Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԽՈՐԱՆԱՇԱՏ ՎԱՆՔ

Երկնի՛ր, իմ երկիր, հավատով անմար,

Սուրբ է քո ուղին եւ  պսակըդ վեհ․․․

Վահան Տերյան 

Օգոստոսի 29-ին հնասեր, «Աժդահակ Տուր»-ի ղեկավար Թաթուլ Տոնոյանի հետ ուխտագնացություն ձեռնարկեցինք դեպի նշանավոր ու հռչակավոր Խորանաշատ վանք, որը գտնվում է  Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղից  2.5 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի արևմտյան լանջին։

Մեր խմբի ամենակրտսեր ուղեւորն ու ուխտագնացը Թաթուլի կրտսեր, ինն ամսական  որդի Գոռն է, ով գրեթե անտրտունջ, նույնիսկ խինդ ու ծիծաղով մեզ հետ անցավ շուրջ 400 կիլոմետր ճանապարհը ու հաղորդվեց Հայաստան աշխարհի նշանավոր ու վաղեմի սրաբավայրերից մեկի լուսավոր  խորհրդին։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Տավուշի մարզ կատարած ուխտագնացությունը որոշեցինք ձեռնարկել Գավառ-Սևան-Ճամբարակ-Նավուր նորանորոգ ճանապարհով, որը պետական միջոցներով հիմնանորոգվել է նախորդ երկու տարիների ընթացքում։ Ծրագրի արժեքը կազմել է 3,6 միլիարդ դրամ։

Երբ Թթուջրի հատվածով մտնում ենք Տավուշի մարզ, բացի ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհը, մեզ հիացնում է հրաշագեղ բնությունը, որն աստիճանաբար սկսում է աշնանային երանգներ հագնել։

Մեր ձախ կողմում Միափորի լեռնաշղթայի քարքարոտ, ծառերից գրեթե մերկ, սակայն ալպյան մարգագետիններով հարուստ լեռնալանջերն են, իսկ աջ կողմում արդեն անտառների խտության մեջ ծածկված Տավուշ աշխարհի ձորերն ու լեռները։

Ճանապահի կեսից, չհասած Նավուր գյուղին, թեքվում ենք աջ ու  արդեն անցնում  խիտ անտառների մեջ ծածկված, գրունտային ճանապարհով։ Ճիշտ կլինի ասել, որ մենք գնում ենք մարդկային կյանքի աղմուկից զատված,  խորհրդավոր լռության ու վայրի բնության մեջ թաղված հեքիաթային ճանապարհով։ Բավական երկար տարածության վրա մեզ ուղեկցում է Խնձորուտ գետը, որը, չնայած արդեն ամռան ավարտին, դեռ հոսում է ջրառատ ու շառաչուն վիճակում։ Բառերով դժվար է նկարագրել այն ապրումներն ու հույզերը, որ պատել էին մեզ այս ճամփորդության ընթացքում։ Ամեն սանտիմետրի ու մետրի վրա իրար հաջորդող գեղեցկագույն պատկերներն են, որոնք հրաշքի պես հայտնվում են աչքերիդ առաջ ու, մեքենայի սլացքի հետ, արագ չքվում տեսադաշտիցդ՝ քեզ կարոտ թողնելով կյանքի ու բնության գաղտնախորհուրդ տեսիլքներից։ Ծառերի թփերն այնքան խիտ են ու իրար կպած, որ արևի շողքերը գետնին ու գետի ջրերին հասնելու համար հազիվ են  շատ բարակ անցքեր գտնում։

Հետո ճանապարհի մի որոշ հատված անցնում ենք թանձր մառախուղի միջով, որը շատ պինդ նստել է բարձրաբերձ ժայռերի կատարներին ու թավ անտառի վրա։ Մեր հայացքները որսում են նաև թափառող մեգը մեր դիմացի ժայռերի ու անտառապատ լանջերի վրա։

Հետո վերջանում են անտառները, ու մենք մտնում ենք Արծվաբերդ, ապա Այգեձոր ու Չինարի։ Սիրտս սկսում է ավելի արագ ու հուզմունքով բաբախել, քանի որ, Թաթուլի ասելով, արդեն շատ ենք մոտեցել Խորանաշատին։ Նույնիսկ նա ձեռքը պարզում է դեպի արեւելքում բարձրացող լեռնալանջ ու ցույց տալիս վանքը։

