Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ռուզան Վարդանյան․ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

 

 

/Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում/

Ռոստոմը ընկերաբար է հաղորդակցվում երեխաների հետ, որոնց մեջ կան նաև քաղաքից եկածներ։ Նրանցից մեկը նախկին ծմակուտցու որդի է, որի հայրը քաղաքում գեներալի կոչում է ստացել։ Տղան կապվում է Ռոստոմի հետ ընկերական սիրով և աշխատանքների մեջ հետևում է նրա օրինակին, իսկ Ռոստոմը խոստովանում է, որ տղայի՝ իր վարքին ու բարոյականությանը հավանություն տալը խորապես հուզել է իրեն։ Ռոստոմն ուրախանում է, որ նոր սերունդը ընդօրինակում է իրեն։ Պարզվում է նաև, որ մանկահասակ տղան գյուղի մասին պատմություններ է լսել իր հորից, ինչը առանձնապես շոյում է Ռոստոմի ինքնասիրությունը։ Ռոստոմը լավ է ճանաչել տղայի Մելիք պապին, սակայն տղայի անունը Ֆելիքս է, Մելիք չէ նաև նրա եղբայրներից և որևէ մեկի անունը։ Տղան հասկանում է իր հաղորդած տեղեկության ծանրությունը և ավելացնում․ «Գնդապետն իր երեխեքի համար ուրիշ պապ է գտել՝ Ջոնռիդ, Լեոնիդ, Ֆելիքս»։

Հերոսի պայքարի մեկ այլ դրսևորում ուղղված է գյուղերի միավորման դեմ, որի մասին հրաման են արձակում «վերևները», իսկ զարգացման հեռանկար ունեցող գյուղերը, «պապերի ջաղացատեղիով» հանդերձ միաձուլվում, կորցնում են իրենց դեմքը և բոլոր պատասխանատուներին ազատում հոգսերից։ Գնդապետին դուր չեն գալիս գյուղերի բնակիչների ընդդիմադիր հայացքներն այս հարցի առնչությամբ և նա կշտամբանքով հորդորում է վերջ տալ Հովիտ, Ծմակուտ «տեղական գզվռտոցին»։

Ռոստոմը, ապրելով ամեն օրվա բերած պայքարի բովում, գիտակցում է իր իսկական արժեքը և «փառք է» համարում «համատարած գողության ու էն մյուսի մեջ» իր դիրքերում ամուր մնալը։ Ռոստոմի ծանրակշիռ հանգամանքը գիտակցում և խոստովանում է նաև նրա հակառակորդ թզուկը՝ «իրա նման տասը տղա լիներ՝ Ղարսը հիմա մերն էր»։

Տերը, որի հաղթանակը Մաթևոսյանը փափագում էր ի խորոց սրտի, պարտվում է։ Գյուղը ժամանակի ընթացքում համակերպվում է նոր «խազեինի» գոյության և նրա՝ գյուղի «ջաղացին ու ծառին» տեր կանգնելու նախաձեռնության հետ։ Գյուղական պարզամտությամբ այդ բանի հետ համաձայնում են նաև Ռոստոմի քույր Շուշանը և վերջինիս որդին, իսկ Ռոստոմի մեջ պայքարող անհաշտ ու աննահանջ Տերը անզոր է այլևս ինչ-որ բան փոխել։ Այդ է պատճառը, որ վերջին տպավորիչ վրձնահարվածներով Մաթևոսյանը նկարագրում է գյուղի ժողովրդական զանգվածը կատաղի ուժով ճեղքող, խորովածի շշերը շրջող, հյուրասիրությունը գետնող Ռոստոմին։ Գյուղի հնազանդությունը բավական չէ, մյուս կողմից էլ պառավի խայթոցն է նրա հոգին ալեկոծում՝ «քո հերը քեզ անտառից է գտել, դու դեն գցած ես եղել»։ Թզուկը իր հյուրասիրությունը տապալողի առաջն առնելու համար ոչինչ չի ձեռնարկում, իսկ մյուսներին հորդորում է՝ «թողեք տրորի, հանգստանա»։ Ռոստոմի վրա առանձին տպավորություն է գործում ամբոխի մեջ գտնվող իր ապօրինի որդին․ հոր հարձակմանը ենթարկվելիս նա ոչ միայն չի վախենում, այլև կռվողի հոգեբանությամբ ընդդիմանում, առաջ է մղվում։

