
Նորատուս գյուղում պահպանված ու մինչ նորագույն ժամանակներ հասած պատմության հուշարձանների ցանկում իրենց բացառիկ տեղն ունեն նաև «Յոթնաղբյուր» կոչվող բնակատեղին և նրա տարածքում գտնվող «Ասլա-Ղափլան» հուշարձանը։
Այս հնավայրը գտնվում է Նորատուսի արեւմտյան թեւում, Ազատ քաղաքի ավերակների դիմացի արեւելյան կողմում, Երեւան-Վարդենիս ավտոմայրուղու կողքին, դեպի Սեւանա լիճ ընկած հատվածում։ Այն, պարզվում է, ոչ միայն հին ու միջին դարերում եղել է սոսկ բնակատեղի, այլ նաեւ՝ պաշտպանական նշանակության բերդ-ամրոց, որը եւ՛ հսկել է Սեւանի ավազան եկող ու գնացող ճանապարհները, եւ՛ պաշտպանել է իրեն շրջապատող բնակավայրերը։
Հնավայրի մասին առաջին հիշատակությունը թողել է անվանի հնագետ Գեդեոն Միքայելյանը «Սեւանի ավազանի կիկլոպյան ամրոցները» աշխատության մեջ։
«Ազատ քաղաքից դեպի հարավ-արեւելք, Նորատուս տանող ճանապարհի ձախ կողմում փռված է միջնադարյան լայնանիստ ավերակ մի հնավայր, որին տեղացիները «Յոթ աղբյուր» անունն են տալիս, կամ էլ «Ասլան-Ղափլան»։ Վերջինս կապված է այդ ավերակներից ոչ հեռու գտնվող քարե մահարձանի գազանակերպ գծագրության հետ, որոնք հիշեցնում են վագրի ու առյուծի պատկերներ։

Այդ բնակատեղին մինչ այժմ դիտվել է, ինչպես Ազատ քաղաքը, իբրեւ սոսկ միջնադարյան մի ավերակ գյուղ, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ այս գյուղի տակ գտնվում է հնագույն ամրոց-շեն։
Կիկլոպյան միջնաբերդը գտնվում է սարահարթի հյուսիսարեւմտյան վերջավորության վրա, ունենալով անկանոն 350 մետր երկարություն ունեցող պարիսպ, որը ընդգրկում է 3-4 հեկտար տարածություն։ Միջնաբերդը բոլոր կողմերից շրջապատված է կացարաններով, որտեղ պարզ երեւում են ծայրամասերի բնակարանների արտաքին պատերի միացումները, որոնցով ամբողջ բնակավայրը ստացել է մի ուրույն պարսպապատում։
Սարահարթը, որի վրա կառուցված է միջնաբերդը, արեմտյան, արեւելյան ու հյուսիսային կողմերից դժվարամատչելի է, ունի խիստ թեք լանջեր, որոնք շրջապատից բարձր են 25-30 մետր, իսկ հարավային ու հարավարեւելյան կողմերով լանջերն աստիճանաբար իջնում են եւ միաձուլվում դաշտի ընդհանուր մակերեւույթին։
Միջնաբերդն ունի մուտք՝ դարձված դեպի հյուսիս, որտեղից ճանապարհը դուրս գալով թեքվում է դեպի արեւմուտք եւ ապա հարավ ու կորչում բնակավայրում։ Միջնաբերդն ունեցել է երեք աշտարակ, որոնցից երկուսը գտնվում են պարսպի արեւելյան հատվածում, իսկ մեկը՝ արեւմտյան։ Նրանք ունեցել են 5*5 մետր հարթակ, սակայն նրանց բարձրության մասին դժվար է որեւէ բան կռահել։

Միջնաբերդից դեպի հյուսիս եւ հյուսիս-արեւելք, լճի մակարդակի իջնելուց հետո, հարթության վրա երեւում են հնագույն կացարանների հետքեր, իսկ այդ ավերակներից այն կողմ նշմարվում են մի քանի բավականին խոշոր դամբարաններ։
Այս ամրոց-շենում ջրի մատակարարման հարցը, ըստ երեւույթին, լուծված է եղել։ Ջուրը վերցրել են «Յոթն աղբյուրներից», որոնք գոյություն ունեին մի քանի տասնյակ տարի առաջ։ Այժմ աղբյուրները ցամաքել են լճի մակարդակի իջնելու պատճառով»,-գրում է Գեդեոն Միքայելյանը։