Մեզ շատ մոտիկ երևում են նաև Հայաստանի Հանրապետության  պաշտպանական դիրքերը, որոնցից քիչ այն կողմ էլ, բնական է, արդեն մեր հակառակորդի դիրքերն են։

Փաստորեն, Խորանաշատն այս պահին սոսկ վանք, պատմաճարտարապետական ու պատմամշակութային համալիր չէ․ այն հավերժական հայկական ազգային ամրոց ու տաճար է՝ վեհորեն կանգնած հայակործան բանակների, պատմության կեղծարարների սին ու ստոր, նենգ դավերի առաջ։ Անգամ կիսավեր վիճակի մեջ Խորանաշատը փայլում է իր գեղեցկությամբ, ճարտարապետական կուռ, բացառիկ  կառուցվածքով, հիասքանչ քանդակներով, ամենակարեւորը՝ հայատառ վիմագրություններով, որոնք ոչ մի կասկածի տակ չեն դնում այս հուշարձանի հայկականությունը, որքան էլ մեր հողի ու արյան թշնամիները հազար ու մի տեսակ «Ալբանական» կամ այլ կեղծ տեսություններ հորինեն ու հրամցնեն քրիստոնյա երկրների կրթված, բայց եւ միաժամանակ «ուխտի ականջում քնած» ու նավթադոլարների փայլով շլացած դիվանագետներին, ինչպես որ եղավ ընդամենը օրեր առաջ, բռնազավթված Գանձասարի վանքում։

Հենց հյուսիսային մուտքի կողմից արդեն մարդկային աչքերը շլացնում են Խորանաշատի սրբատաշ քարերով շարված պատերը, քանդակները, քարե սյունազարդ կամարները, 12 խորանները, կիսավեր թմբուկը, ներքին ու արտաքին ձեւավորումները, գմբեթները։

Մի քանի անգամ պտտվում եմ Խորանաշատի շուրջ՝ հայացքս չկտրելով քարեղեն այս հրաշքից ու սրբացած հուշարձանից։ Մի քանի անգամ ներս եմ մտնում՝ հիանալու ճարտարապետների ու շինարար վարպետների անկրկնելի շնորհներով ու հանճարով, սակայն  հասկանում եմ, որ օրերն ու տարիները շատ քիչ կլինեն՝ այս հանճարեղ կառուցողների մտքի խիզախումներն ու թռիչքները հիմնովին պատկերացնելու համար։

Հասկանում ու համոզվում եմ միայն, որ դարերի մեջ անմահացած այս մարդիկ Աստծո հզոր տուն են կառուցել՝ Աստծո ճաշակին համահունչ, Աստծո չափ կատարյալ ու գեղեցիկ։

Հետո միայն, տունդարձի ճանապարհին ու նրան հաջորդող օրերի ընթացքում գրականությունից տող առ տող թերթում  ու ուսումնասիրում  եմ Խորոնաշատի կառուցվածքն ու փառահեղ պատմությունը, որը եւ սիրով հանձնում եմ ընթերցողների ուշադրությանը։

Խորանաշատը կառուցվել է 13-րդ դարի սկզբներին։ Այս հրաշքի  հիմնադիրը Վանական Վարդապետն է, ով համարվում է հայ միջնադարյան նշանավոր հոգեւոր այրերից  ու պատմագրական գործիչներից մեկը։

Նա մեկն է այն աստվածատուր հայերից, ով հոգով, սրտով ու գրչով է մաքառել հայրենի գրի, մշակույթի ու հավատի պահպանման համար՝ մոռացած իր անձն ու կյանքի վայելքները։ Ու, չնայած նվաճող հորդաների եղկելի ներկայությանը, Վանական Վարդապետը չի նահանջել ոչ մի արհավիրքի, ոչ մի դժվարության ու աղետների առաջ։

