
Մարիաննա Խաչիկյանը սովորում է Գավառի Ավ․ Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի իններորդ դասարանում։ Խելացի, ուշիմ ու առաջադեմ աշակերտ լինելով հանդերձ՝ նա նաեւ անում է գրական առաջին քայլերը։
Մեր ընթերցողների դատին ենք հանձնում Մարիաննա Խաչիկյանի հեղինակած առաջին պատմվածքը՝ միաժամանակ նրան մաղթելով ստեղծագործական անսպառ եռանդ, նկատելի հաջողություններ։
-Ի՞նչ էր սերը ինձ համար: Էր… Մարդու հոգին, բառերի տեսքով դեռ ոչ մի բացատրություն չի տվել թե ինչ է սերը: Բոլորը գիտեն թե դա ինչ է, բայց ոչ բոլորն են զգացել: Շատ բարձեր են զգացել սերը… Շատ հիվանդանոցների պատեր են զգացել սերը…Շատ գերեզմանաքարեր են զգացել սիրո կարոտը:
-Դու որտեղի՞ց գիտես այս մասին մամ, սրա մասին չպետք է խոսի մարդ,ով ունի հիասքանչ ամուսին:
-Հիմա ես ամուսնացած եմ,բայց կյանքում ամեն ինչ այդքան հեշտ տեղի չի ունենում, ապրեցի, մի ողջ կյանքում ունեցա բազում հարցեր, երազանքներ, նպատակներ,փորձություններ,երջանիկ պահեր եվ երջանիկ պահերի կարոտ:Ավելի լավ է ես քեզ պատմեմ իմ առաջին սիրո պատմությունը, որը ինձ շատ բան սովորեցրեց:
Այսպես մի օր,երբ խարույկի դիմաց մայր ու աղջիկ նստած էին, մայրը որոշեց պատմել նրան մի պատմություն, որը ապրում էր նրա սրտում…
Ո՞վ էր նա: Իմ հոգին… Իմ շունչն ու իմ երազանքը: Իսկ ո՞վ էի ես: Իմ կարծիքով մի լճակ, նրա համար մի օվկիանոս: Նա հաճախ ասում էր <<թող բոլորը մտածեն, որ դու բարդ մարդ ես : Օվկիանոսը երբեք ներողություն չի խնդրում իր խորության համար>>: Էմիրը ազգությամբ թուրք էր, ես հայ, նրա միջոցով ես հասկացա, որ միշտ չէ թշնամին թշնամի, կամ ընկերը ընկեր: Սկսեմ ամենասկզբից:
Ես դեռ շատ փոքր էի, երբ մեր գյուղում սկսվեց պատերազմ, այդ օրը ես երբեք չեմ մոռանա, ավելի ճիշտ այդ տեսարանը, բոլորը փախչում էին… ցավ եմ ապրում այդ ամենը հիշելով: Մեր հայրենիքը մեր մայրն է եվ միգուցե այն ուրախ կլինի, եթե մենք մահից փրկվենք, բայց որքան հպարտ կլինի երբ տեսնի, որ ծնել է քաջ որդիներ, որդիներ, ովքեր մինչեւ վերջ իր մոր ձեռքը բռնեցին, որդիներ, ովքեր մորը մեռնելուց չթողեցին…Այդ օրը մենք տեղափոխվեցինք նոր քաղաք, ամեն օր ես տեսնում էի դեմքեր, որոնք պատերազմ չեն տեսել, չեն զգացել “վերջ”-ի վախը: Ու ես որոշեցի դառնալ զինվոր, որպեսզի ուրիշները մնան անտեղի պատերազմի մասին: Իհարկե ես աղջիկ էի , բարդ էր լինելու, սակայն նոր ծնված երազանքը ես կոտրել անկարող էի:
Ես ավարտեցի ուսումս՝ կարծես փակելով մի դուռ, որի հետևում մնաց մանկությունս։ Բայց այդ դռան ճեղքերից դեռ ներս էր սողում հիշողությունների փոշին՝ նույն ձայները, նույն վախը, նույն անհասկանալի ծանրությունը։ Շուտով հագա զինվորի համազգեստը․ այն ծանր էր ոչ թե կտորից, այլ պատասխանատվությունից։
