Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզային գրադարում կայացավ  հանդիպում բանաստեղծ Սաշ Հայկազունու հետ

 

Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում կայացավ հանդիպում արդի հայ քնարերգության ներկայացուցիչ Սաշ Հայկազունու հետ։

Ինչպես  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, հանդիպումը կազմակերպվել էր  ՀՀ գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար  Տիգրան Նիկողոսյանի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Ընթերցանության տարվա» և հոկտեմբերին նշվող Թարգմանական գրականության ամսվա շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել ընթերցանությունը և արժևորել գրական խոսքը։ Հրավիրված հյուրերի կազմում էր նաև թարգմանիչ, բանաստեղծ Կոնստանտին  Շաքարյանը

Հանդիպմանը մասնակցել են Գավառ համայնքի դպրոցների ուսուցիչներ ու բարձր  դասարանների աշակերտներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ընթերցողներ, քաղաքային ու մարզային գրադարանների աշխատակիցներ։

Սաշ Հայկազունու անցած բանաստեղծական ճանապարհի, ստեղծագործական առանձնահատկությունների մասին խոսեցին ՀՀ գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող  Տիգրան Նիկողոսյանը և «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը։

Հեղինակի բանաստեղծությունների ընթերցանությամբ հանդես եկան   դերասաններ Անուշիկ Զանգիզորյանը և Հովհաննես Վարդանյանը։ Ռուսերեն  լեզվով թարգմանված ստեղծագործություններից ներկայացրեց   թարգմանիչ Կոնստանտին Շաքարյանը, ով մշտապես համագործակցում է Սաշ Հայկազունու հետ՝ կատարելով նրա ստեղծագործությունների թարգմանությունները։

Ընթերցողները Սաշ Հայկազունուն  ուղղեցին հարցեր՝ նրա ստեղծագործական աշխարհն իրենց համար մոտիկից բացահայտելու համար։ Բանաստեղծի հետ ծավալվեց ջերմ ու անմիջական զրույց գրական արժեքների, հայ գրականության անցյալի, ներկայի ու վաղվա օրվա, բազմաթիվ այլ թեմաների շուրջ։

Ընթերցողներից մեկի այն հարցի, թե արդյոք ստեղծագործելու համար բանաստեղծին չի խանգարում հայրենիքից դուրս ապրելու հանգամանքը, Սաշ Հայկազունին պատասխանեց․

-Ճիշտ է, ես արդեն քսանյոթ տարի ապրում եմ ՌԴ Վոլգոգրադ քաղաքում, սակայն ոչ մի ակնթարթ ինձ չեմ պատկերացրել հայկական միջավայրից, հայրենի աշխարհից դուրս, ազգային ոգուց գեթ մի ակնթարթ կտրված։ Հայրենիքն իմ հոգում է  միշտ, իմ բոլոր ստեղծագործությունների ամեն մի տողի, բառի ու բանի մեջ։ Ու այդպես էլ կլինի իմ ողջ գիտակցակական կյանքի ընթացքում։ Ինձ ոգեշնչող միակ ուժը մնում է Հայոց հայրենիքը։

 

ՍԱՇ Հայկազունին ծնվել է Երևանում: Նախադպրոցական տարիներն անցել են  Լոռվա գեղատեսիլ բնության գրկում, տատի պատմած հեքիաթների գունազարդ ու կախարդական աշխարհում… Ավարտելով Երևանի թիվ 155 միջնակարգ դպրոցը, ընդունվել և ավարտել է  Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կենսաբանա-քիմիական ֆակուլտետը, ապա երկար տարիներ դասավանդել դպրոցում։ Այնուհետ ընդունվել և ավարտել է նաև Երևանի Հայբուսակ բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1999 թվականից  տեղափոխվել ու բնակվում է  Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում։

2015 թվականին լույս է տեսել  «Մենակությունս»,  2018 թվականին՝   «Հեքիաթ հավերժի»,  2021 թվականին՝ «Խելակորույս աշխարհ» 2025 թվականին՝  «Հրաբուխի շուրթին» բանաստեղծությունների  ժողովածուները։

Տպագրվել է  «Գրական թերթ»- ում, «Արմավ»  գրական — գեղարվեստական մշակույթային կայք էջում, grakan.am կայքում, «Գարուն» ամսագրում, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գրողների և լրագրողները միության «Վերնատուն» պարբերականում, «Մաշտոց» գրական համահայկական առցանց հանդեսում և այլ պարբերականներում։

2021 թվականի հունիսից Հայաստանի գրողների միության անդամ է։ Ունի երկու զավակ եւ մեկ թոռ։

«Հանդիպումն անցավ  շատ ջերմ գրական մթնոլորտում։ Իսկ կարևորն այն է, որ մեր ընթերցողները հնարավորություն ունեցան՝ անմիջական շփում ունենալու արդի հայ բանաստեղծության ներկայացուցիչներից մեկի հետ, ով արդեն հասցրել է լայն ճանաչում ձեռք բերել Հայաստանում ու նրա սահմաններից դուրս, ով ընթերցողներին  ներկայանում է բանաստեղծական հստակ, ուրույն ձեռագրով։ Մեր գրադարանը ևս հարստացավ Սաշ Հայկազունու նվիրած հեղինակային բոլոր գրքերով, որոնք այսուհետ հասանելի են լինելու ընթերցողներին»,-ներկայացրեց Մարիամ Համբարձումյանը։

Հանդիպումից հետո  հյուրերը  շրջեցին գրադարանի բաժիններում՝ ծանոթանալով աշխատանքային պայմաններին  ու գրքային ֆոնդին։

Խոսրով Խլղաթյան  

1 դիտում