Վանական Վարդապետ կամ Հովհաննես Տավուշեցին  ծնվել է 1181 թվականին։ Հայտնի է որպես նշանավոր աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, մանկավարժ, պատմագիր և տոմարագետ։  Ուսանել է Նոր Գետիկի  դպրոցում, 1201  թվականին ձեռնադրվել է քահանա, դարձել Մխիթար Գոշի  աշակերտն ու օգնականը։ 1207–1208 թվականներին  ստացել է վարդապետի աստիճան, այնուհետև վերադարձել Տավուշ, ուր Վահրամյան իշխանների դրամական հովանավորությամբ հիմնադրել է Խորանաշատի վանքը ։ Որոշ բանասերներ վանքի կառուցումը նշում են 1191 թվականը, սակայն վանքի վրա պահպանված շինարարական չորս արձանագրությունները կրում են 1211, 1216, 1220 և 1222 թվականները։

Խորեզմի  շահ Ջալալեդդինը, դեպի Թբիլիսի կատարած իր արշավանքների ճանապարհին, 1225 թվականի վերջերին ավերել է նաև Խորանաշատ վանքը։ Հովհաննես Տավուշեցին իր մի խումբ սաների հետ փախել է՝  իր հետ տանելով  վանքի ձեռագիր գրքերն ու թանկարժեք սպասքները։ Նրանք գնացել են վանականի հայրենի գյուղը և Ոլորուտ գյուղի դիմաց, ժայռի մեջ փորել  քարանձավ, որի մեջ հիմնել են  նաև եկեղեցի և շարունակել ուսուցումը։ Իսկ երբ ունկնդիրների թիվը շատացել է ու քարանձավի տարածը չի բավարարել, նրանք իջել են քարափի ստորոտը և կառուցել իրենց համար բնակելի շենքեր և եկեղեցի։

1235–1236 թվականներին  մոնղոլական արշավանքի ժամանակ Վանական Վարդապետը գերեվարվում է, իսկ մի քանի ամիս անց 80 դահեկան փրկագնով ազատ արձակվում՝ շարունակելով իր ուսումնամանկավարժական գործունեությունը Խորանաշատի վանքը վերականգնելուց հետո։ 1240 թվականին Ներքին Խաչենի  իշխան Հասան Ջալալ Դոլայի  հրավերով նա մասնակցել է Գանձասարի վանքի օծմանը։

Մոնղոլական  զորաբանակից մի զորախումբ, Մոլար Նուինի գլխավորությամբ, Շամքոր քաղաքի վրայով առաջ է շարժվել Տավուշ գետի  վրայով և 1236 թվականի ամռան սկզբներին գրավել Տավուշ ամրոցը ։ Հովհաննես Տավուշեցին իր աշակերտների և գյուղի բնակիչների հետ փախել ու  թաքնվել են  ժայռերում։ Մոնղոլ զավթիչները պաշարել են ժայռերը և նրանց գերի վերցրել։ Այդ ամենին մասնակցել է նաև Կիրակոս Գանձակեցին, որը թողել էր Գոշավանքը և եկել աշակերտելու Հովհաննես Տավուշեցու մոտ։ Ըստ Գանաձակեցու՝ Հովհաննես Տավուշեցին հանդիպել է մոնղոլ հրամանատարի հետ՝ գերիներին բաց թողնելու նպատակով, սակայն նա կողոպտվել է և նույնպես գերեվարվել։ Գերիներից որոշներին հաջողվում է փախչել, իսկ որոշներին մոնղոլները  տանջամահ են արել։

Վանական Վարդապետը գործուն մասնակցություն է ունեցել իր ժամանակի դավանաբանական կնճռոտ հարցերի քննմանը։ Այսպես, 1250 թվականին նա  բանադրել է Դավիթ Ծարեցու  13-րդ դարի 40–50-ական թվականների գլխավորած աղանդավորական շարժման մասնակիցներին։

Վանական Վարդապետը մահացել է 1251 թվականի մարտի 18-ին և,  իր կտակի համաձայն,  թաղվել իր կառուցած վանքի մերձակայքում գտնվող աղքատների գերեզմանոցում։

