Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՆՈՐԱՏՈՒՍԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՎԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Նորատուսի պատմամշակութային հուշարձանների շարքում իր ուրույն ու բացառիկ տեղն ունի նաեւ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Ըստ Սիմեոն Երեւանցի կաթողիկաոի՝ եկեղեցին կոչվել է Դափուց վանք և եղել է կուսանոց։ Ըստ արձանագրությունների և շինարարական ձևերի՝ կարելի է այն վերագրել 9-10-րդ դարի կառույցների շարքին։

Հոգեւոր այս կառույցի մասին հիշատակել են Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը, Երվանդ Լալայանը, Սեդրակ Բարխուդարյանը, իսկ նրանց ուսումնասիրությունները լրացրել ու  ամբողջացրել է Սուրեն Սաղումյանը։

Այն առավելապես աչքի է ընկնում իր փոքր չափերով, բայց համաչափ, կոկիկ, գեղեցիկ ու երեւելի տեսքով, որն ավելի շատ  չափված-ձեւված մանրակերտի է նմանվում։

Դափուց վանքն  ունի պարսպափակ բակ, որտեղ  պահպանվել են նաև 13-17 դարերի խաչքարեր։ Ըստ ուսումնասիրողների՝ վանքը նախկինում եղել է միանավ թաղածածկ բազիլիկ        կառույց, որը 10-11 րդ դարերին Խաչատուր ճարտարապետը վերափոխել է գմբեթավոր սրահի։ Հյուսիսային եւ հարավային կողմերում ավելացվել են երկու խորաններ, ներքուստ, պատերին կից ավելացվել են որմնամույթեր, եւ տեղադրվել է սրածայր գմբեթ։

Կառույցի պատմության ու ժամակագրության մասին ուսումասիրողները հետեւություններ են արել հատկապես պատերի ներսում պահպանված վիմագիր արձանագրություններից, որոնց մի մասն ընդամենը կիսատ կամ կցկտուր տեղեկություններ են փոխանցել հետագա սերունդներին։

Անվանի հնագետ Սուրեն Սաղումյանի կարծիքով՝ շուրջ 7-րդ դարի ընթացքում կառուցված ու հետագա դարերի ընթացքում ավերված Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին առաջին անգամ նորոգվել է Իվանե Զաքարյան իշխանի տիրապետության ընթացքում։ Դա վերաբերում է հին, միանավ սրահին։

«Ըստ այդմ, ոմն Տրուպ վարդապետ, «հալալ ընչից եւ ի ստացվածոց յուր շինում է զավերեալ եկեղեցիս վանուցս Նորատվաց»։ Հավանաբար, Նորատուսի հոգեւոր շինությունները վնասվել էին երկրաշարժից ու նորոգվել անվանի հոգեւոր առաջնորդի կողմից, որին կամակից ու օգնական է եղել Մխիթար դեմեթարը։ Այս միջամտությունը տեղի է ունեցել 1213-1227 թվականների միջակայքում, ավելին չի պարզվում։ Իսկ ահա եկեղեցու ներսի 1344 թվականի վիմագիրը տեղեկացնում է, որ ի պարոնության իշխանին Հայոց Բուրթելին, Աստծո մեղուցեալ ծառա Ավագը զորավիգ է եղել վանքի շինությանը։ Ամենայն հավանականությամբ, Նորատուսի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին սասանվել է 1319-1320 թվականների երկրաշարժից, որը հսկայական ավերածություններ է գործել Գեղարքունյաց գավառում, այն աստիճան, որ Դափուց վանքը վերաշինվել է նորովի՝ միանավ սրահը վերափոխելով կենտրոնագմբեթ հորինվածքի։ Դա հմտորեն է իրագործել Խաչատուր քարագործը՝ ճարտագիտագական ու ճարտարապետական խորությամբ։ Փոքրածավալ սրահի ներքին պատերին արեւմուտքից հպվել են որմնամույթեր, բեմի կամարին՝ մի երկրորդ կամարահենարան, որոնց կցվածքներում գոյացած առագաստները համակցող հենարանների վրա բարձրացել  է  վերասլաց թմբուկը։ Անսովոր այս կազմվածքի ստեղծման հարկադրանքով վերձիգ գմբեթը հյուսիսից ու հարավից նստել է անմիջապես կողապատերին՝ կազմելով նրանց ուղիղ շարունակությունը՝ առանց լանջերի ու տամբաների։ Իսկ արեւելյան անկյուններում, արագիլի բացազատ թեւերի պես, հպվել են միաթեք ծածկով ցածրադիր խորաններ»,-եզրակացնում է Սուրեն Սաղումյանը։

