Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՆԵԿՏԱՐ ԱՎԴԱԼՅԱՆ․ՀԱՅՐԵՆԻ ԱՇԽԱՐՀԻ ՋԵՐՄԵՌԱՆԴ ԵՐԳԻՉԸ

 

Նեկտար Ավդալյանը արդի հայ գրականության կայացած, նվիրյալ դեմքերից մեկն է։ Շատ հմուտ է ինչպես չափածո, այնպես էլ՝ արձակ խոսքում։ Նրա բովանդակալից գիրն ընթերցվում է մեծ հետաքրքությամբ։

***

Ինձ թվում է,

Կյանքը այն է,

Երբ նայում ես

Հորիզոնին,

Եվ ուզում ես

Հարցաշարով

Պեղել և քեզ.

Ունե՞ս արդյոք

Մի թանկություն,

Որ թողեցիր

Անվերադարձ

Ժամանակի

Դառնության մեջ

Ու կես ճամփին…

Կյանքի գետը

Իր հոսքի մեջ

Ինքնաբավ է,

Ետ չի դառնում։

Հորիզոնը

Նմանվում է

Այն վկային,

Ով լռությամբ

Մեր սխալի

Ճիշտը գիտի,

Նրան ենք մենք

Ապավինում

Հոսքը գետի…

Այն, ինչ թողինք

Մեր ետևում

Մշուշապատ,

Փորձ ենք անում

Նոր գույներով

Զարդանախշված,

Վաղվա օրվա

Պտույտի մեջ

Տեղավորել…

Ինձ թվում է,

Մեր մտքերի

Խորհրդատուն

Հորիզոնն է

Անծայրածիր…

Եվ երբ նորից

Անձրևում է,

Ես գնում եմ

Դանդաղաքայլ,

Որ լավ տեսնեմ

Ու նկարեմ

իմ հոգու մեջ,

Հորիզոնի

Ու երկնքի

Հանդիպումը։

Եվ հենց այդտեղ

Ավարտվում է

Տեսողական

Իմ աշխարհը…

Ու հարցերս

Մեկիկ,մեկիկ

Ետ են գալիս.

Որպես հեռու

Մի արձագանք…

Ես չեմ կարող

Հորիզոնին,

Որ փակ է դեռ,

Չշշնջալ.

<<Ասա’, տեսնեմ,

Քո տվածը

Նմա՞ն էր իմ

Ունեցածին>>։

Պատասխանը

Ամպն է դառնում,

Լռակյաց ու

հեռուն սահող։

***

 

ՀԱՅՐԵՆԻՔ

Գնամ, սարերին

«Բարի լույս» ասեմ,

Տեսնեմ՝ ինչպե՞ս են

Ցավին դիմանում…

Նայեմ ծառերի

Կանաչությանը,

Բայց արմատների

Հառաչը լսեմ,

Գիտեմ, որ նրանք

Հազարճյուղանի

Քարտեզ են հիմա…

Սարերդ կանչող

Գմբեթ են ու զանգ,

Եվ ամեն մեկը

Ժամերգությամբ է

Երկնքին նայում…

Գնամ, արտերիս

«Բարի լույս» ասեմ,

Տեսնեմ՝ ինչպես են

Անջրության մեջ

Ծարավ ու տոչոր

Քամուն դիմանում,

Թե ո՜նց են տնքում

Ապառաժները,

Երբ դավաճանի

Ոտնահետքերը

Ճամփա են բացում.

Կարծես դանակ են

Խրում սրտի մեջ

Ու չեն մահանում…

Գնամ, ադեիս

Մամռած քարի մոտ

Ծնկեմ աղոթքով,

Մեղավորի պես

Աչքերս փակեմ

Մինչև լուսանա,

Հետո վեր կենամ՝

Համբերությունս

Ուսերիս դրած

Գնամ՝ լռությամբ

Մենախոսելու

Արցունքներիս հետ։

Ապառաժների

Հառաչը կարդամ,

Հետո լուռ ննջեմ

Տաք հողիդ վրա,

Հայրենի՛ք փխրուն,

Քո ամրությունը

Համարեմ հեքիաթ,

Անունդ տալով

Ես քամի դառնամ,

Բարուրդ գրկեմ

Ու սեղմեմ կրծքիս,

Որ քեզ որբ չզգաս։

***

 