Վանական Վարդապետի աշակերտներից են Վարդան Արեւելցին, Կիրակոս Գանձակեցին, Գրիգոր Ակներցին  եւ այլ նշանավոր  գործիչներ։ Հեղինակել  է հարուստ ու բազմաբովանդակ գրական ժառանգության, այդ թվում՝ Հայաստանի պատմության շարադրությունը սկզբից մինչև իր ապրած օրերը, որը մեզ չի հասել։

Վանական Վարդապետի աստվածաբանական  երկերից արժանահիշատակ են Հոբի  գրքի մեկնությունը, «Բացատրություն  աղօթից Ամբակումա մարգարէի» «Համեմատութիւն Հին Կտակարանայ ի Նորս, «Տեսութիւն շարականին Ուրախացիր պսակ կուսից», «Մեկնութիւն սաղմոսին Այսծով Մեծ», «Խրատ դաւանութեան», «Պատճառք վասն առաջաւորաց պահոց», «Յաղագս տարեմտին» գրվածքները։  Գրել է նաեւ աստղաբաշխությանը և տոմարագիտությանը վերաբերող երկեր՝ օգտվելով Անանիա Շիրակացու  աշխատություններից, որոնք հավելել է իր դիտարկումներով։

Վանական Վարդապետի գրչին է պատկանում նաև «Հարցմունք և պատասխանիք» ծավալուն երկը, որն ըստ էության ուսումնական ձեռնարկ է, պարունակում է բոլոր այն գիտելիքները, որոնք պարտավոր էին սերտել ուսման սկզբում նրա վարդապետարանի աշակերտները։ «Հարցմունք և պատասխանիք»-ն ամփոփում է 13-րդ դարի հայ իրականության պատկերացումներն ու իմացությունը պատմության, ազգագրության, հավատալիքների, իմաստասիրության, մատենագրության, մատենագիտության, կենսաբանության, բուսաբանության, բժշկագիտության, աստղաբաշխության, երաժշտագիտության, բառագիտության, քերականագիտության, դավանաբանության, աստվածաբանության և այլնի վերաբերյալ։

Խորանաշատի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Կիրակի, Սուրբ Ճգնավոր եկեղեցիներից, գավթից եւ օժանդակ շինություններից։

Սուրբ Աստվածածին եկեղեցին համալիրի գլխավոր շինությունն է։ Ունի իշխող դիրք հուշարձանախմբի և շրջակա միջավայրի վրա։ Պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպին։ Արտաքինից ուղղանկյուն ( 12.7 մ x 11 մ), ներքուստ խաչաձև հատակագծով, բեմի երկու կողմերում կրկնհարկ ավանդատներով կառույց է։

Եկեղեցու հիմնադրման ժամանակի մասին մատենագրական և վիմագրական աղբյուրներում ոչինչ չկա։ Համաձայն եկեղեցու արևմտյան մուտքի վերնամասի արձանագրության, մուտքը կառուցել է ոմն Սերոբի հովանավորությամբ՝ 1211 թվականին։ Շինարարական մյուս վիմագրերը վերաբերվում են 1216 և 1220 թվականներին, որտեղ ասվում էր, որ Վահրամ Կանաչոզեցիի և Ավելդատ Սրտժեցիի միջոցներով կառուցվել է եկեղեցու երկու ավանդատները։ Ելնելով այն հանգամանքից, որ վանքի մուտքը կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ, ինչպես նաև եկեղեցու բարդ ճարտարապետությունը հաշվի առնելով, ենթադրվում է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1211 թվականին։

Կառուցումը ավարտվել է ամենաուշը 1221 թվականին, քանի որ 1222 թվականից սկսվել է գավթի շինարարությունը։

Եկեղեցու հյուսիսային և հարավային պատերի արևմտյան կողմերից դուրս են ընկած նիստավոր որմնամույթերը, որոնք ավարտվում են բարդ տրամատի խոյակներով։ Խոյակների շարունակությունը կազմող հորիզոնական գոտիները թաղերն անջրպետում են ուղղահայաց պատերից, իսկ ավագ խորանի կիսագլանաձև մակերևույթը՝ գմբեթարդից։ Որմնամույթերը միմյանց հետ հաջորդաբար կապված են կիսաշրջանագծային կրկնակի կամարներով, որոնց ստեղծած քառակուսի հիմքից առագաստային փոխանցումների միջոցով բարձրանում է բոլորաձև կտրվածքով թմբուկը։  Թմբուկի ստորին մասը ընդգծված է նկարվածքի գոտիով։

