Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հարգելի   հայրենակիցնե՛ր՝ Գավառ քաղաքի, Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք բնակավայրերի սիրելի բնակիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների կապակցությամբ։
Թող գալիք տարին ձեր ընտանիքներին բերի խաղաղություն, հավատ և նոր հույսեր։
Տարեմուտին ակամայից մենք բոլորս հետադարձ հայացք ենք նետում անցնող տարվան, ամփոփում կատարվածը և մեր առաջ խնդիր դնում նոր տարում լրացնել բացթողումները՝ ջանքերը կենտրոնացնելով նոր ձեռքբերումների ու հաջողությունների վրա։
2025 թվականը մեր մեծ ընտանիքի՝ Գավառ համայնքի համար ստեղծարար աշխատանքի, ձեռքբերումների, նոր մտահաղացումների և համագործակցության տարի էր։
Ձեր վստահության և համատեղ ջանքերի շնորհիվ մեր համայնքում իրականացվեցին կարևոր ծրագրեր։
Հիմնանորոգվեցին և բարեկարգվեցին ճանապարհներ և հանրային տարածքներ, բազմաբնակարան շենքերի տանիքներ, խաղահրապարակներ ու մարզադաշտեր, խմելու, ոռոգման և ջրահեռացման համակարգեր, գազատարներ, կրթական ու մշակութային հաստատություններ, ինչպես նաև համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող բազմաթիվ այլ ծրագրեր։
Այս ամենը հնարավոր դարձավ իրականացնել համայնք–կառավարություն–միջազգային կառույցներ–բնակիչներ համագործակցության շնորհիվ, որի ամրապնդմանն են միտված նաև մեր հետագա քայլերը։
Գալիք տարում ևս մեր առջև կանգնած են նոր, ոչ պակաս կարևոր նպատակներ։ Մենք շարունակելու ենք համայնքի ենթակառուցվածքների զարգացումը, նոր ներդրումային և աշխատատեղեր ստեղծող ծրագրերի խթանումը, կրթության, սպորտի և մշակույթի ոլորտների ակտիվ զարգացումը, ինչպես նաև համայնքի կառավարման առավել թափանցիկ և արդյունավետ դարձնելը։
Մեր նպատակն է՝ ունենալ ապահով, զարգացող և համերաշխ համայնք, որտեղ յուրաքանչյուր բնակիչ իրեն կզգա կարևոր և պաշտպանված։
Առանձնահատուկ ջերմ շնորհավորանքներս եմ ուղղում մեր զինվորներին, տղանե՜ր, պինդ կացեք, հույով ու սիրով կատարեք ձեր առաքելությունը, ամուր պահեք մեր հայրենիքի սահմանները և տուն վերադարձեք որպես իսկական հերոսներ։
Մեր քաջ տղանե՛ր, Աստված թող պահապան ու զորավիգ լինի ձեզ։
Գավառ համայնքի սիրելի՛ բնակիչներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ գալիք տոների առթիվ, թող Սուրբ Ծննդյան ավետիսը լցնի մեր սրտերը բարությամբ և սիրով, իսկ Նոր տարին լինի նոր հաջողությունների, ձեռքբերումների և միասնական հաղթանակների սկիզբ։
Մաղթում եմ ձեզ խաղաղ ու երջանիկ տոնական օրեր, առողջություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Բարի մաղթանքներով՝
Գավառ համայնքի ղեկավար                                    Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան
72 դիտում