Անշուշտ, այս հնավայրը մինչ այժմ մեր պատմագրության ու հնագիտական մտքի պատմության մեջ գրեթե ուսումնասիրված չէ՝ չհաշված Գեդեոն Միքայելյանի կողմից կատարված արտաքին ուսումնասիրությունը։ Ընդ որում, թե «Յոթնաղբյուրի», թե՛ «Ասլան-Ղափլան» տապանաքար-հուշարձանի մասին խոսք անգամ չկա 2000 թվականին հրատարակված «Նորատուս» փաստագրական ու հանրագիտարանային նշանակության գրքում։ Մինչդեռ այստեղ ոչ միայն աշխարհիկ, այլ նաեւ հոգեւոր շինությունների հետքեր են նկատվում՝ որոշակիորեն պահպանված պատերով, որոնք, տեղ-տեղ հողածածկ վիճակում, տարածվում են մի քանի հեկտարի վրա։ Ու չի բացառվում, որ մենք գործ ունենք հերթական բազմաշերտ հուշարձանի հետ, ուր մարդկային կյանքն առանց ընդհատումների շարունակվել է հազարամյակների ընթացքում։

Հուշարձանի դրոնային լուսանկարները մեզ տրամադրեց հնագետ Լեւոն Մկրտչյանը, ում հետ վերջին երկու տարիներին այցեցել ենք Յոթնաղբյուրի տարածք ու կատարել վերգետնյա զննումներ եւ ուսումնասիրություններ։
Այս բնակավայրը ոչ միայն գտնվել է քարավանային ճանապարհների հանգույցում, այլ նաեւ Սեւանա լճին ու Գեղամա լեռների արոտավայրերին շատ մոտիկ, ինչը եւ բնիկներին հնարավորություն է տվել՝ զբաղվելու անասնապահությամբ, երկրագործությամբ, ձկնորսությամբ, առեւտրով ու զանազան արհեստներով։
Դժվար է առայժմ ասել, թե երբ ու ինչ հանգամանքներում է վերջնականապես լքվել բնակավայրը, բայց մի բան պարզ է, որ անանուն այս բնակավայրի ու բերդ ամրոցի ուժն ու ամրությունը շատ հաճախակի են փորձել օտար նվաճողներն՝ իրենց բազմամարդ ու ավարառու բանակների հետ։ Պարզ է նաեւ, որ տեղաբնիկների ու թշնամի զորքերի միջեւ տեղի են ունեցել արյունալի բախումներ, գերեվարություն, բնակչության հարկադրված տեղաշարժեր։ Այդ արշավանքներից մեկի արդյունքն էլ հենց եղել է այն հսկա տապանաքարը, որը գտնվում է «Յոթնաղբյուրի» ավերակների հարավային եզրում։ Տապանաքարն ունի 2, 77 մետր երկարություն, 1 մետր լայնություն, 1, 01 մետր բարձրություն։ Այն տեղ-տեղ մամռապատ է։ Տապանաքարն արվեստի արժեքավոր գործերից է, աչքի է ընկնում ինքնատիպ քանդակներով՝ երկու կողմերում հսկա վիշապօձի, այլ կենդանիների քանդակներով։ Սակայն շատ ավելի ուշագրավ ու արժեքավոր է տապանաքարի վրա պահպանված արաբատառ արձանագրությունը, որը շատ կարևոր տեղեկություն է հաղորդում Հայաստանի 13-14-րդ դարերի քաղաքական պատմությունն ուսումնասիրելու, հայ-մոնղոլական հարաբերությունների անհայտ էջերը պարզաբանելու տեսանկյունից:

Տապանաքարն առաջին անգամ ուսումնասիրել է ադրբեջանցի վիմագրագետ Մ. Նեյմատովան, եւ նրա արձանագրությունը թերի ընթերցմամբ հրատարակել է 1981 թվականին, Բաքվում:
Սակայն հետագայում, հայ հնագետ Ալեքսան Խաչատրյանի ջանքներով պարզվում է, որ այս հուշարձանը որեւէ աղերս չունի ադրեջանաթյուրքական մշակույթի հետ։ Վիմագիր տեքստի երկրորդ և ամբողջական վերծանությունը Ալեքսան Խաչատրյանի կողմից հրատարակվել է Երևանում, 1987 թվականին: Տեղական ավանդույթի համաձայն, այս և կողքի անարձանագիր տապանաքարերը պատկանում են ռազմի դաշտում զոհված Ասլան ու Ղափլան եղբայրներին, որտեղից էլ գալիս է հնավայրի և տապանաքարի «Ասլան-Ղափլան» ժողովրդական անվանումը:
Եվ այսպես, արձանագրութունը վկայում է, որ այն Սաադ ադ-դին բ. Սեյֆ ադ-դին էմիրի տապանաքարն է և թվագրված է 1305 թվականով՝Հայաստանում մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում։ Վիմագիրը սկսվում է Ղուրանից վերցված ընդարձակ հատվածով, որը ձոն է առ Աստված, ապա գալիս է բուն հիշատակագրությունը. «Այս է տապան ամենաբարձրյալ Ալլահի ողորմածությանը հասած հանգուցյալ տառապյալի` փառապանծ, մեծ Սաադ ադ-դին բ. (իբն) Սեյֆ ադ-դին էմիրի: Մահացել է Հիջրայի 704 թ. Ռամադան ամսին` երկուշաբթի օրը (28.03-27.04.1305 թ.)»