Եկեղեցու ներքին տարածությանը բարձր գեղարվեստական արտահայտչություն է հաղորդում ավագ խորանի կիսաբոլորակ պատի հարդարանքը։ Հարդարանքի ստորին մասին խորանիկներ հիշեցնող մշակումների շարք է։ 12 Խորանիկները միմյանցից բաժանված են զույգ կիսասյուներով, որոնք կապված են որմնակամարներով։ Որմնակամարները խորանիկներին տալիս են կամարակապ վերջավորություններ՝ միաժամանակ պարփակելով դրանց շթաքարային ավարտամասերը։ Դրանք պսակված են գլանիկային ձևափոխումներով նկարված անկյունակների անընդհատ շղթայով։ Եկեղեցու բեմի ճակատային հարթությունը մշակված է եղել քառաթև սրածայր վեցանկյունների և քառակուսի քարերի որոշակի համադրությամբ ընդելուզումներով։ Քարերն ունեն տարբեր երանգավորումներ։ Արևմտյան մեծ թաղի կենտրոնական մասում, որպես հանգուցաքարեր, ագուցված են 4 զույգ կեռխաչեր, որոնք տեղադրված են երկու շարքով:Նրանք ունեն կոնստրուկտիվ նշանակություն։

Եկեղեցու ներքին տարածքը լուսավորվում է 12 պատուհանով, որոնցից ավագ խորանի մեջ բացվողը զույգ է, իսկ որմնամույթերով պարփակված արևմտյան մասերին՝ շրջանաձև։ Լուսամուտներից վեցը գտնվում է թմբուկի վրա։ Ունեն հետաքրքիր դասավորություն՝ երկրի հիմնական առանցքների նկատմամբ մոտ 0.5 մ տեղաշարժված են հարավ-արևելք ուղղությամբ։ Լուսամուտներն արևի նկատմամբ ավելի նպաստավոր դիրք են ստացել՝ ապահովելով լույսի առավել ներթափանցումը եկեղեցի։

Եկեղեցին արտաքինից առանձնանում է ճարտարապետական հստակ լուծումներով և հարդարանքային ինքնատիպ միջոցներով։ Բացի արևմտյան ճակատից, մնացած ճակատներում այն ունի երկուական խորշեր։ Դրանք ունեն միատեսակ աստիճանաձև անցումներով կտրվածք։ Արտաքին պատերով շուրջ բոլորն անցնում է բարդ տրամատի անընդհատ գոտի, որը զանազան ձևափոխումներով խորշերի համար ծառայում է որպես կիսաշրջան պսակներ, իսկ ճակատների կենտրոնական մասերում վեր է ածվում խոշորաչափ, տարբեր նկարվածքներով խաչերի։

Արևելյան ճակատի զույգ լուսամուտից վերև, որն ունի շքեղ երեսկալ, խաչի ստորին թևի կիսաշրջանաձև հիմքի մեջ ներկայացված է ճանկերով որս բռնած թևատարած արծվի պատկերաքանդակ։ Այն համարվում է Վահրամյանների իշխանության տոհմական զինանշանը։

