Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառի Պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի ելույթը Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստում

Մեծարգո մարզպետ, մարզխորհրդի նիստի հարգարժան մասնակիցներ, խորհրդանշական է, որ հենց 2025 թվականի վերջին աշխատանքային օրն է կայանում ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստը, և համայնքային ու մարզային պատասխանատուները՝ ըստ ոլորտների ներկայացնելու են ողջ տարվա ընթացքում կատարված ծավալուն աշխատանքների հիմնական արդյունքները՝ նախանշելով անելիքները։

Ես շնորհակալություն եմ հայտնում հանրօգուտ աշխատանք կատարող անձանց, հողի աշխատավորներին, բոլոր նրանց, ովքեր ուսուցանում են և բժշկում, կառուցում են և բարեկարգում, ովքեր բարիք են արարում՝ ապահովելով հանրության կյանքի որակն ու հարմարավետությունը։

Շնորհակալություն եմ հայտնում մարզպետ պարոն Կարեն Սարգսյանին՝ Գեղարքունիքի մարզում բազմաճյուղ ծրագրեր կյանքի կոչելու, այդ ծրագրերը օպերատիվ համակարգելու, տարածքային կառավարման գործառույթները հստակորեն իրականացնելու և Գավառի պետական համալսարանի հետ արդյունավետ համագործակցելու համար։ Պարոն Սարգսյանը նաև  համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է և այդ կարգավիճակում ևս աջակից է լինում մեզ։

Շնորհակալություն եմ հայտնում Գավառ համայնքի ղեկավար պարոն Գուրգեն Մարտիրոսյանին և  համայնքի ավագանուն՝ տարիներ շարունակ սոցիալապես անապահով բազմաթիվ ուսանողների ուսման վարձը վճարելու, նրանց այնքան անհրաժեշտ նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելու, համալսարանի հետ կապված բոլոր հարցերին դրական լուծում տալու համար։

Շնորհակալություն Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի համայնքապետերին, մարզի բոլոր կրթական հաստատությունների՝ դպրոցների և քոլեջների տնօրեններին, առողջապահական, սոցիալ-մշակութային կառույցների, իրավապահ մարմինների ղեկավարներին, բանկերի կառավարիչներին, բոլոր գործընկերներին՝  տարբեր ձևաչափերով համալսարանի հետ գործակցության, ուսանողների պրակտիկաների անցկացման, փորձուսուցման ապահովման և որպես գործատու հանդես գալու համար։

Արդեն երեսուներեք տարի Գեղարքունյաց աշխարհում տրոփում է համալսարանական կյանքի զարկերակը՝ իրականացնելով կրթական և գիտահետազոտական ծրագրեր, տարածելով գիտելիք և բարձր արժեքներ, դառնալով լույսի և վստահության աղբյուր, շարունակաբար ընդլայնելով միջազգային գործընկերության ուղեծիրը։ Համալսարանն ունի ավելի քան 9000 շրջանավարտներ, ովքեր իրենց նպաստն են բերում հասարակության և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների զարգացմանը։

2025 թվականին համալսարանն ավարտեց 188 շրջանավարտ, և ընդունվեցին  234 ուսանող՝ առկա և հեռակա ուսուցման համակարգեր։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2025 թվականին Գավառի պետական համալսարանի ուսանողները ՀՀ լավագույն ուսանող մրցանակաբաշխության հաղթողների շարքում են։

2024-2025 ուսումնական տարում համալսարանը կազմակերպել է հանրապետական և միջազգային 4 գիտաժողով, որոնց արդյունքում հրատարակել ենք գիտական հոդվածների 5 ստվարածավալ ժողովածուներ։ 2025 թվականին անցկացրել ենք ուսանողական գիտաժողով, որին մասնակցել են հինգ երկրի 40-ից ավելի բուհի 87 ուսանող և նրանց դասախոսները՝ որպես գիտական ղեկավարներ։ Մեր գործընկեր բուհի՝ Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի միջոցներով տպագրել ենք ուսանողական գիտաժողովի նյութերը։ Բոլոր գիտական պարբերականները հասանելի են համալսարանի պաշտոնական կայքի «Գիտություն» տիրույթում։

Համալսարանի ուսանողները հաջողությամբ սովորում են եվրոպական բուհերում, մասնակցում ամառային դպրոցների, դասախոսները կատարում են դասախոսական աշխատանք, մասնակցում վերապատրաստման դասընթացների, սեմինարների, գիտաժողովների և աշխատաժողովների Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Շվեդիայում, Գերմանիայում և այլուր։

Եվրոպական միության «Էրազմուս + T GREEN» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ իրականացնում ենք մագիստրոսական ծրագիր «Կառավարում» մասնագիտության գծով, «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում» մասնագիտացմամբ։

Մագիստրատուրայում ուսումնառությունը 2 տարի է, սակայն նոր ծրագրի տևողությունը 3 կիսամյակ է։ Ընդ որում, ուսումնառության համար կարող են դիմել թե՛ բնագիտական, թե՛ հումանիտար մասնագիտություններ ունեցող անձինք, ովքեր հաջողությամբ կզուգակցեն կրթությունն ու աշխատանքը, քանի որ դասերը կազմակերպում ենք միայն շաբաթ և կիրակի օրերին։