Սույն արձանագրությունը մոնղոլական տիրակալի մասին մեզ հայտնի միակ գրավոր սկզբնաղբյուրն է: Ամենայն հավանականությամբ, էմիրը եղել է մոնղոլական իշխանության ներկայացուցիչը Գեղարքունյաց գավառում և կառավարել է 13-14-րդ դարերի սահմանագլխին: Տապանաքարը համարվում է դեկորատիվ կիրառական արվեստի մաս։
Այն խոշոր է, բարձրիկ, ուղղանկյունաձև ու պատկերազարդ: Քանդակազարդ են ներքևից երկրորդ շարքի ուղղահայաց նիստերը, որտեղ պատկերված են վիշապամարտի տեսարաններ, այծերի ու անթամբ նժույգի բարձրաքանդակներ: Վերին` հորիզոնական, նիստը անզարդ է ու անարձանագիր: Արաբատառ թվակիր արձանագրությունը մեկ տողով, կոպիտ նասխ գրչությամբ շուրջանակի փորագրված է տապանաքարի վերնամասի (վերևից երրորդ ուղղահայաց նիստի) եզրերով:
Դժվար է կռահել՝ մոնղոլ տիրակալն արդյո՞ք իր համար իշխանանիստ բնակավայր է ընտրել Նորատուսին մոտիկ այս շեն-ամրոցը, թե ընկել է ճակատամարտում։ Սակայն, ամեն դեպքում, մոնղոլը եղել է նվաճող ու տիրակալ իշխանը, բայց քանդակն ու արվեստի այդ մնայուն գործը կերտվել են Հայաստանում, հայ վարպետի ձեռամբ ու մտահղացմամբ, ուստի այս հուշարձանը ոչ մի կերպ չի կարող համարվել մոնղոլական մշակույթի մաս։ Բացի արձանագրությունը, որն արաբատառ է, այն իր ոճի մեջ բացառապես հայկական է, որը գալիս է հայկական կիրառական արվեստի ու քանդակագործության ամենահեռավոր ակունքներից։
Հետաքրքիրն այն է, որ այս տապանաքարի գրեթե կրկնօրինակը գտնվում է Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, գրեթե նույն չափսերի ու զարդամոտիվների մեջ, միայն այն տարբերությամբ, որ միջնադարյան այս հուշարձանը չի կրում արաբատառ արձանագրություն։ Առավել հետաքրքիրն այն է, որ այս տապանաքարի մասին իր երկերում հիշատակություն է թողել հայ ականավոր հնագետ, ազգագրագետ Երվանդ Լալայանը՝ անգամ մեջ բերելով հայատառ արձանագրության բովանդակությունը։

«Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին պարսպապատ է, որի մեջը և շուրջը կան բավականաչափ խաչարձաններ և հասարակ տապանաքարեր։ Ամենից ավելի ուշագրավ է մի տապանաքար, 3 մետր երկարությամբ, 76 սանտիմետր լայնությամբ 1,08 մետր հաստությամբ։ Սրա երեսին նկարված է մի գավազան, որի երկու կողմը գրված է․ «Ես մելիք Ոհկես տապանս շինեցի հօր իմում մելիք Պարէքին»։ Այս արձանագրության վերեւ քանդակված է մի ռնգեղջյուր, որ կռվում է յուր վրա ցատկած վագրի հետ, իսկ ներքեւում՝ մի եղջերու՝ ոտների տակ մի վիշապ»։ Այս տապանաքարի արեւմտյան կողմը կանգնեցված է մի մի խաչքար, որի ճակատին գրված է․ «Կամավն Աստծոյ, ես Մելիք Բարէքս կանգնեցի զխաչս վասն փրկութեան հոգվոյ իմոյ։ Մելիքսեթ կամզող․ Բարէքին է խաչս։ Իսկ խաչքարի թիկունքին գրված է․ «Կամավն Աստծո, ես, մելիք Բարէքս, եղբայրն իմ Ստեփանոս քահանէն, որդին իմ Գունկչայ բեկն, հայրն իմ Գունդուզ աղեն, եկինք Գանձակայ, շինեցինք կարմունճս, շինեցինք շրջապատս, կանգնեցինք զխաչերս, որք երկրպագէք, յիշեցեք ի Քրիստոս»,-վկայում է Երվանդ Լալայանը։
