Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցնե՛ր,
մենք հրաժեշտ ենք տալիս 2025 թվականին, որը Մարտունի համայնքի պատմության մեջ կմնա որպես կարևոր ձեռքբերումների, նկատելի առաջընթացի ու աշխատանքային հաջողությունների տարի։ Տնտեսական տարին աննախադեպ ստացվեց թե՛ կապիտալ ներդրումների մեծ ծավալի, թե՛ պետական ու սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով, որոնց շնորհիվ տեսանելիորեն զարգացան ու գեղեցիկ տեսք առան համայնքի բոլոր բնակավայրերը, էապես բարելավվեց բնակչության կենսապայմանները, շինարարության ծավալների աճի շնորհիվ ստեղծված բազմաթիվ աշխատատեղերի հաշվին նվազեցին գործազրկությունը և աղքատությունը, և որ ամենակարևորն է, հաղթահարվեցին այնպիսի հիմնախնդիրներ, որոնք անլուծելի էին մնացել տասնամյակներ շարունակ։ Բավական է ասել, որ 2025 թվականին Մարտունի համայնքում կապիտալ ներդրումները կազմել են 14 միլիարդ 248 միլիոն 914 հազար դրամ, ինչի արդյունքում իրականացվել է 12 պետական ծրագիր ու 65 սուբվենցիոն ենթածրագիր, որոնց շրջանակներում կառուցվել է 27,8 կիլոմետր միջպետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհ, 33 կլիոմետր 58 մետր խմելու, 22 կիլոմետր 580 մետր ոռոգման ջրատարներ, 40 կիլոմետր 800 մետր արտաքին լուսավորության ցանց, 1 հանդիսությունների սրահ, հիմնանորոգվել 2 դպրոցի, 1 մշակույթի տան շենք, շարունակվել են Ներքին Գետաշենի թիվ 1, Գեղհովիտի թիվ 2, Երանոսի թիվ 2 , Ծովինարի միջնակարգ, Լեռնակերտի հիմնական դպրոցների ու Մադինայի կրթահամալիրի, Ծակքարի և Վաղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոնների և Վարդենիկի առողջության կենտրոնի նոր շենքերի կառուցման, Արծվանիստի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։ Ընդ որում, դպրոցաշինության ոլորտում կապիտալ շինարարության ներդրումները կազմել են 9 միլիարդ 91 միլիոն 469 հազար դրամ, ճանապարհաշինության ոլորտում՝ 3 միլիարդ 279 միլիոն 155 հազար դրամ։ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել և վերաբացվել են Վարդենիկի և Երանոսի, հիմքից կառուցվել ու բացվել Աստղաձորի և Ծովասարի մանկապարտեզները, որոնք հագեցած են արդի չափորոշիչներին համապատասխանող բոլոր պայմաններով։ Արծվանիստի մանկապարտեզի հիմնանորոգման ու Մադինայի կրթահամալիրի կառուցման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսված է եկող տարում, արդեն նախադպրոցական տարիքի կրթական հաստատություններով ինքնաբավ կլինեն մեր համայնքի բոլոր բնակավայրերը։ Իսկ այս ձեռքբերումներն ու հաջողություններն առաջին հերթին ապահովվել են ՀՀ կառավարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, այլ գերատեսչությունների հետ համագործակցության արդյունքում, և իհարկե, Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի ու համայնքի ավագանու ջանադիր աշխատանքի շնորհիվ։ Իրականացված սոցիալ տնտեսական ու կենսական կարևոր նշանակության բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրերը մեր առջև հերթական հնարավորություններն են բացում՝ նոր ու ավելի հավակնոտ ծրագրեր իրականացնելու, համայնքի համար դեռևս անլուծելի մնացած մյուս հիմնախդիրներն արմատապես կարգավորելու համար։ Անշուշտ, եկող տարում մենք շարունակելու ենք ինչպես նախորդ տարվանից 2026 թվական տեղափոխված, այնպես էլ՝ հաստատված կամ ներկայացված նոր ծրագրերը, որոնց իրականացմամբ զարգացման ու հզորացման, բարօրության ու բարեկեցության նոր մակարդակի կհասցնենք Մարտունի համայնքը։ Այնպես որ, մեզ սպասում է դժվարին ու պատասխանատու, բայց աշխատանքային եռանդով ու մեծ նպատակներով լի տարի։ Ու վստահորեն կարող եմ ասել, որ մենք, ապահովելով հանրային համերաշխություն ու փոխըմբռնում, հուսալիորեն առաջ ենք տանում հայրենաշինությունը՝ ձևավորելով բարօր ու ստեղծագործ աշխատանքի միջավայր։ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեր համայնքի բոլոր անդամներին, արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին, Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանող մեր զինվորներին ու սպաներին, իրենց ամենօրյա ջանքերով հայրենի եզերքը շենացնող այրերին ու կանանց, մաղթում խաղաղ ու երջանիկ տարի, քաջառողջություն, անսպառ հաջողություններ ու ձեռքբերումներ անձնական կյանքում ու մասնագիտական աշխատանքում։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար ՝                                  Հովհաննես Հովեյան
60 դիտում