Դափուց վանքի մուտքի կամարի  վերեւում պահպանված արձանագրությունը, որն արդեն կատարվել է 20-րդ դարի սկզբում, ազդարարում է, որ կառույցը վերանորոգվել է նաեւ 19-րդ դարի վերջին  եւ 20-րդ  դարի սկզբին, նորբայազետցի Գրիգոր Ավոյանի ջանքներով։ Այդ ընթացքում աշխատանքներին օժանդակել են նաեւ Գրիգորն Ավետիսովը եւ 90 տարեկան Սեդրակ Նորատունքցին։ Վանքի ամոբողջական ու վերջին նորոգումը կատարվել է 1984 թվականին, Հայաստանի Հուշարձանների պահպանության վարչության ուժերով։

Վերջին  նորոգությունների ընթացքում կառույցը ծավալապաշտական փոփոխություն չի կրել։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կամ Դափուց վանքը եղել է ճգնակյացների մենաստան-անապատ՝ շրջափակված պարսպով ու կացարաններով։ Ինչպես նշել է Հովհաննես Շահխաթունյանցը՝ Դափուց վանքը եղել է բնակավայրից դուրս գյուղի հարավային կողմում, անդաստանի մեջ ու ծառայել է որպես կույսերի մենաստան։ Նման տեղեկություն հաղորդել է նաեւ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը։

Վիմագիր արձանագրությունները փաստում են, որ Դափուց վանքն իր ակտիվ գործունեությունը ծավալել է 10-16-րդ դարերի ընթացքում։ Այն գործել է մինչեւ 1920-ական թվականները։

Այժմ ներկայացնենք Դափուց վանքի ներսի պատերին պահպանված վիմագրությունները, որոնք վերծանվել են Սեդրակ Բարխուդարյանի կողմից։

Եկեղեցու արեւմտյան պատի հարավային մասում անկանոն տողերով եւ գրչությամբ գրված է 4 տող․ « ՇՆՈՐՀԻՎ  ԱՍՏԾՈ ԿԱՄ  ԵՂԵՎ  ԻՆՁ  ՀԵՐԱԿՂԻ ՀԱՎՆՈՒՆՈ ԵՎ  ԵՏՈՒ ԶՋՈՐՈՂԱՆՍ ։Բ։ ԱՐՏ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՀՐԱՄԱՆԱՎ ԳԱԳԿԱ ՇԱՀՆՇԱՀԻ ԵՎ ԳՆԵՑԻ ՋՐ․․․»։ Ըստ ուսումնասիրողների՝ արձանագրությունը մնացել է կիսատ կամ անավարտ։

Ըստ Սեդրակ Բարխուդարյանի՝ այս արձանագրությունը համարվում է 10-րդ դարի գործ, քանի որ, բացի այստեղ հիշատակված Գագիկ Շահնշահի անունից, Գավառ քաղաքում պահպանված է 1000 թվականով թվագրված մի արձանագրություն, որտեղ դարձյալ հիշատակված է նույն Հերակլի անունը։