Ճակատներից նշված գոտիով կազմավորված խաչերից արևելյանն ուղղաթև է, իսկ հյուսիսայինը և արևմտյանը՝ գեղարդաձև, որոնք ընկալվում են որպես յուրատեսակ ծաղկապատկերներ։ Ճակատների լուսամուտներն ունեն գոտու տրամատը հիշեցնող ուղղանկյուն շրջանակներով երեսակալներ և հիշյալ խաչպատկերների հետ գտնվում են հորինվածքային փոխկապվածության մեջ։ Մուտքերն ունեն միանման հորինվածք։ Արտաքուստ դրանք եզերված են ուղղանկյուն քանդակազարդ շրջանակներով, իսկ բուն բացվածքները՝ նուրբ կիսասյուներով։ Բարավորները հարդարված են հյուսիսայինում՝ քառաթև և շեղաթև, իսկ արևմտյանում՝ վեցաթև աստղերի տեսքով՝ պահպանելով գունային ընտրությունը։ Թմբուկը շրջառում են բարդ տրամատի եզրավորումներով 12 որմնակամարներ, որոնցում մեկումեջ բացված են նեղ պատուհանները։ Մյուս այդպիսի հարադարանք ունեցող հուշարձաններից այն տարբերվում է որմնակամարների խորաքանդակ ձևի ընտրությամբ, որի շնորհիվ գմբեթի զանգվածը զգալիորեն փոքրացել է։ Թմբուկը համաչափ կառուցվածքով և ճարտարապետական հարդարանքով համահնչուն է շինության մյուս ծավալների հետ։ Հարավային պատի վերին մասում տեղադրված է արեւային ժամացույցը։

Սուրբ Կիրակի եկեղեցին Գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցուց 4 մետր  հարավ։ Ուղղանկյուն հատակագծով (արտաքինից՝ 4.3 մ x 3 մ), գմբեթավոր կառույց է։ Նրա կառուցման վերաբերյալ տեղեկատվություններ չեն պահպանվել։ Այն կառուցվել է 13-րդ դարում։ Համաձայն Կիրակոս Գանձակեցու՝ գավիթը կառուցվել է «ի դուռն մեծ եկեղեցւոյն», այսինքն այդ ժամանակ եղել է նաև փոքր եկեղեցին։

Ներքուստ եկեղեցու չորս անկյուններով բարձրանում են զույգ որմնասյուներ, որոնցից ձգվող կամարներին առագաստային փոխանցումների օգնությամբ հենված է գլանաձև թմբուկը։ Արտաքին շարվածքի սրբատաշ քարերի մեծ մասամբ բացակայում են։ Պահպանված մասերը հնարավորություն են ընձեռում վերականգնել նրա ճակատների ճարտարապետական տեսքը։ Ճակտոններն ու միաթեք լանջեր ունեցող պատերից արևմտյան հատվածում գտնվում է ուղղանկյուն շրջանակով և քանդակազարդ երեսակալով շքամուտքը։ Մնացած ճակատներում միացած են լուսամուտների ուղղանկյուն շրջանակներին։ Հյուսիսային ճակատում լուսամուտների բացակայությամբ պայմանավորված, կիսասյուներն ավարտվում են ուղղաթև խաչով, որին նախորդում է կորաթև խաչպատկերը։ Ճակատների եզրերով բարձրանում են միայնակ կիսասյուները։ Որմնակամարները միմյանց հետ կապված են են ոչ թե նույն, այլ հարակից ճակատների համապատասխան անկյունների մոտ գտնվող կիսասյուների հետ։ Սուրբ Կիրակի եկեղեցին տեղադրված է բարդ կտրվածքի բարձր գետնախարիսխի վրա։

Սուրբ Ճգնավոր եկեղեցին գտնվում է պարսպից մոտ 150 մետր արևելյան ուղղությամբ։ Ներկայումս կիսավեր վիճակում է։ Պահպանված բեկորները ցույց են տալիս, որ եկեղեցին իր հատակագծային (արտաքինից՝ 4.7 մ x 3.4 մ) և ծավալատարածական հորինվածքով նման է եղել Սուրբ Կիրակի եկեղեցուն։ Նրա շրջակայքում պահպանվել են մի շարք տապանաքարեր։ Հնարավոր է, որ այնտեղ եղել է գերեզմանոց։

Եկեղեցու հարդարանքները կենտրոնացված են եղել լուսամուտների և արևմտյան կողմում գտնվող մուտքի մոտ։ Գմբեթը ունեցել է չորս փոխանցման առագաստներ, որոնցից յուրաքանչյուրի վրա բարձրաքանդակային ոճով պատկերված են մեկական մարդկային դեմք։ Բեմի ճակատային հարթությունը մշակված է եղել հյուսածո զարդաձևերով։ Արտաքինից լուսամուտների վերևներում տեղադրվել են զույգ գլանիկներից կազմված խաչեր, որոնց թևերը ավարտվել են շեղ գծված քառակուսիներով։

