Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ռուզան Վարդանյան․ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

ԱԶՆՎԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ

 

Անցյալի ժառանգությանը տեր լինելու  և ապագային ավանդելու մղումը («Տերը»)

Ապագայի մասին պատկերացումները հաճախ կարող են իրենց մեջ անըմբռնելի սահմաններ ամփոփել, սակայն, եթե հաշվի առնենք, որ ներկայում մեր կողմից պարպվող ամեն ակնթարթը դառնում է անցյալ, իրատեսական կդառնա այն, որ անցյալը, ներկան և ապագան մեկ ընդհանուր համակարգի՝ միմյանց համակցված բաղադրիչներ են։ Պարզապես, երբեմն ապագան թվում է հեռավոր և ուշ հասանելի՝ պարփակելով իր մեջ նոր ու անծանոթ, սակայն հավանական հնարավորությունների ամբողջություն։

Մեծ նշանակություն ունի, թե մարդը ինչ է տանում դեպի ապագա ներկայից և անցյալից և մարդկային գործոնն այս հարցում նշանակալի է․ նա է իր անցյալի և ներկայի տնօրինողը, ուստի կարող է լինել նաև իր ապագայի ճարտարապետը։ Ապագան նախագծվում է անցյալում և հաստատվում, ամրագրվում է ներկայում։

Ապագայի նկատմամբ հետաքրքրությունը ոչ թե համեստ դրսևորումներ, այլ մեծ նախաձեռնողություն, կառուցողական մտածողություն պետք է ունենա իր մեջ՝ գտնելու համար ցանկալի հանգրվանը։ Մարդու ընթացքը դեպի ապագա կարող է «ընդհատվել» անցյալ-ներկա-ապագա հաղորդակցության անտեսման, անցյալի ու ներկայի անսահմանափակ թվացող հոգևոր և նյութական միջոցները պատշաճ կերպով չարժևորելու հետևանքով։

Ժամանակի երեք կարևորագույն հանգրվանները արժևորելու, հայ մարդու մեջ իր ունեցածի տերը լինելու առաքելության որոնումների, կորսվող ազնվականության, խաթարվող ավանդականության և բազմաթիվ այլ հիմնահարցերի շուրջ է ձևավորված Հրանտ  Մաթևոսյանի «Տերը»  վիպակը։

«Տերը» վիպակին նույնպես խորթ չէ գյուղական պատկեր լինելու մաթևոսյանական գիծը, սակայն ներսում ապրում է հեղինակի՝ Հայոց աշխարհի համար մի իսկական Տեր որոնել-գտնելու վաղեմի երազանքը։ Մ․ Զաքարյանը գրում է․ «Ազգային գրականության մեջ Հր․ Մաթևոսյանը նոր տեքստ է զարգացնում, որի էությունը, կառուցվածքն ու բնույթը ներծծված են ժամանակի սթափ զգացողությամբ, յուրաքանչյուր սերնդի կողմից սեփական ժամանակն ու տարածությունն ապրելով արարելու տրամադրությամբ, համաձայն որի՝ դու ապրում ես ոչ միայն քո, այլև քո երկրի, պետության, ազգի բարօրության համար և կատարելով քո պարտականությունները՝ դառնում ես Տեր»։ Հնարավոր է, որ այդ երազանքների շնորհիվ էլ հերոսի մեջ նահապետի՝ ընտանիքի մեծ հոր հատկանիշներ են ձևավորել, ինչի արդյունքում էլ Ռոստոմն իր հարազատներին դիմում է «մեր տիկինը, մեր քվեր, մեզնից սերվածը, մեր հայրը» և համանման այլ եղանակներով, մի բան, որն ընդունված է եղել հայոց մեջ հեռավոր անցյալում։

Հայ ընտանիքում մի կողմից նահապետը չի արտաբերել մերձավորների անունները, մյուս կողմից ընտանիքի անդամներին արգելված է եղել նրա հետ ուղիղ կերպով հաղորդակցվելը և անունը հնչեցնելը։ Այդ առիթով Ռ․ Նահապետյանը նկատում է․ «Ընտանիքի տարբեր անդամների միջև հարաբերությունները պայմանավորված էին գոյություն ունեցող ավանդական նորմերով։ Ըստ այդ սովորույթի՝ տաբուացված էր գերդաստանի տարեց անդամների, ամուսինների անուններ տալը։ Հարգի էր կնոջը ոչ թե անձնանվան, այլ նրա ծննդավայրի կամ ծնողների անունով դիմելը․․․»։ Ահա առաջին վկայություններից մեկն այն մասին, որ Ծմակուտի անտառապահ Ռոստոմ Մամիկոնյանը ավանդականության կրողն է։ Շտապենք նկատել, որ Մաթևոսյանի ստեղծագործության մեջ ավանդականության կենդանի կրողներից մեկ էլ Ծմակուտն է։ «Ծմակը Հրանտ Մաթևոսյանի արձակում նաև հենակետային փոխաբերություն է, որը ամենանեղ իմաստային օղակներով նույնական ուղեծրով ընդարձակվում է որպես էթնոտարածություն՝ ձգտելով նախասկզբին, — ընդգծում է Ս․ Ավետիսյանը։ — Այսպիսի մոդելավորման պարագայում կունենանք դեպի դուրս ընդարձակվող տուն-ծմակ, գյուղ-ծմակ, գավառ-ծմակ, երկիր-հայրենիք-ծմակ կառույցը: Ծմակն ինքնության խարիսխն է, մեծ իմաստով` բնօրրանը, էթնոսի ամրացման ու բնականոն աճի կենսամիջավայրը, իսկ որոշակիորեն տեղայնացված Ծմակուտն է՝ ամրացման կետը հերոսների, ովքեր Մաթևոսյանի կողմից առաջադրված հակադրությունն էին խորհրդային պարտադրված ինտերնացիոնալիզմին, և, անշուշտ, դյուրին չէր լինելու նրանց ծնունդը սոցիալիզմի ծաղկման փուլում»:

Ռոստոմը հասարակ անտառապահ չէ։ Նրա առաքելությունը կայանում է մարդու՝ անձնական պատասխանատվությամբ առաջնորդվելով ապրելու մեջ, ընդ որում այդ պատասխանատվությունը պետք է լինի ինքնաբուխ, չպետք է թելադրվի որևէ սուբյեկտի կամ օբյեկտի կողմից։ Հերոսի շրջահայաց դատողությունը նրան մոտեցնում է սեփական ինքնության ճանաչման և դրա պահպանման խնդրառությանը։ Այս իմաստնությամբ էլ կոնֆլիկտներ են ձևավորվում Ռոստոմի և արտաքին աշխարհի միջև։

Հերոսի մեջ մեկտեղված են Ծմակուտի բոլոր խնդիրները, որոնցից մեկը բազմաթիվ երիտասարդ ընտանիքների հեռանալն է բնօրրանից։ Գյուղի բնակչության զգալի մասը ծերեր են։

Ռոստոմը անհրաժեշտություն է համարում ճակատ ճակատի պայքարելու գնով պահպանել գյուղում երբևէ երկու հարյուր գլուխ անասուն տեղավորած գոմը։ «Վերևներից» նախատեսել են այն քանդել, իսկ գոմի հողակտորի վրա անտառտնտեսության ղեկավարի համար գետափնյա մենատուն կառուցել․  «Երկու հարյուր կով է կապվել էս գոմում, ամեն մայիսի երկու հարյուր հորթ է դուրս եկել էս դռնից, կյանք ու ուրախություն է եղել էստեղ․․․»։ Մենատան կառուցման համար երեսուն կաղնի է պահանջվում, երեսուն կտրված ծառ։ Ռոստոմը երեք ձեռնարկներին էլ դեմ է, իսկ ծմակուտցիները համաձայն են նրա հետ։ Գյուղացիներին հարազատ է այն, ինչը տարիներ ի վեր ծառայել է իրենց՝ «․․․կալի երեկվա ձայներն ախր դեռ մեր ականջներում էին»։

Ռոստոմ Մամիկոնյանը այն կորովի ծմակուտցին է, որը փորձում է այսօր եղածի Տերը լինել, և փոխանցել այն վաղվա տերերին։ «Մամիկոնյան» ազգանունը առիթ է ստեղծում հավատալու, որ Տերը նա՛ է, նույնիսկ անկախ այն բանից, որ Վաթանանց Եգորի տղան է։ Մի առիթով, հիվանդության քարտը լրացնելիս, Ռոստոմի կինը բուժքրոջը բացատրել է, թե Վաթինյան չէ, թող գոնե Սարգսյան գրի, եթե ոչ, ապա՝ Մամիկոնյան, քանի որ «էս երկիրը Մամիկոնյաններինն է եղել, ինքը Մամիկոնյան է ստորագրում»։ Ռոստոմն էլ այդպես է տրամաբանում և իր մասին խոսում է «մենք»-ով՝ «…ուզում ենք, մատաղ, Անդրանիկ զորավար լինենք»։

Գյուղացիներին խորթ են բազմաթիվ «բաճկոնավորները», որոնք մենատան կառուցման նպատակով եկել են գյուղ։ Եթե հետաքրքրասեր ամբոխի միջով այս ու այն կողմ ուղևորվող ծմակուտցիները բաճկոնավորների համար «եզ» են, ապա վերջիններն էլ գյուղացիների աչքում «օտար մարդիկ են»։ Գյուղացիների վերաբերմունքը անտառտնտեսության ղեկավարի նկատմամբ ոչ միայն բարեկամական չէ, այլև լցված է խռովքով ու զայրույթով, սակայն ոչ թշնամությամբ․ «Դա տնեցու զայրույթ էր, բայց նա մեզ հենց թշնամու տեղ էր դնում, և այդուհանդերձ մեր արարքը նույնպես մեծ տնեցու եղավ – ծոծրակը մի ձեռքով բռնած հրելով մի կողմ քշեցինք․․․»։