Սույն արձանագրության հավաստումը Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում պահպանված խոշոր տապանաքարի վրա չկարողացանք նկատել՝ հուշարձանի՝ չափից դուրս մամռակալած լինելու պատճառով։ Բայց ուշադիր նայելիս մամուռի պատվածքի ներքո նկատվում են վիշապօձի ու այլ տարրերի քանդակները։
Նորատուսի տարածքով մեկ սփռված հազարից ավելի գեղաքանդակ խաչքար-տապանաքարերն ի լուր աշխարհի աներկբա փաստում են արվեստի այս սքանչելի կոթողների հայկականությունը, որոնց կողքին էլ անխոս պիտի դասվեն Յոթնաղբյուր բնակավայրի տարածքում պահպանված «Ասլան-Ղափլան» հուշարձան-տապանաքարը եւ նրա հարեւանությամբ գտնվող մեկ այլ, չափսերով համամատաբար փոքր, գեղաքանդակ ու անարձանագիր տապանաքարը։
Վիշապօձի պաշտամունքն ու խորհուրդը հայկական դիցաբանության, ժողովրդական բանահյուսության, գեղանկարչության, քանդակագործության ու զարդարվեստի պատմության մեջ գալիս է անհիշելի ժամանակներից՝ փոխանցվելով սերնդից սերունդ ու պահպանելով իր գեղագիտական, գեղարվեստական կիրառական նշանակությունը։

Այս մասին վկայում է հայ պատմաբան, բանասեր եւ արվեստագետ Ասատուր Մնացականյանը։ «Հայ ժողովրդի եւ նրա նախնիների հեռավոր անցյալում, որպես տոտեմ, մեծ տեղ են գտել նաեւ վիշապօձերը։ Ուստի եւ մեր զարդարվեստում հանդիպող վիշապօձերի մի մասը կապված է այդ պատկերացումների հետ․․․Հայ ժողովրդի դիցաբանության, զարդարվեստի պատկերացումների մեջ, որպես չար ու թշնամի ուժերի իշխող մարմնացում, նույնպես երեւան են գալիս վիշապօձերը։ Գլխավոր հատկանիշը, որով հնարավոր է տարբերել բարի վիշապօձերին թշնամի, չար օձերից, հետեւյալն է․ եթե այդ էակները պատկերված են ծնող զույգերով, կենաց ծառերով, առանձին, ապա դրանք բարի են։ Իսկ եթե հանդիպում են զանազան կենդանիների ու մարդկանց դեմ կռվելիս, կենաց ծառերը կլանելիս, ապա դրանք չար ուժերի մարմնացում են»,- իր հեղինակած «Հայկական զարդարվեստ» գրքում նկարագրում է Ասատուր Մնացականյանը։
Հնագետ, պատմաբան Լեւոն Մկրտչյանի կարծքիով՝ թե՛ «Յոթնաղբյուրը», թե «Ասլան-Ղափլանը» գիտական լուրջ ուսումնասիրման կարիք ունեն, որի դեպքում մենք կարող ենք գործ ունենալ մեր ժողովրդի պատմության համար անչափ կարեւոր նոր բացահայտումների հետ։
Խոսրով Խլղաթյան