Գյուղը նստում է հացի։ Մի բուռ մնացած, մաղված, տնտեսություն առ տնտեսություն կողպված Ծմակուտը կուլ է գնում «վերևներին»։ Իրադարձություններին ականատես երեխաները չեն մոտենում այն հյուրասիրությանը, որը, որոշ հանդարտությունից հետո, առաջարկվում է իրենց։ Գուցե թե հարազատ պապերի թողած անտառի, ջրաղացի, այգու, գոմի, հիշողության, երազանքի, հնավանդի, արժեքավորի, երկրի, անտառի ու որբության Տերը պարտվում է, սակայն նրա ազնիվ և նվիրված աշխատանքին հետևող երեխաները՝ նոր սերունդը, թիկունք է դարձնում դեպի օտար, ապօրինի տերերը։

Ծմակուտի ավանդապահ բնակիչները («Տաշքենդ»)

Մաթևոսյանի ստեղծագործությունները ինքնատիպ լինելուց զատ՝ խորն են, ուղղված են հարցի ներքին ոլորտներին։ Այս հատկանիշը բնորոշ է հատկապես «Տաշքենդ» վիպակին։

Ընտանիքի ամրությունը, սերը, ջերմությունը, խոհեմությունը, փոխըմբռնումը Մաթևոսյանի երկերում մշտապես արծարծվող գաղափարներից են։ Այդ գաղափարները դարերի, հազարամյակների ծնունդն են, որոնց կորուստը նշանակում է բարոյականության կորուստ։ Մաթևոսյանի երկերում ակնածանքի ու գնահատանքի առարկաներ են հայկական ընտանիքի համակեցության սրբազան դարձած ձևերը։ Գրողն իր շատ երկերում ցավ ու ափսոսանք է ապրում այս արժեքների կորստի համար։ «Տաշքենդ» վիպակում այս մասին խոսվում է ամենասկզբից։

Վիպակը սկսվում է այն հերոսների մասին պատմություններով, ովքեր մարդկության պատմության բարձր արժեքներից մեկի՝ բարոյական նորմերի պահապաններն են։ Նրանց բարոյականությունը ժառանգվել է իրենց ավագներից, իսկ իրենք ավանդելու են իրենց կրտսերներին։

«Տաշքենդ»-ում բարոյականության կրողներից մեկը Ջանդառն է։ Նրա տունդարձն ու շտապողական գործողությունները՝ նվերներ բաժանելը, «որձ» գառ մորթելը, մեծ խանդավառությունը, սկզբում կարող են անտեղի կամ անհասցե թվալ, սակայն չեն կարող չնպատակադրված համարվել։ Ջանդառը, իր տնից և ընտանիքից հեռու գտնվելով, խոտհարքի ժամանակ, անբացատրելի կերպով կանխազգացել է ընտանիքի հետ տեղի ունեցող անախորժությունը․ նորատի հարսը ոչխարները տարել է արածեցնելու և դրանցից քսանհինգը գողացել են։ Ջանդառը գերանդին թողել և ճամփա է ընկել՝ որոնելու կորուստը։ Բաճկոնի գրպանում ընդամենը երեք ռուբլի է ունեցել, թե երբվանից և թե ինչպես մնացած՝ չի հիշել, առանց սննդի, այդպես անպատրաստ, Կեչուտով ու Ղազախով, Երևան-Թբիլիսի ավտոբուսով, մի մասը՝ ոտքով, մի մասը՝ ձիով, հայ-թուրքական  Ոսկեպարներով անցել է ու գտել կորուստը, ապա չորքոտանիներին տեղավորել է մի բեռնատարի մեջ և վերադարձրել տուն։ Թեև գնացել է անպատրաստ, սակայն վերադարձել է պատրաստված և կարոտած։