Տարիները անցան։ Ձեռքերս սովորեցին զենքի լեզուն, աչքերս՝ վտանգը կարդալ առանց բառերի։ Ես այլևս այն աղջիկը չէի, որ մի ժամանակ հեռվից էր լսում պայթյունների արձագանքը։ Ես դարձել էի վարպետ՝ ոչ թե միայն կրակելու, այլ ապրելու այդ խավարի մեջ։
Եվ ահա՝ պատերազմը նորից վերադարձավ։
Նույն հոտը օդում։Նույն մոխրագույն երկինքը։Նույն սառնությունը մարդկանց հայացքներում։Կարծես ժամանակը փակ շրջան լիներ, և ես քայլում էի նույն տեղերով, բայց այլ կերպ։Ես օգնեցի ժողովրդին՝ դուրս բերելով նրանց կրակի միջից, ձեռքերը բռնելով, երբ հողը փլվում էր ոտքերի տակ։ Բայց միևնույն ժամանակ իմ ներսում մի ուրիշ բան էր աշխատում՝ սառը, ճշգրիտ, անխափան։ Ես շարժվում էի առաջ, խոցում թշնամուն՝ առանց ավելորդ մտքի։ Աջ ու ձախ՝ աղաղակներ, փոշի, արյան բույր, որ խառնվում էր վառվող փայտի հոտին։Մի պահ՝ նշան բռնեցի։
Փամփուշտը կտրվեց լռությունից և հասավ իր հասցեին։
Նա ընկավ, բայց չմնաց տեղում։ Սողոսկեց մոտակա տներից մեկի ներսը՝ կարծես վերջին հույսը բռնելով պատերի մեջ։ Ես կանգ չառա։
Դռան առաջ մի պահ լռեցի։
Արտաքին աղմուկը կարծես մարեց, և մնաց միայն իմ շնչառությունը՝ ծանր։
Ես ներս մտա։Ես տեսա նրա հայացքը։ Վախ կար այնտեղ՝ մաքուր, անպաշտպան, այնպիսի, ինչպիսին լինում է մարդու աչքերում, երբ նա կանգնած է եզրին։ Բայց այդ վախի խորքում ես հանկարծ նկատեցի մի բան, որ ինձ կանգնեցրեց․ կյանք։ Նույն կյանքը, ինչ իմ մեջ էր։
Ձեռքս ծանրացավ զենքի վրա։Մի պահ հասկացա՝ նա էլ ինչ-որ մեկի համար տուն է, հենարան, սպասված վերադարձ։Եվ այդ պահին իմ բոլոր երազանքները, որոնք կարծես փայլում էին հերոսության լույսով, ուրիշների համար վերածվեցին թախծի, կորստի, դատարկության։
Ես չկարողացա:
Մտքերս բախվում էին իրար, ինչպես կրակոցները՝ դրսում։ «Ի՞նչ տարբերություն կա մեր միջև, եթե հիմա սպանեմ նրան…»
Ես իջեցրի զենքը։
Մոտեցա։ Առաջին օգնություն ցույց տվեցի՝ ձեռքերով արագ, բայց ներսում՝ ծանր։ Նրա շունչը խզվող էր, բայց դեռ կար։ Ժեստերով հասկացրի՝ սպասել ինձ, չշարժվել։ Նա գլխով թույլ նշան տվեց։ Մոտ իմ տարիքին էր՝ նույնքան երիտասարդ, նույնքան վաղ ընկած այս մղձավանջի մեջ։
Ես դուրս եկա, դուռը փակեցի, կարծես փակելով այդ պահը աշխարհից։
Եվ վերադարձա դեպի աղմուկը՝ դեպի մարդիկ, որոնց պետք էր օգնել։
Այո, ես հմուտ զինվոր էի դարձել։
Բայց այդ օրը հասկացա՝ կյանքը պաշտպանելը ավելի դժվար է, քան կյանք կործանելը։
Երբ ամեն ինչ մի փոքր հանդարտվեց, ես վերադարձա նույն տունը։
Ժամանակը շատ չէր անցել, բայց թվում էր՝ մի ամբողջ կյանք։
Նա դեռ կենդանի էր։
Ես նրան գաղտնի տեղափոխեցի, տարա այնտեղ, որտեղ աչքեր քիչ էին, հարցերը՝ ավելի քիչ։ Հետո՝ ապահով ճանապարհով՝ հիվանդանոց։ Նամակներ թողեցի՝ լուռ, առանց անունի, միայն խնդրանքով ու գումարով․ «օգնեք նրան»։ Ժեստերով նրան հասկացրի՝ լռել, ոչինչ չասել։