ԻՄ ԴՂՅԱԿԸ

Ես կառուցեցի

Սիրո մի դղյակ՝

Պատուհաններով

Ծովերին նայող,

Որ առավոտյան

Լուսածագի հետ

Տեսնեի հզոր

Նավարկումները

Սիրահարների…

Շատրվաններով՝

Մինչ երկինք հասնող,

Որոնց թռիչքը

Նման էր ցայտող

Արևաշողքի…

Աստիճաններով՝

Վերից վար ձգվող,

Ձեռնահետքերս

Դաջեցի այնտեղ՝

Պատերին ողորկ,

Որ սերը քայլի

Մատներիս վրա,

Ու հավերժացնեմ

Տեսիլքները իմ…

Սիրուն պարտեզը

Դարձրի ես ճոճք,

Որ քայլեմ այնտեղ

Երազներիս հետ,

Բուռ բուռ հավաքեմ

Շոյանքը սիրո,

Որի մեղեդին

Լսվում է անվերջ

Ունկերիս ներսում,

Եվ գիշերներս

Դարձնեմ ցերեկ

Դռներս բացող…

Ես կառուցեցի

Համբերության տուն՝

Հավատով այն մեծ,

Երբ տխրության մեջ

Ձկները նույնիսկ

Ընկեր են դառնում

Եվ փորձում խոսել

Համրության լեզվով…

Քեզ սպասեցի

Անավարտ երգով՝

Պատյանը դրված

Ջութակի նման,

Որ իմ մատները

Կարոտիս պահին

Այդ կափարիչը

Քնքշորեն բացեն։

Ես կառուցեցի

Դղյակը իմ վեհ ,

Որ անհույս պահիս

Ապրել կարենամ,

Բայց այն փուլ եկավ՝

Սյուներ չունեցած,

Երբ որ մենք այնտեղ

Բնակիչ չեղանք…

Այնտեղ են ապրում

Սարդերը հիմա…

***

 

ԱԴԵՍ ՈՒ ԱՆԻՆ

Ադես անընդհատ խնդրում էր հորս, որ իրեն տանի սահմանամերձ Խարկով գյուղը,որը Բագրավանից քիչ էր հեռու։ Այնտեղ գնալու համար անպայման անձնագիր էր պետք: Խարկովը փոքր գյուղ էր, որտեղից պարզ երևում էր պատմական Անին՝ իր ավերակներով ։ Հայրս անձնագիր ուներ. Խարկով գյուղի բնակիչներին ինքն էր բուժօգնություն ցուցաբերում։ Տեսնելով, որ անհնար է ադեին ետ պահել իր որոշումից, գյուղացիներից մեկի մեքենայով միասին ճանապարհ ընկան։ Երբ երեկոյան վերադարձան, ադես, անուժ հենված հորս թևին, մի կերպ քայլում էր։ Երկու օր անկողնուց չբարձրացավ։ Մի փոքր կազդուրվելուց հետո ասաց.

— էս իմ գոմի հայվընները ընձի չեն թողնա, օր իմ դարդով տապկըվիմ։

Ինձ համար շատ հետաքրքիր էր ադեից լսել իր այդ ճամփորդության մասին։ Որոշ ժամանակ անց խնդրեցի, որ պատմի՝ համոզված լինելով , որ թարմ ցավի վրա եմ մատս դնում։ Չմերժեց. երևի ազատվել էր ուզում իր ներաշխարհի ծանրությունից։