Առավոտ կանուխ, երբ գյուղը դեռ ամբողջությամբ չի արթնացել, նա կորուստը և դեռ ավելին վերադարձրած է եկել։ Ջանդառը կնոջ՝ Սոփըկի և նորահարսի համար ծաղկավոր շալեր է բերել, Թևանի համար՝ ծալովի դանակ ու ռադիոյի լիցքեր, Թևանի երեխայի համար՝ մի մեծ կտոր հալվա, գրպանի խակ զկեռները նույնպես Սոփըկին է տվել և երեք օրվա իր ունեցած ուտելիքը նույնպես խակ զկեռ է եղել, որ բկին է մնացել։

Որքան էլ տարօրինակ հնչի՝ Ջանդառի ընտանիքի պատմությունը դասական ընտանիքի պատմություն չէ։ Իհարկե, բազմաթիվ ընդհանրություններ ու զուգահեռներ կարելի է գտնել այս և Ծմակուտյան այլ ընտանիքների միջև, սակայն Ջանդառը փոքր-ինչ այլ աչքով է նայում ընտանիք հասկացությանը։ Նա  ոչխարները գտնելու համար օրեր շարունակ չարչարվել է, սակայն գործը հաջողելուց հետո ամեն բան անում է, որպեսզի նորահարսը անգամ չկռահի, թե կենդանիներն անհետացել են իր առջևից։ Դրա հետ մեկտեղ Ջանդառի տունդարձը կարոտած, ոգևորությամբ, ընտանիքի հանդեպ երախտագիտությամբ լի վերադարձ է։ Գտնված ոչխարներից մի որձ մորթելով հարազատներին հենց այս մասին է ակնարկում։ «Սա մի աշխարհ է, — նկատում է Վ․ Գրիգորյանը, — որտեղ մարդիկ հարգում են միմյանց, ուշադիր են ու դրա դիմաց ոչինչ չեն պահանջում․ դա նրանց բնական վիճակն է»։

Բնական ընթացքից չշեղվելու համար Թևիկը չի շտապում շնորհակալություն հայտնել Ջանդառին, քանի որ այս մարդկանց համար վերջինիս սերը, ջերմությունը չտեսնված, նորահայտ մի բան չէ, քանի որ շնորհակալությունը կարող է ճիշտ չընկալվել այս միջավայրում և օտարել Թևիկին հարազատների շրջանակից։

Ջանդառի ակտիվությունը փոխանցվում է նաև ուրիշներին, ամենքն անցնում են իրենց գործերին, բայց ուրախությունը աստիճանաբար տեղի է տալիս․ «Ջանդառի աչքերը լցվեցին, Ջանդառս օրիորդի պես լաց եղավ»։ Սա իր պատճառն ունի։ Ջանդառն, ինչպես ասացինք, ճանապարհի կեսը ձիով է անցել, ձին ծմակուտցի Սիմոնինն է եղել, սակայն Ջանդառը ստիպված է եղել արձակել կենդանուն՝ չիմանալով նրա հետագա ճակատագիրը։ Հոգու խորքում հույս է տածել, որ ձին ճանապարհը կհիշի, ինքնուրույն դուրս կգա ձորից և կհասնի իր տիրոջը։ «Ձին, հասկանում ենք, ամեն տեղ ձի է (Ղազախի ու Կենտրոնի մորթարանները մոռանանք), բայց մեր սիրտը մի քիչ թուլանում է՝ երբ մեր Ծմակուտի ձիերին, տղերքին, գնացած աղջիկներին, վաճառված կովերին, աստծու գառներին պատկերացնում ենք օտարության մեջ, կարծում ենք նրանք բոլորն էլ մեզ նման կարոտ ու տխրություն ունեն, օտար իրիկվա մեջ կանգնում են ու լացները գալիս է»։ Ձին իսկապես դուրս է եկել ձորից, գնացել ու հասել է իր տիրոջը, ինչը Ջանդառը գնահատում է իրեն հոգեհարազատ տեսանկյունից՝ «հայրենիքն ուրեմն քաշե՜լ, էն ձորից հանել է»։ Ջանդառի մտահոգությունն առհասարակ մեծ է այն ամենի շուրջ, ինչը Ծմակուտինն է, հայրենական է, սրտամոտ է։

