձաններ մնացել են տնամերձերում կամ թաղվել հողի տակ։ Ու հենց այստեղ է բարձրանում ցավագին հարցն առ այն, թե ինչու՞ է մեր կողմից նման անհոգի վերաբերմունք դրսեւորվում մեր իսկ պատմության, մեր հոգեւոր կառույցների ու պատմամշակութային արժեքների հանդեպ։

Անկախ նրանից, թե երբ է հիմնադրվել Սուրբ խաչ եկեղեցին, 1877 թվականից առաջ, թե այդ նույն թվականին, այն ծառայել է հայ հանրությանը, նրա ազգային ուխտին ու հավատին, հայկականության պահպանմանն ու տարածմանը։ Այո, մենք էլ հպարտորեն արձանագրում ենք, որ վերջին երկու դարերի ընթացքում, շնորհիվ 1830 թվականի պատմական գաղթի, Լանջաղբյուր գյուղն այսօր դարձել է Հայաստանի Հանրապետության ամենաշեն, ծաղկուն ու գեղեցիկ բնակավայրերից մեկը՝ ավելի քան 500 տնտեսությամբ ու 2411 բնակչությամբ, նույնիսկ բավականին ներկայանալի Սփյուռքով, իր կրթական, ստեղծարար ներուժով։ Սակայն այդ հպարտությունը չքվում է առաջին իսկ հայացքից, երբ սեփական աչքերով տեսնում ես Սուրբ Խաչ եկեղեցու մերօրյա ավերակները, նրա հետագա փլուզման վտանգը, իսկ ամենակարեւորը՝ հանրության անբավարար, անհոգի վերաբերմունքը։ Ու ժամանակն է նաեւ, որ այս հիմնախնդրին արձագանքեն առաջին հերթին աշխարհիկ ու հոգեւոր իշխանությունները՝ հուշարձանի հետագա պահպանությունն ու վերականգնումն ապահովելու նպատակով։
Այլապես Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցու ավեր ու լքված վիաճակը մեզանից եւ ոչ մեկին պատիվ չի բերում։
Խոսրով Խլղաթյան