Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԼՈՐԵՏԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՔՆԱՐԱԿԱՆ ՈՒ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

 

ՆՈՒՐԻ ֊Լորետա Լյովայի Մուրադյանը  ծնվել է 1988 թվականին,  Գյումրիում, բանաստեղծ Լևոն Մուրադյանի ընտանիքում։

Ավարտել է Գյումրիի «Բալատոն»  վարժարանը։

2011թ. Գերազանցությամբ ավարտել է Երևանի Եվրոպական ակադեմիայի միջազգային հարաբերություններ բաժինը` ստանալով բակալավրի աստիճան։

2013 թվականին ավարտել Կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժինը` ստանակով մագիստրոսի աստիճան։

2025 թվականին ավարտել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանը` ստանալով հասարակագիտության ուսուցչի որակավորում։

2014-2022 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովում։ 2021-23 թվականներին  աշխատել է Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտում որպես դասախոս։ 2022 թվականից աշխատում է Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում՝ որպես հասարակագիտության ուսուցչուհի։

2017 թվականին  «Արարատ Մկրտումյան»  երիտասարդ գրողների ամենամյա հանրապետական մրցանակաբաշխությունում ճանաչվել է լավագույն գրող, ինչի արդյունքում լույս է ընծայվել անդրանիկ` «Թաքնագրեր» ժողովածուն։

Հանդիսանում է Լևոն Անանյանի անվան մրցանակաբաշխության մրցանակակիր։ 2019թ.

տպագրվել է ղրիմահայ գրողների միության  «Հայրենիքը սրտում» ալմանախում,

2018 թ.՝ Գագիկ Վարդանյանի «Շիրակ աշխարհ» գրքում։

2019 թ. տպագրվել է «Կրակե ձայների խեցի»  ալմանախում։

Տպագրվում է «Անդին» գրական ամսագրում, Հայաստանի գրողների միության «Գրական թերթ» պաշտոնաթերթում, Շիրակի Մարզի ԳՄ «Եղեգան փող» պաշտոնաթերթում, Լոռու մարզի ԳՄ «Երկունք» պաշտոնաթերթում, «Գրեթերթ», «Գրանիշ», «Գրական Համշեն» և Թեհրանի «Ալիք» թերթերում ։

Իսկ այսօր արդեն նա դառնում է «Գեղամա աշխարհ» թերթի հյուրը։
Լորետա Մուրադյանի բանաստեղծություններն աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ, քնարականությամբ, խոհափիլիսոփայությամբ, զուլալ, գեղեցիկ ու հնչեղ հայերենով։

Գեղամա աշխարհ

 

 

 

 

 

***

 

 

Զարկ է հորդում ու նզովք

Իմ մենության քնարին,

Իբլիսի ձեռք են կարգել

Տարաշխարհիկ հրերն իմ։

Կրկին վհուկ եմ սևվարս

Կամ մի զինվոր դավադիր,

Ծովախորշի ջրահարս,

Ու ժայռերի սեպագիր։

Բայց իմ խաղաղ ձյուներում՝

Ծաղկած փխրուն շնչից մով,

Աստծու մազերն եմ սանրում

Հուլունքագործ աչքերով։

Դառնում քնքուշ բալենի

Ու թաց շվաք սիրածոր,

Որ կախարդեմ, վար բերեմ

Իմ ամպերին փետրավոր։

Թող զմրուխտե բույրից լույս

Կախվեն աստղերն ու մի սիրտ,

Եվ կաքավը նինջ դառնա

Վայելքներից այդ վճիտ։

Նզովքները հենց հալվեն

Ու բալենուն մերկ ժպտան,

Թող քնարը սեր երգե

Իբլիսուհի աղջկան։

 

***

 

Ես Գիժ էի

ավազներ առաջ,

ու ապրում էի ազատ.

արգելաճաղերն ինձ համար

լոկ թռչունների երամներ էին

մաս-մաս չվող,

սերը

անմահների հովտից

փչող խնկաթաթախ տրոփն էր,

աշխարհի բոլոր անիմաստ

խոսակցություններից ու

մեկի ժպիտից մաղվող

հաշիշն

ու նինջը…

ավազներ առաջ

անհուպ շոյանքն էր

լարում օդն

ու պայթում խոյակների տակ,

ու կապու՜յտ, կապու՜յտ

շունչն էր թռչկոտում

յասամանների շուրջ…

ավազներ առաջ

ես Վայրի էի

ու ազատ,

երբ դեռ մի պոետ

չէր հասցրել եռալռին մարգարեանալ

մինչև աքաղաղի կանչը…

Ավազներ առաջ

ժամանակը խցանման մեջ ընկավ…

երբ վերջապես դուրս գա այնտեղից

ես անպայման կսպասեմ

երրորդ օրվան՝

որպեսզի

հարություն

առնեմ…

 