Մի քանի մետր հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևմուտք, ընկած է խոշորաչափ թևերով մի խաչքար, որն ամրացված է եղել պատվանդանին։ Երկարությունը կազմել է 3 մետր։ Այն կանգնեցվել է Վանական Վարդապետի գերեզմանին ։ Ներկայումս եկեղեցին գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի ականապատ տարածքում։

Խորանաշատի Գավիթը կից է գլխավոր եկեղեցու արևմտյան ճակատին և պատկանում է կենտրոնական հորինվածքով 4 սյունանի գավիթների տիպին։

Ուղղանկյուն հատակագծով (16.8 մ x 16 մ), արևելյան կողմում տեղադրված երկու կրկնհարկ ավանդատներով, արտաքուստ ճակտոններով լուծված կառույց է։ Գավթի կառուցումը սկսվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումից ամիջապես հետո։ Այդ մասին գավթի առաջին հարկի ավանդատների բարավորներին պահպանվել են 1222 թվականին փորագրված վիմագիր արձանագրություններ, որոնցից հարավ-արևելյան ավանդատան բարավորի արձանագրությունը շինարարական է.

 «ԵՍ ՍԱԻՂՈՄՈՆ ՄԻԱԲԱՆԵՑԱ Ի ՎԱՆՍ ԽՈՐԱՆԱՇԱՏՈ ԵՒ ԵՏՈՒ ԶԾԱԽՍ ՇԻՆՈՒԹԵԱՆ ԽՈՐԱՆԻՍ ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏՆ ՀԱՍՏԱՏԵՑ Բ ԺԱՄ Ի ՏԱԻՆԻ ԱՌԱՔԵԼՈՑՆ ՊԱԻՂՈՍԻ ՈՀԱ» ։

Գավթի շինարարությունը ընդհատումներով շարունակվում է մինչև 1251 թվականը։ Կենտրոնական մասում գտնվում են 4 միակտոր սյուներ, որոնք միմյանց և հանդիպակաց որմնասյուների հետ կապված են կամարներով։ Վերջինների վրա հենված են ծածկի թաղերը եւ երդիկային բացվածքով կենտրոնական ծածկը։ Սյուներից արեւմտյան երկուսը փնջաձեւ են, ունեն վեցական կիսասյուներ։ Ավանդատների մոտ՝ եկեղեցու արեւմտյան մուտքի աջ եւ ձախ կողմերում, տեղադրված են երկու բարձր պատվանդաններ։ Դրանք նախատեսված են երկրորդ հարկի ավանդատներ բարձրանալու համար։ Ներքուստ արեւմտյան պատը եկեղեցու ավագ խորանի օրինակով պատված է 12 գեղակերտ խորշերով՝ վեցը մուտքից աջ, մյուս վեցը՝ ձախ։ Դրանք գետնահար, շթաքարերով  ավարտված եւ գլանիկավոր շրջանակներով եզերված՝ վերեւում կամարային անցումներով, եկեղեցու համանման տարրեր հիշեցնող խորանաձեւ կերտվածքներ են։ Մուտքի բարավորին պատկերված է հավերժության նշանը։

Առանձնահատուկ է գավթի կենտրոնական մասի ծածկը։ Կամարների ստեղծած քառակուսի հիմքը վահանաձեւ առագաստների միջոցով վեր է ածված 12-կողանի բազմանկյան, որն իր հերթին եռանկյունաձեւ եւ սեղանաձև քարերի դասավորությամբ վերնամասում դառնում է 24 կողանի հիմք։ Վերջինիս յուրաքանչյուր 4 կողը դուրս են շեշտված շթաքարային հարդարանքով եռանկյունաձեւ հենարաններ, որոնց վրայից սկզբնավորվող զույգ կամարները փոխհատվելով՝ ստեղծում են վեցանկյուն բացվածքով երդիկը։ Այն ապահովում է կոնստրուկտիվ կայունություն գավթին։