Անտառտնտեսության ղեկավարը ուզում է սեփական նպատակներին ծառայեցնել նաև «ջաղացատեղին»։ «Վերևներից» կարգադրել են՝ ջրաղացը տալ՝ ում պետք է, իսկ կարգադրողը «պինդ կրունկ է» և ցանկալի չէ, որ Ռոստոմը տակն ընկնի։ Ռոստոմը պայքարում է նաև այդ որոշման դեմ, մինչև պարզվում է ամենացավալին․ «Պատրաստի ալյուր ենք ստանում, ավերակ ջաղացը մեր ինչի՞ն է պետք»,-ասում է անտառտնտեսության ղեկավարը։

Ռոստոմը, թեև ծմակուտցի չէ, սակայն ամենքը նրան համարում են բնիկ, և ինքը շատ լավ է հասկանում դրա խորհուրդն ու իր առաքելությունը։

Եղել է մի ժամանակ, որ ներկայիս թափուր դպրոցի տեղում այգի է եղել, որը պատկանել է Ռոստոմի պապին։ Դպրոցը, որտեղ ինքը սովորել է, որտեղ այժմ ձիու ոտնաձայները արձագանք են տալիս, կառուցվել է հետո․ «Ինչպես որ գերեզմանոցն է պառավում, ինչպես որ մեղվի փեթակն է քաղցած ձմեռվա մեջ հանգչում — մենք դեռ չէինք հավատում, որ դպրոցն այդպես մարել է, կյանքը իր հին կեղևն այստեղ լքել ու ինքը հեռացել է քաղաք, բայց այդպես էր․․․»։ Ռոստոմը պայքարում է հանուն անտառի վերականգնման, հանուն դպրոցի վերաշինության, հանուն գոմի ու ջրաղացի պահպանության։ «Ռոստոմը պարզ գիտակցում է, որ ընդդիմանալ համատարած ու ընդգրկուն պրոցեսներին կամ ետ բերել անցյալը, իսկապես, անհնարին է։ Իսկ ահա որոշ կորուստների կանխումը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ», — նշում է Ս․ Փանոսյանը։

Ծմակուտի անտառտնտեսության ղեկավարը, որն աշխարհի թաքուն տեր է հիշեցնում, երբեմն քթի տակ ծիծաղում է Ռոստոմի վրա, սակայն հոգու խորքում այլ զգացողություններ ունի․ «․․․Բայց նա մեզ նաև ատում էր կամ նախանձում էր, թերևս, մեր առողջ հզորության, թերևս մեր ներքին միամտության և աչքի լիության համար, մի խոսքով՝ աշխարհի ու մարդկանց մասին նրա պատկերացման կաղապարը մեր կերպարը չէր վերցնում»։ Իհարկե, նա չէր կարող ըմբռնել Ռոստոմի մարդկային հատկանիշները, նրա դիրքավորումը կորսվող պապենական ժառանգությունների նկատմամբ, քանզի լինելով ընդամենը անտառտնտեսության ղեկավար, չէր կարող հասկանալ գյուղացիների օրգանական կապը Ծմակուտի հետ։ Նա զուտ պետական պաշտոնյա էր, որը եկել ու բախվել էր ծմակուտցիների համառությանը, հայրենի գյուղում իրենց տանուտեր զգալու նրանց իրավունքին և պարտականությանը, և դրանք այնքան բնական էին, որ պաշտոնական իրավունքով հաղթահարելի չէին։ Ավելի ուշ Ռոստոմը ցավով արձանագրում է, որ ծմակուտցիների տանուտիրական այդ գիտակցության մեջ ժամանակի ընթացքում շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել․ «Այդ՝ փոքր հայրենիքի, փոքր հայրենիքում մարդու ազատության և օտար վայրերում մարդու անազատության ժամանակներն անցել էին, ոչ ոք այստեղ օտարություն չէր քաշում, — եզրակացնում է Ռոստոմը, — օտարը, թերևս, մենք էինք՝ մեր հին ժամանակներից ընկել էինք նոր ժամանակներ»։

Ժամանակի հովերը, ինչ խոսք, դիպչել էին Ծմակուտին, սակայն դեռևս չէին թափանցել մինչև խորքերը։ Այստեղ դեռ ամեն երևույթ իր անունն ուներ, անցանկալի իրողությունները՝ նույնպես։

Քաղաքից գյուղ եկած Մարոն և նրա դուստրերը վատ օրինակ էին գյուղի համար։ Ամոթալի էին Մարոյի բաց ծնկները, թփուտի մոտ մորի ծամելը, պարանին ներքնաշորեր փռելը և գյուղամիջի անցանկապատ տունը՝ միակ անցանկապատը ամբողջ գյուղում։ Ռուստոմը Մարոյից չէր թաքցնում, որ նրան «տեսնելն արդեն մեծ մեղավորություն է», սակայն իրեն գյուղի տերն ու խնամակալն էր համարում. «Հո՛պ,-ասացինք,-ո՛տն արա, իրենց քաղաքում քու էդ ասածը գուցե էին, բայց մեր երկրում են, իմ սահմանը ոտ են դրել՝ իմ ժողովուրդն են ու բերանդ, մանավանդ էս տանը, մաքո՛ւր բացիր»։

26 դիտում