
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում նախագծային աշխատանք է իրականացվել «Քիմիա» առարկայից՝ «Խառնուրդների բաժանման եղանակները՝ որպես նախագծային ուսուցման արդյունավետ գործիք» թեմայի շրջանակներում։
Ժամանակակից հանրակրթական համակարգում առաջնահերթ է սովորողների ակտիվ մասնակցությունը ուսումնական գործընթացին և գիտելիքների կիրառական ուղղվածության ապահովումը: Այս համատեքստում նախագծային ուսուցումը դիտարկվում է որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում: Սույն հոդվածի նպատակն է` ներկայացնել Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում իրականացված «Խառնուրդների բաժանման եղանակները» թեմայով նախագծային աշխատանքի փորձը և դրա ազդեցությունը ուսումնական գործընթացի արդյունավետության վրա:
Նախագիծը ղեկավարել է քիմիայի ուսուցչուհի Լուսինե Ղազարյանը։
Նախագծի հիմնական նպատակը խառնուրդների և դրանց բաժանման եղանակների վերաբերյալ սովորողների գիտելիքների համակարգումն ու խորացումն էր:
Առաջադրված խնդիրներն էին՝ ձևավորել խառնուրդների տեսակների վերաբերյալ հստակ պատկերացումներ, ծանոթացնել խառնուրդների բաժանման հիմնական եղանակներին և դրանց կիրառելիությանը, զարգացնել հետազոտական, փորձարարական և վերլուծական հմտությունները, խթանել համագործակցային ուսուցումն ու պատասխանատվության զգացումը։
Նախագծային աշխատանքն իրականացվել է փուլային մեթոդաբանությամբ: Նախնական փուլում ուսումնասիրվել են խառնուրդներ հասկացությունը և դասակարգումը: Հաջորդ փուլում խմբային աշխատանքի միջոցով սովորողները ուսումնասիրել են խառնուրդների բաժանման եղանակները՝ զտում / ֆիլտրում/ , նստեցում, գոլորշիացում, թորում, մագնիսական բաժանում, քրոմատոգրաֆիա։

Գործնական փուլում իրականացվել են պարզ փորձեր՝ աղերի ջրային լուծույթների բաժանում շոգիացման եղանակով, սպրիտի ջրային լուծույթի բաժանում թորման սարքի կիրառմամբ, անհամասեռ խառնուրդների բաժանում նստեցման և ֆիլտրման եղանակներով և այլն:
Աշխատանքի ամփոփման փուլում սովորողները ներկայացրել են իրենց արդյունքները սահիկաշարերի, պաստառների և բանավոր զեկույցների միջոցով:
-Նախագծի իրականացման արդյունքում նկատվել է սովորողների ճանաչողական ակտիվության աճ, թեմայի վերաբերյալ գիտելիքների ամրապնդում և գործնական հմտությունների զարգացում: Սովորողները կարողացան հիմնավորել խառնուրդների բաժանման տարբեր եղանակների ընտրությունը կոնկրետ օրինակների միջոցով և կիրառել ստացված գիտելիքները գործնական իրավիճակներում: «Խառնուրդների բաժանման եղանակները» թեմայով իրականացված նախագծային աշխատանքը հաստատում է նախագծային ուսուցման արդյունավետությունը 7-րդ դասարանում քիմիայի դսավանդման ընթացքում: Այն նպաստում է ուսուցման որակի բարձրացմանը, սովորողների ինքնուրույնության և համագործակցային կարողությունների զարգացմանը: Նմանատիպ նախագծերի կիրառումը նպատակահարմար է ընդլայնել հանրակրթական դպրոցներում ,-ներկայացրեց Մարտունի քաղաքի Մնաց Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանը:
«Գեղամա աշխարհ»