Արտաքուստ գավիթը մշակված է ուրույն հարդարանքային ձեւերով, որոնք գլխավորապես բաշխված են արեւմտյան ճակատի կենտրոնական ուղղահայաց առանցքի շուրջը։ Արևեւտյան ճակատի շքամուտքն իր հորինվածքով և քանդակային հարդարանքով եզակի է։ Այն եզրավորված է որմնակամարային ավարտվածք ունեցող զույգ գլանիկներով իրականացված երեսակալով։ Միակտոր սպիտակ քարե բարավորի երկկենտրոն կորվածքը ընդգծված է կանաչավուն, երկշերտ շթաքարային փորվածքներով։ Մուտքի բուն բացվածքի եզրերում տեղադրված են բարակիրան զույգ որմնասյուներ, որոնք խոյակների փոխարեն պսակված են առյուծի եւ եզան ծավալաքանդակներով։ Այս երկու պատկերաքանդակները բարավորի համար հենարաններ են։

Արևմտյան ճակատի հարդարանքը լրացված է շքամուտքից վերեւ համաչափ տեղադրված միանման բարձրաքանդակ կորաթեւ խաչպատկերներով եւ երկու խաչքրերով։ Գավթի ծավալատարածական հորինվածքն ավարտվում է կենտրոնական մասում տեղադրված ութանիստ թմբուկով եւ այն պսակող երդիկային բացվածքով վեղարաձեւ ծածկով։

Սուրբ Աստվածածին, Սուրբ Կիրակի եկեղեցիները, ինչպես նաեւ գավիթը շրջապատված են կոպտատաշ քարերով առանց շաղախի շարված պարսպապատերով։

Խորանաշատը եղել է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկը։ Վանական Վարդապետի մահից հետո  վարդապետարանը գլխավորել է նրա ազգական ու աշակերտ Գրիգորիս վարդապետը։ Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագրական թեքում ունեցող դպրոց, որտեղ ուսանել են 7-8 տարի։ Դասավանդել են պատմություն, աստվածաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն, նաև ընդօրինակել ձեռագրեր։ Վանական Վարդապետի մի շարք երկեր  որպես դասագիրք կամ համառոտ ուղեցույց են ծառայել աշակերտների համար։ Սաներից շատերը ուսումնառության տարիներին զբաղվել են գիտությամբ։ Շրջանավարտները ստացել են վարդապետական աստիճան և զբաղվել ինքնուրույն գործունեությամբ։ Վարդապետարանի սաներից 13-րդ դարի հայ եկեղեցու և մշակույթի նշանավոր գործիչ Կիրակոս Գանձակեցին գրել է․ «Գալիս էին առ նա ուսման աղագաւ ո՛չ միայն վարդապետական բանի, այլ ամենայն կեանք նորա և շարժումն անգիր օրէնք էին տեսողացն»։

Խորանաշատը եղել է գրչության կենտրոն։ Մեզ են հասել այնտեղ գրված ձեռագրեր՝ մեծ մասը՝ 13-րդ դարից։ Վանական Վարդապետը շատ արժեքավոր գործեր է թողել, որոնցից են՝ «Հարցմունք և պատասխանք», «Բարոյախոս» և «Մատյան ողբերգության» ձեռագրերը։ Դրանցից պահպանվել ու այժմ Մատենադարանում  պահվում են տարբեր դարաշրջաններում ապրած ու գործած գրիչներ Ստեփանոս Աղթամարցու, Մարտիրոսի ու Ավետիսի ձեռագիր աշխատությունները։

Ահա հայ հոգեւոր գանձարաններից մեկի չխամրող փառքի պատմությունը, որն ամեն հայի հաղորդում է ոգի, հավատ, սեր, մի առասպելական ուժ՝ ընդդեմ մեր ժողովրդին բաժին ընկած եղերական դարերի շարունակության, ընդդեմ ավարառու, նենգ, ամեն ինչ հափշտակող ու բնաջնջող ցեղերի նոր հայասպան ոճիրների։

Խարանաշատը հենց անընկճելի հայ մարտիկն է՝ մեր անմահ էպոսի Խաչ-Պատերազմին, որ միշտ սպասում է իր ուխտավորներին։

 

Խոսրով Խլղաթյան

2 դիտում