-էդ սայմանի բերանը ընգեր Օհանյանը մէ թուղթըմ ցույց տվավ բուտկի մեճը նստած ռուս զինվորներին ու ընձի հորըդ հետ տարավ Խարգով։Մինչև հըմի կմդաձեմ՝ ռուսն ինչ հաշիվ ունի իմ երգրիս հետ, օր իրավունք տար՝ իմ հողս մդնիմ։ Ինքն ուր էր, օր իմ ազգս կքելար էդ հողի վրա։ Ես առաջ գիդեի, թե մինագ գող ու ավազագի դեմը դուռ կփագեն, եդև հասկցա, օր արդար հայի դեմը դուռ էլ կփագեն , երգիր էլ։ Խարգովցի գաղթագաններից ով օր իմ թայըս էր, յա քիչըմ վենձ ու պզդիգ, ընձի ճանչըցան, էգան փաթըթվան։ Փախեփախին մէր մէ թիքեն իրար հեդ էինք կիսէ։ Սիմոնս ընձի տարավ չափառի բերանը։ Երգայնքով մէ մետրիմ լենությամբ հողը վարաձ էր։ Ըդուրից էն յան Սիմոնս ըսավ՝ էլ քուգը չէ։ Ըսավ ,օր էդ վարաձ հողի վրա հանգարձ ոդներս չդնեմ, թե չէ տոկը կուդա։ Ըդիգ օր իմացա,իմ ջանդըգով մեգ արդեն տոկն անցավ։ Կմդաձեի, թե իմ հողը չի կրնա ընձի տոկի տա, իմ սրդի միճի տոկը ավելի շուդ կըսբանե Եղսոյին։ Քիչըմ էն յան մէ վիշկեմ կար՝ քյալլին էրգու ռսի սալդաթ էին կայնաձ՝ թվանքը կողքերից կախ, էրգուսն էլ վիշկի տագն էին։ Կերթային ու գուկային՝ աչքերը պլշըցրաձ. գիդես թե շպյոն ման գուկային։ Բալա՛ ջան,Գիրքորը միշտ կըսեր, օր ոչ ցարը մեզի տեր չկայնավ,ոչ էլ էն գյոռբագյոռ Լենինը։

Է~հ ,բալա՛ ջան, ըդիգ իմ խելքի բանը չէ։ Իմ դարդն ընձի հերիք է։ Էդ չափըռների արանքներից իմ ավերագ Անին օր տեսա, ինչըղ օր ժառովնու տժտժան յեղը լցնեին յարեկիս վրա։ Ա~խ, էդ խորունգ յարեն իմ սրդի մեճն էր։ Էդ անաստվաձ սիրդը քանի՛ զույգ աչք կպայե իրա թփթփոցի մեճը։ Ամեն աչքը մէ կլոր յարա ՝աղի արեըսունքով։ Նստա էդ վարաձ հողի պռնգին ու կաշեմ։ Թուրքերն Անիիս բոլորը վար ու ցանք կենեն, իրանց էրեխեքը ընդեղ կխաղան։ Գիշնին ձորը, էդ ձորի միճով կերտան Արփաչայը։ Դե Եղսո՛, աշե՛ ու դիմացի։ Մէ ռուս զինվորըմ չիդեմ ինչ կեներ Խարգով. վայտեմ իրա պոստից էր իճե, կերտար տուն։ Կայնա ըդուր դեմն ու կըսեմ՝ դու գիդե՞ս, օր էդ չափառից էն յան իմ տուն ու տեղս է էղե, դու գիդե՞ս, օր էդ Արփաչայի մեճը իմ ախպրդինքս լողցել են, ու էդ ձորի միճի Կիրագոս վարդապեդի մատուռի քանդած պադերի տագը իմ հերն ու մերը ընձի կնքել են։ Հերըս ըդեղ գառ է մորտե ու արունի խաչ է դրե իմ ճակտին։ Դու գիդե՞ս, օր էդ եգեղեցու բլած կարմիր քարերը իմ հորս ձեռով են շարվե , էդ խաչքարերի վըրա իմ մորս թափած արցունքների լաքեքը հլը կխոսան։ Քեզի աղերսանք կենեմ՝ մէ պզդիկ ծագըմ էրա ,անցնիմ էրթամ իջնիմ ձորը ,ոդներս թրջեմ Արփաչայի մեճը,երեսներս մեռոնաջրեմ, իրա կողքի էն ճերմագ ,կարջլիգ ծաղիգներից փունջըմ էնեմ , դնեմ դոշիս ու հոգիս տամ։ Չիդեմ ինչըղ բացադրին իմ խոսկերս էդ աշխըրից բեխաբարին. աշեց ,աշեց աչքերիս մեճը, ձեռս բռնեց ու կըսե. «Մամաշա, նելզյա»։ Սիմոնս ընձի մէ կերբըմ համոզեց ,քիչըմ էն յան տարավ , կըսե՝ ադե՛, դու էդ պագռանիշնիգի հեդ ի՞նչ գործ ունիս, ըդուր իրավունքը չունիս։ Բայց իմ էրեխի խոսքերը հեչ. ես ընձի առե պրձել էի։ Մէ բացովի բրեզենտե աթոռըմ բերին ,ընձի նստըցրին, ու սաղ գիդես թե լալգըվան։ Իմ աչքերը Անիից չէին կդրի։ Կաշեմ ու կաշեմ։ Շատ հեռվից կնշմարեմ Գագիկ թաքավորի մինարեն։ Ամենաանուշ բանջարը էդ էրգուպադանի մինարեի բոլորից կհավաքեի։ Պադերին նկար չկար, մինակ թափած ծեփոնների տեղը կերևար։ Կըսեմ՝ վախտին թաքավորն է ելումուդ էրե ,կառքերն են կայնե դռներիդ դեմը։ Հըմի հլը աշե՝ թուրք ասքյարները քարերդ ոդի տակ կուդան։ Բալա՛ ջան, մեր Արազգեղը ամենամոդիգն էր Անիին, համայրա կբաձ էր։ Գուզեմ ըսեմ, օր վանքի պադից ընգած ամեն քարի ձենը մեր գեղին կհասներ։ Քիչըմ գելնեինք դիքը՝ դեբի Փրգչի եգեղեցու յանը, մէ վենձըցած ծառըմ կար. գարունն օր գուկար ,կես յանը տերև կուդար ,էն մէ կես յանը չորցել էր, չէր հասկնա գարնան գալը։ Էդ ծառը գիդես թե Արազգեղի ու Անիի ավերագների կարմունջը էղներ։ Ես հմի էդ ծառն եմ. կեսս շուդունց չորցել է, էն մէ կեսս հլը գուզե աբրի։