Եկեղեցու բեմի կորության հարավային մասում ագուցված խաչքարի վրա պատկերված խաչի շուրջ գրված է ․ «ԽԱՉԱՏՈՒՐ ՔԱՐԱԳՈՐԾ․ ՅԻՇԱ»։ Ըստ Բարխուդարյանի՝ խաչքարի տեղադրման, խաչի եւ գրերի հնաձեւության, եւ շենքի բազիլիկ ձեւից գմբեթավորի վերակառուցելու ժամանակի հիման վրա այն համարվում է 10-րդ դարի վերջի կամ 11-րդ դարի սկզբի գործ ու վերակառուցման ճարտարապետի հիշատակագրություն։

Եկեղեցու հարավային պատի վերին մասում, քիվի տակ, արտաքուստ 4 տող է արձանագրված․ «Ի ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆՆ ՎՐԱՑ ԹԱՄԱՐԻ։ ԵՎ ԻՆՔՆԱԿԱԼ ՏԷՐՈՒԹԵԱՆ ԻՎԱՆԷԻ ԵՎ ՇԱՀՆՇԱՀԻ, Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆՆ ՏԵՐ ՎՐԹԱՆԻՍԻ ԱԹՈՌԱԿԱԼ ՄԵԾ ԳԵՂԻՍ ԵՍ ՏՐՈՒՊ ՎԱՐԴԱՊԵՏ  ՇԻՆԵՑԻ ԶԱՎԵՐԵԱԼ ԵԿԵՂԵՑԻՍ ՎԱՆԱՑՍ ՆՈՐԱՏՎԱՑ Ի ՀԱԼԱԼ ԸՆՉԻՑ ԵՎ Ի ՍՏԱՑՎԱԾՈՑ ԻՄՈՑ ՍԱԿԱՎ ԵՎ ՀԱՍՏԱՏԵՑԻ ՀՈԳՈՅ ԻՄՈՅ ԱՆՋԻՆՋ․․․ԵՎ ԿԱՐԳԵՑԻ ԻՆՁ ԵՂԲԱՐԲՍ ՀԱՆԴԵՐՁ Ի ՏԱՐԻՆ ։Է։ ՊԱՏԱՐԱԳ ԶՅԱՐՈՒԹԵԱՆ ՇԱԲԱԹՆ ։ ՈՐ ԱՌՆԵՆ ՕՐՀՆԻՆ ՅԱՍՏՈՒԱԾ ԽԱՓԱՆՈՂՔՆ ․․․ԱՄԱՆ ՍԻՆ ԱՌՆՈՒ․․․ ԿԱՏԱՐԻՉՔ ՀՐԱՄԱՆԱՑ ՄԵՐՈՑ ՕՐՀՆԵՍՑԻՆ Ի ՏԵՐ ԱՍՏՈՒԾՈՅ․ ԱՄԵՆ»։

Բարխուդարյանի կարծիքով՝ այն պետք է գրված լինի 13-րդ դարի սկզբներին, երբ դեռ կենդանի էր Իվանե Զաքարյանը, իսկ Շահնշահը՝ հասուն գործիչ։

Եկեղեցու արեւմտյան պատի հյուսիսային մասում , ներքուստ, մուտքի անկյունից, 6 տող․ «ԵՍ ՄԽԻԹԱՐ, ՆՈՐԱՏՎԱՑ ԴԵՄԵԹԱՐՍ ՈՐ ԿԱՄԱԿԻՑ ԵՎ ՕԳՆԱԿԱՆ ԵՂԷ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹԵԱՆՆ ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՍ ԵՎ ՆԱ ՍԱՀՄԱՆԵՑ ԻՆՁ Ի ՏԱՐԻՆ ։Բ։ ԺԱՄ ԶՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ ՏՈՆՆ ԿԱՏԱՐԻՉՔ ՀՐԱՄԱՆԱՑ ՄԵՐՈՑ ՕՐՀՆԻՆ ՅԱՍՏՈՒԾՈՅ»։

Ըստ Բարխուդարյանի՝ արձանագրությունը ժամանակակից է նախորդին եւ գրվել է 1220-ական թվականներին։