Սիրուն Թևիկն իր հերթին և՛ խանդավառության, և՛ չարչարանքների, և՛ ծանր  վշտերի միջով է անցել։ Սակայն բոլոր շրջաններում նա ամենքից տարբեր է եղել, ուրիշ է եղել։ Նրա ուրիշությունը նախ նրա ազնվության մեջ է, ապա՝ բարության, նա ուրիշ է եղել իր բնույթով։ «Բարի» լինել անբարոյական իրականության մեջ,-նկատում է Վ․ Գրիգորյանը, — նշանակում է իր վրա վերցնել միջավայրի աղտեղությունների ողջ պատասխանատվությունը»։

Ջանդառի խանդավառության րոպեներին մենք Թևիկին տեսնում ենք գյուղական ու ընտանեկան գործերին կարծեք թե անմասն, անտարբեր, կոստյումը հագին, միտքը՝ Տաշքենդի ճանապարհին։ Նա պատկանում է մարդկանց այն տեսակին, ովքեր սեփական դժբախտության հետ լռությամբ են ապրում։ Սիրուն Թևիկի մասին դժվար է հիշել որևէ այպանելի, պախարակելի արարք։ Եթե նույնիսկ կարելի է, ապա Վարդոն՝ Թևիկի կինը, այն թողել է անցյալում։ Բուն պատմությունն այսպես է եղել․ Թևիկի եղբայր Ակոփը գնացել է պատերազմ ու չի վերադարձել, կինն այրիացել ու որդիները որբացել են։ Ընտանիքը ճանապարհել է նաև մյուս եղբորը, որից անգամ լուսանկար չի մնացել։ Ակոփի լուսանկարի մի օրինակը հիշեցրել է իր մասին, մյուսը՝ եղբոր՝ Մանվելի։ Պատերազմող աշխարհը տղամարդկանցից այնպես է աղքատացել, որ այրիացած ղաչաղ հարսը պատանի Թևիկի մեջ իսկական տղամարդու է տեսել, իսկ Օհանը՝ Թևիկի ավագ եղբայրը, նրանց միասին տեսել և համարել է, որ նման բան «չի եղել», երկուսին միմյանցից մահակով զատել, և համարել է, որ «սխալ է տեսել»։ Ղաչաղը փորձել է արդարանալ՝ հիշելով, թե գյուղում ով ում հետ է ճիշտ ճանապարհից թեքվել, թե մեծ տղամարդիկ ջահել աղջիկ են ընտրել, թե ինքը կարող էր երեք որբերին թողնել ու ամուսնանալ, անգամ փորձել է  իր անմեղությունը հիմնավորել հարևան ազգերին հիշելով․ «․․․Էդպես ժողովուրդ չկա՞, որ ախպերը զոհված ախպոր կնկան ուզի – հենց իմանաք մի թուրք էլ մենք ենք»։ Թևիկն ընդամենը գնացել է իրեն կանչողի ետևից։ Նրա այդ քայլը գիտակցված չի եղել։ Թևիկն այդ պատմության մեջ «գլխին խփած» երեխա է հիշեցնում, ինչպես նրա մասին հիշատակել է Օհանը։

 

23 դիտում