***

 

Թո՛ւյլ տուր ինձ էսօր

Հայհոյե՜լ կարգին,

Մարդատյաց լինել…

Եվ ատելավառ

Հույզե՜ր շպրտել,

Անառա՛կ լինել…

Լինել եսապա՜շտ՝

Առանց զղջումի

Ու կարեկցանքի…

Ու լինել կարի՛ճ,

Որ կուտակում է

Թույներ հանցանքի…

Թող որ գեթ էսօր

Կյանքի խնջույքին

Խեղկատակ լինեմ…

Իրեն կորցրած,

Ցավից ոռնացող

Մի գազա՜ն լինեմ..

 

***

 

 

Ահա ցողաբույր լուսաբացը

դուրս կգա աղոթքի

Ու հարսնորեն կասի՝

Եղիցի Արքայություն Քո…

Եվ հասկերը կհասունանան

ու կպայթեն …

Լեռներում մի Շունչ նրբորեն

Կհամբուրի շուրթերը սրինգի

Ու քաղցրացած սիրտդ

Հնչյունների ցոլանքով դուրս կթռչի սրինգից…

Հայացքդ կթևածի

լազուր ծփանքներիս վրայով

և քնքնշությունից ընդարմացած մատներով

ծուլորեն կշոյես

արևից պսպղացող ալիքներս,

որ դեպի քեզ են բերում

սպասումի քամիները ՝

նախասկզբնական աշխարհներից փչող:

Եվ օդը ժպիտով կվազի սարերն ի վեր

Ու ամոթխածությունը մոռացած՝

կփսփսա ուրցերի հետ:

Մակընթացություն կլինի,

Կտեղատրվեն նույնիսկ Լեռները,

Եվ ոչ ոք չի հասկանա ՝

Ինչպես Ծովը պոկեց Լեռներն ու տարավ իր հետ…

Անզորությունից կկծկվի դաշտը,

Որ Ձգողական էին կոչում մի ժամանակ,

և երկիրը կմոռանա իր առանցքի մասին…

Երբ Լեռներում մի շունչ

Կհամբուրի շուրթերը սրինգի

Բոլոր բառերը նույն իմաստը կունենան…

Եվ տիեզերքը կդառնա մեկ կաթիլ…

 

***

Ցնցում են տղերքը երկինքը,

Երկինքը վիպական Ծռերի.

Այդ ու՞ր ես տանում իմ տանիքը,

Քարավա՛ն շղթայված լեռների…

Այդ ու՞ր ես պտուղներն իմ տանում

և Պոկում իմ լեզուն Թարթառից,

Դարձիր գետ, թե տենչում ես հեռուն,

Չե՛ն քոչում արմատները ծառից։

Շանթաոտք մարտիկներ են զարկել

Ու ճայթել թևերիս լեռնակիր,

Այս հողում Նժդեհներ են մարտել`

Խոյանքով Վճռական Մենակի։

Ցնցում են տղերքը երկինքը,

Երկինքը վիպական Ծռերի.

Չե’ս պոկի Լեռների տանիքը,

Լեռները շղթայել չի’ լինի…

 

***

 

Երբ մառախուղն է գլորվում սարերից,

Պետք է շրջվել ու գրկել այն,

Որովհետև քո մենության Բմբուլե բարձն է լսել հոգուդ շառաչը։

Եկել է, որ իր թևերի մեջ առնի

Բարակած նյարդդ,

Որ հանկարծ չպոկվես քամվելուց,

Եկել է, որ թորի խոնավությունդ

Ու արտասվի անձրևով…

Երբ մառախուղն է գլորվում սարերից,

Պետք է լռել նրա հետ.

֊Մի՛ վախեցիր, հոգի՜ս,

որովհետև միշտ լինում է այն, ինչ լինում է…

Քեզ մի սիրտ է պետք,

Որ չուզես քնել ջրափոսում,

Մի սիրտ` լուսաբացվելու

Ու մի սիրտ` ժպտալու համար։

Երբ մառախուղն է գլորվում սարերից,

Պետք է շրջվել ու գրկել այն,

Որովհետև բոլոր անձրևներից ու ցրտից ծաղիկներ են ծնվում մի օր…

 

Լորետա Մուրադյան

74 դիտում