Մի ամիս անց, արձակուրդի ընթացքում, ես վերադարձա։
Նա ապաքինվել էր։
Հասցեն գտնելը դժվար չէր։ Երբ մոտեցա, դուռը բացեց ինքը։ Մի պահ երկուսս էլ լռեցինք։ Ժամանակը կարծես կանգ առավ, ինչպես այն օրը՝ դռան առաջ։
Նրա աչքերում այլևս վախ չկար։
Փոխարենը՝ մի բան, որ ավելի բարդ էր հասկանալ։Նա հասկացավ։ Ես էլ հասկացա։
Մենք խոսքեր չունեինք՝ լեզուներն ուրիշ էին, բայց լռությունը մեզ համար դարձավ կամուրջ։ Նա ձեռքը տարավ սրտին, ապա՝ թեթև խոնարհվեց։ Ես նույնը արեցի։
Այդ պահին պատերազմը կարծես հեռացավ։
Մնացինք մենք՝ երկու մարդ, որոնք կարող էին լինել թշնամի… բայց … բայց…
Նա ներս հրավիրեց։ Ես մի պահ տատանվեցի, հետո անցա շեմը։ Տունը խաղաղ էր, պատուհանից լույս էր թափվում հատակին։ Սեղանի վրա դրված էր թեյ։ Նա ցույց տվեց՝ նստեմ։ Սովորել էր մի փոքր հայերեն, աշխատում էր, հավաքում էր գումար, որպեսզի վերադառնար հայրենիք…Երիտասարդի անունը Էմիր էր: Այդ անունը սկզբում պարզապես հնչյուն էր՝ մի մարդ, ում ես փրկել էի, ում թողել էի կենդանի մնալու իրավունքը։ Բայց ժամանակի ընթացքում այդ հնչյունը դարձավ դեմք, հետո՝ հայացք, հետո՝ մի ամբողջ աշխարհ, որտեղ ես սկսեցի վերադառնալ ամեն անգամ, երբ պատերազմը լռում էր։
Մենք ընկերացանք։ Սկզբում՝ զգուշությամբ, լռությունների մեջ կառուցված խոսքերով։ Հետո՝ ավելի ազատ, ավելի մարդկային։ Այդ ընկերությունը, որը ծնվել էր ցավի ու պատահականության միջից, տարիների ընթացքում դարձավ մի բան, որ ես այլևս չէի կարող անուն տալ միայն «ընկերություն» բառով։Այդ շփումների մեջ ամեն րոպե ուներ իր լույսը, իմաստը։ Կարծես ժամանակը դանդաղել էր մեր շուրջը, որպեսզի մենք հասցնենք զգալ այն, ինչ սովորաբար մարդիկ կորցնում են վազքի մեջ։Ես լցվեցի նրա հանդեպ սիրով՝ խոր, լուռ, աննկատ աճող սիրով, որը չի աղմկում, բայց ներսում փոխում է ամեն ինչ։
Եվ տարիներ անց՝ Էմիրը հիվանդացավ։
Սկզբում ոչ ոք չէր ուզում հավատալ, որ դա կապված է անցյալի հետ։ Բայց հետո պարզվեց՝ այն վերքը, որը ես ժամանակին թողել էի նրա մարմնում, իր հետքը թողել էր տարիների խորքում։
Մեկ շաբաթ անց պետք է օպերացիա լիներ։Օպերացիա, որի ձախողումը նշանակում էր վերջ։Ես էի դոնորը լինելու:
Եվ հենց նույն օրը՝ սահմաններից եկավ լուր․ թշնամիների հարձակում։
Ես կանգնած էի երկու աշխարհի միջև։
Մի կողմում՝ մարտադաշտը, որտեղ իմ ներկայությունը պարտադիր էր։
Մյուս կողմում՝ հիվանդանոցը, որտեղ մի մարդ սպասում էր, և որտեղ իմ արյունը կարող էր նշանակել նրա կյանքը։
Ես պետք է հասնեի ժամանակին։
Ես պարտավոր էի։
Հասկացա՝ եթե դոնոր չլինի հիմա, հետո կարող է արդեն ուշ լինել՝ չափազանց ուշ։
Բայց նաև գիտեի՝ եթե չգնամ, այնտեղ կմեռնեն ուրիշներ։
Ես շարժվեցի դեպի մարտադաշտ, դեպի կրակոցներ․․․
Մարիաննա Խաչիկյան