Եկեղեցու հյուսիսային պատի արեւմտյան մասի վերեւում, քիվի տակ արտաքուստ արձանագրված է 7 տող․ «ԵՍ ԽՈՅՏԱՆ ԴԵՄԵԹԱՐՍ ՆՈՐԱՏՎԱՑ ՕԳՆԱԿԱՆ ԵՂԷ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻՍ ԸՆՉՈՔ ԻՄՈՔ ԵՎ ՎԱՐԴԱՊԵՏՍ ՍԱՀՄԱՆԵՑ ԻՆՁ Ի ՏԱՐԻՆ։Բ։ ՕՐ Ի ԳՅՈՒՏ ԽԱՉԻՆ․ՄԻՆՆ ԻՆՁ ԵՎ ՄԻՆՆ ԿԵՆԱԿՑԻՆ ԻՄ ՔՐԻՍՏՈՆԷԻՆ․ ԿԱՏԱՐԻՉՔ ՀՐԱՄԱՆԱՑ ՄԵՐՈՑ ՕՐՀՆԻՆ ՅԱՍՏՈՒԾՈՅ»

Ըստ Բարխուդարյանի՝ արձանագրության հստակ ժամանակը որոշվում է Խոյդանի մեկ այլ արձանագրությամբ, որը գտնվում է Նորատուսի գերեզմանատանը, խաչքարի վրա՝ թվագրված 1221 թվականով։

Եկեղեցու արեւմտյան պատի վերին մասում, քիվի տակ, արտաքուստ, սպիտակավուն երեսպատման քարի վրա, երկու խաչ եւ շուրջը արձանագրված․ «ԱԱՏՈՒԱԾ ՈՂՈՐՄԻ ԿԱՐԱՊԵՏԻՆ․․․ԹՎ․ ։ՈԿՋ։ /1217/ ԿԱՆԿՆԵՑԱՎ  ՍՈՒՐԲ ԽԱՉՍ։

Եկեղեցու հարավային պատի կենտրոնում, ներքուստ 8 տող․ «ԹՎ ։ՉՂԳ։ /1344/ ՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՎ ՊԱՐՈՆՈՒԹԵԱՆՆ ԻՇԽԱՆԻՆ ՀԱՅՈՑ ԲՈՒՐԹԵԼԻՆ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ ԶԱՎԱԿԱՑ  ՅՈՒՐ ԲԷՇՔԵՆԱՅ ԵՎ ԻՆԱՆԻԿԻՆ, ԵՍ ՄԵՂՈՒՑԵԱԼ ԾԱՌԱՅ  ԱՍՏՈՒԾՈՅ ԱՎԱԳՍ, ՎԱՍՆ ԵՐԿԱՐ ԿԵՆԴԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՐՈՆԱՑ ՄԵՐՈՑ  ԿԱՄԱԿԻՑ ԵՂԷ ՇԻՆՈՒԹԵԱՆ ԼԱԼ ԸՆՉԻՎՔ ԳՆԱԾ Ի ՆՈՐԱՏՎԱՑ ՋՐԱ ՎԵՐԱ ։Ա։ ԱԿՆ ՋԱՂԱՑ Ի ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐՍ ։ ՄԻԱԲԱՆՔՍ ՍԱՀՄԱՆԵՑԻՆ Ի ՏԱՐԻՆ ։Գ։ ՊԱՏԱՐԱԳ ԻՆՁ, ԱՎԱԳ ։Ե։ ՇԱԲԱԹ ՕՐ․ ԿԱՏԱՐԻՉՔ ՕՐՀՆԻՆ ՅԱՍՏՈՒԾՈՅ»

Եկեղեցու հարավային պատի կենտրոնում, նախորդի անմիջական տակը պահպանվել է չավարտված  արձանագրության 1 տող․ «ՅԱՆՈՒՆ ԱՐԱՐՉԻՆ ԱՍՏԾՈՅ ԵՎ ՅԱՇԽԱՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՄԵՐ․․․»։