Ողջունելի է, որ դպրոցների շրջանավարտները տարվա ընթացքում ոչ թե մեկ, այլ արդեն երկու  անգամ՝ հունվար և հունիս ամիսներին են հանձնում ընդունելության քննությունները, սակայն լինում են դեպքեր, երբ սխալ հայտագրման հետևանքով դիմորդը դուրս է մնում ընդունելության գործընթացից։ Խնդիրն այն է, որ  դիմում-հայտ ներկայացնելիս թույլ տված տեխնիկական սխալի պատճառով համակարգն անձին չի կարողանում նույնականացնել, և դիմորդը հնարավորություն չի ունենում մասնակցելու բուհական ընդունելության գործընթացին, կամ դիմորդը հունվար ամսին ստանում է օրինակ  9 միավոր և հունիսին կրկնում է քննությունը՝ ավելի բարձր միավոր ստանալու և անվճար տեղի մրցույթին մասնակցելու նպատակով, սակայն չի նշում, որ պահպանում է նախորդ գնահատականը, և եթե 7 միավոր է ստանում, ապա 9՝ անցողիկ գնահատականը հաշվի չի առնվում, և անձը դարձյալ չի ընդունվում բուհ և կորցնում է մի ամբողջ տարի։ Նման խնդիրներից խուսափելու նպատակով դիմորդները կարող են գալ համալսարան, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն։

Համալսարանն ակտիվորեն համագործակցում է մարզի դպրոցների և քոլեջների հետ՝ այն հստակ գիտակցմամբ, որ մենք նույն նպատակին ենք ծառայում՝ իրականացնելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հույժ կարևոր առաքելությունը։  Քոլեջների՝ բարձր առաջադիմությամբ շրջանավարտները համապատասխան մասնագիտությամբ շարունակում են իրենց ուսումնառությունը համալսարանում՝ 2-րդ կուրսից։

2026 թվականին շարունակելու ենք մասնագիտական կողմնորոշման դասերը աշակերտների համար թե՛ դպրոցներում և՛ թե համալսարանում։

Դպրոցների տնօրենները կարող են առաջարկել թեմաներ, որպեսզի համալսարանի դասախոսները նշված թեմաներով դասեր վարեն, անցկացնեն վերապատրաստման դասընթացներ, սեմինար-քննարկումներ ուսուցիչների համար։ Օրինակ՝ համալսարանն անցկացնում է դասախոսների վերապատրաստումներ՝ նվիրված արհեստական բանականության համակարգերին և բարձրագույն կրթության համակարգում դրանց արդյունավետ կիրառության հարցերին։ Կարող ենք կազմակերպել ուսուցիչների համար վերպատրաստման դասընթաց՝ հանրակրթության ոլորտում արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառության վերաբերյալ։ Կամ՝  մեր ուսանողներն անցնում են լրացական դասընթաց՝ աապահովելու համար թվային գրագիտությունը։ Նման դասընթաց կարող ենք անվճար հիմունքներով առաջարկել նաև աշակերտներին։ Պատմության, հումանիտար այլ առարկաների ուսուցիչները հաճախ են իրենց աշակերտների հետ այցելում համալսարան և դասաժամն անցկացնում համալսարանի պատմագիտական-հնագիտական թանգարանում։

2026 թվականի մայիսի 2-ին և 3-ին կկայանա Գավառի պետական համալսարանի  ամենամյա գիտաժողովը, որին կարող են մասնակցել դպրոցների ուսուցիչներ և քոլեջների դասախոսներ, ովքեր զբաղվում են հետազոտական գործունեությամբ։

Երկիր մոլորակի ևս մի պտույտ իր առանցքի շուրջ, և իր լիազորությունները կստանձնի 2026 թվականը։

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան հոգենորոգ տոների առթիվ, մաղթում անձնական ու աշխատանքային ձեռքբերումներ, բոլոր ծրագրերի իրականացում, երջանիկ, ներդաշնակ ու բարօր կյանք։

Թող 2026 թվականը լինի խաղաղության, կայունության, անկասելի զարգացման և առաջընթացի տարի։

Թող հաջողությունը միշտ ուղեկից լինի ձեզ։

Երբ ազատ, ստեղծագործ մտքին միանում են անդուլ, ազնիվ ու նվիրյալ ջանքը և անկոտրում կամքը, հաջողությունը երաշխավորված է։

Խոսքս կավարտեմ Մարտիրոս Սարյանի պատգամով՝ «Սիրե՛նք կյանքը, սիրե՛նք լուսավորը, սիրե՛նք համերաշխությունը, սիրե՛նք սերը և մեր գործով արդարացնենք մարդու հանդեպ բնության վստահությունը»։

Շնորհակալություն։

 

Ռուզաննա Հակոբյան

Գավառի պետական համալսարանի ռեկտոր,

Իրավաբանական գիտությունների դոկտոր

 

25 դիտում