Եկեղեցու հարավային մույթի վրա, ներքուստ արձանագրված է 6 տող․ « ԱԳԱՐԱԿԻՍ Մ․․․ ՈՐ ՄԻԱԲԱՆԵՑԱ ՎԱՐԴԱՊԵՏԻՍ ԻՄ ԸՆՉԱՒՔ ԻՄԱՒ ՍԱՀՄԱՆԵԱՑԻՆ ԻՆՁ ։Ա։  ԺԱՄ Ի ՏԻՐՈՋՆ․ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՃՐԱԳԼՈՒՑԻՆ ԱՆԽԱՓԱՆ»։

«Եկեղեցու հյուսիսային մույթի վրա, ներքուստ, մանր խաչերի գլխին արձանագրված է․ «ԱՍՏՈՒԱԾ ՈՂՈՐՄԻ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՍ ՏԻՐՈՋ ՀՈԳՈՒՆ ԱՄԵՆ»։

Եկեղեցու հարավային պատի վերին մասումներքուստ ագուցված խաչքարի տակ արձանագրված է․ «ՀԱԶԱՐՄԱՆ ԿԱՆԿՆԵՑԻ»։

Եկեղեցու  հարավային պատի վերին մասում, արտաքուստ, մեծ արձանագրության տակ պահպանված է երկտողանի արձանագրություն․ «ԵՍ ՍԱՐԳԻՍ ՈՐԴԻ ԴԻԼԻՃԱՆԻՆ ԵԿԻ ԴՈՒՌՆ ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՍ, ՏԱՐԻՆ ։Գ։ ՊԱՏԱՐԱԳ ԿԱՏԱՐՈՂՔ ՕՐՀՆԻՆ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏԾՈՅ։

Ըստ Բարխուդարյանի՝ այս Սարգսի տապանաքարը գտնվում է Գավառ քաղաքի գերեզմանատանը։ Նա մահացել է 1502 թվականին։

Ինչպես տեսնում ենք, Նորատուսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, նույնիսկ փոքր չափերի մեջ, անչափ հարուստ է վիմագիր արձանագրություններով, ու քարեղեն այդ գրերը մնացել են անջինջ տեւական դարերի ընթացքում՝ մեզ փոխանցելով անցյալի պատմությունը, լեզուն ու մշակույթը, իշխանների ու հոգեւորականների, քարագործների ու ճարտարապետների անունները։ Այն նման է նաեւ անխորտակ գրադարանի՝ գրված ամենատարբեր, ձեւավոր ու պատկերավոր ձեռագրերով։

Վիմագիր արձանագրություններ են պահպանված նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակի գերեզմանոցում տեղադրված խաչքարերին։ Արձանագրությունները վերծանել է Սուրեն Սաղումյանը՝ տալով նաեւ Աստվածաշնչյան մոտիվներով արված գեղեցիկ պատկերաքանդակների մեկնաբանությունները։

Ինչպես նշում է Սուրեն Սաղումյանը «Նորատուս» գրքում, Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» աշխատության մեջ Նորատուսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վիմագրություններից վերծանված ու հրատարակված 13 արձանագրություններին ինքն ավելացրել է եւս 23-ը, որոնք առկա են ինչպես եկեղեցու արտաքին կամ ներքին պատերին, այնպես էլ՝ բակի խաչքար-տապանաքարերին։

Եկեղեցու արեւմտյան պատին, ներքուստ, մուտքից ձախ, գեղագիր 1 տող է պահպանվել՝ 10-րդ դարի գիր համարվող․ «ՅՈՒՍԻԿ»։

Եկեղեցու արեւմտյան պատին, դրսից, հյուսիսային եզրի ստորին շարքի պարզ գծախաչերի արանքում պահպանվել է 1 տողանի արձանագրություն․ «ՍՈՒՐԲ ԽԱՉՍ․․․»։

Եկեղեցու արեւմտյան պատին, որպես  նախորդի շարունակություն, արձանագրված է 2 տող․ «ՍՈՒՐԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽՈՍ ՎԱՉԷԻՆ»։ Գրվել է 15-16-րդ դարերի ընթացքում։

Եկեղեցու արեւմտյան պատի աջ թեւում, դրսից, պահպանված է 1 տողանի արձանագրություն․ «ՍՈՒՐԲ ԽԱՉՍ ԲԱՐԵԽՈՍ ՄՀԴՍԻ ԱՀԱՐՈՆԻՆ, ԱՂԱՅՊԷԿԻՆ։

Եկեղեցու մուտքի կամարից վերեւ, երեք քարերի վրա, դրսի կողմից  արձանագրված է 13 տող։ Այն վերաբերում է 1909 թվականի ընթացքում կատարված նորոգումներին։

Եկեղեցու բակի մահարձան-խաչքարերին արձանագրված են Հարուինի, Եղմարի, Իգնատիոսի, Բարաթի, Մուսէսի, Վարդան Աբեղայի, Ջհանխանի, Ոյհանիսի, Միխիսթոս Կիրակոսի, Միրզի, Տեր Գրիգորի, Գրիգոր քահանայի անունները։ Խաչքարերը հիմնականում կերտված են 16-րդ դարում։

Վարդան Աբեղայի խաչքարը մշակված է հմտորեն։ Խորանի գլխին Խաչեցյալն է՝ ինքնատիպ կազմվածքով։ Տիրոջ գլխին իջել է աղավնակերպ Սուրբ Հոգին, կողերին արեւն ու լուսինն են, թեւատակերին՝ ծնկաչոք Մարիամն ու Հովհաննեսը։ Թեւերին նստած են բադակտուց թռչուններ, իսկ խաչահանգույցի ռոմբայում Ադամի գլուխն է։ Այս գեղաքանդակ խաչքարի կազմողի անունը նույնպես Վարդան է։

Մեկ այլ Վարդան Աբեղայի խաչքարի քիվի տակ պատկերված է Քրիստոսը՝ բեղ-մորուքով, գահին բազմած, ավետարանիչներով ու հրեշտակներով շրջափակ, եզրակողերին, հասակով մեկ, շերտավոր երկար զգեստով Հովհաննեսն ու Մարիամը։

Միխիսթոս Կիրակոսի խաչքարի քիվի տակ հասակով մեկ, առանց ծալքերի երկար զգեստով, երկար գոգնոցով, աջը վեր պարզած, ձախով Սուրբ Գիրքը կրծքին սեղմած Քրիստոսն է՝ ավետարանիչների խորհրդանշանների հարակցությամբ։

Գրիգոր քահանային պատկանող խաչքարի գագաթը երկթեք-սրանկյունի է, խորանի գլխին պիղատոսյան խաչին գամված Տիրոջ նահատակությունն է։ Հիսուսը ծոպավոր թասակով է, բեղ-մորուքով, երկար, մինչեւ սրունքները հասնող շերտավոր գոգնոցով։

Նորատուսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կամ նույն Դափուց վանքը համարվում է հայ ժողովրդի սրբայրերից ու ուխտավայրերից մեկը, ուր այցելում են ոչ միայն Նորատուսի կամ հարակից բնակավայրերի, այլ նաեւ Հայաստանի մայրաքաղաքի ու  այլ մարզերի բնակիչները, աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ մարդիկ։ Այցելուների մեջ մեծ թիվ են կազմում նաեւ օտարերկրյա զբոսաշրջիկները։

Նորատուսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կամ նույն Դափուց վանքը  հայ ժողովրդի արարող մտքի ու կառուցող ձեռքերի արգասիքն է, որն իր վրա կրում է Հայոց սուրբ, հավերժական գրերը եւ ազգային մշակույթի ու արվեստի անջնջելի կնիքը։

Խոսրով  Խլղաթյան     

81 դիտում