Ադես կարծես մենախոսում էր։ Վախենում էի հարցեր տալ։

-Բալա՛ ջան , թեգուզ քարուքանդ ու ավերագ էր Անին, բայց իրա զորությունը առաջվանն էր, իրա տված հույս ու հավադը առաջվանն էր։ Խավար աչքով կմդնեինք , լուսավորվաձ ու թեթևցած դուս գուկայինք ։ Մէ անգամ՝ գարնան անուշ մէ օրըմ,Գիրքորի հեդ ելանք գեղի կողքի բարձր քարափի քյալլեն։ Ըդեղ մէ վանքըմ կար. էդ քարուքանդ պադերից արևի շողերը կնայեին մեզի։ Գիրքորը աշեց երեսիս, կըսե. « Ըսիգ Սուրբ Գրիկորի վանքն է։ Շատ շուդուց են սարքե՝ մեր 7-8 պորդից առաջ։ «Էս վանքի պադերի տագը,-կըսե,-քեզի խոսք կուդամ, օր հարի կյանքիս վերջը չեմ թողնա, օր մուխը մթնըցնե ճամպեդ, հարի կյանքիս վերջը հլու -հնազանդ բդի գամ եդևիցդ, հարի կյանքիս վերջը մէ անունըմ մինագ բդի շողա սրդիս մէճը. ըդիկ քու անունդ է»։

Ըդման էլ իրա սաղ սեր ու սավդեն քցեց իմ վրա։ Ըսաձն էլ էրավ. կողքս էղավ, տերս էղավ,փրգիչս էղավ։ Գլխիս թափած կայձըգներն առավ իրա վրա, օր դիմանամ։ Էս վանքի քարերի պես հավադարիմ էր։

Նայում էի ադեիս և ուզում էի պատկերացնել նրա երիտասարդությունը , բայց չէր ստացվում։

-Բալա՛ ջան,-շարունակեց կարճ դադարից հետո,-վանքի պադերի քարերն օր գընգնին, հեռու չեն թռնի. ըդման ընգած կմնան իրանց պադերի տագը. ,ինչքան էլ փշուր-փշուր էղնին, կաշեն իրանց պադի երեսը ու էլի լույս կուդան։

Ինձ թվաց՝ ադես Անիի ավերակ վանքերի մեջ ապրող կիսաքանդ, թափված ծեփերով մի մատուռ էր, որի պատերին դեռ չէին քարացել ճերմակ մոմերից կաթացող արցունքները, և նրա նեղլիկ պատուհանից լսվում է կիրակնօրյա պատարագի «Տե՛ր, ողորմեա՛»-ն։ Ադես մտել էր Անիի ավերակ վանքերի աշխարհը և դուրս գալ չէր կարողանում։

-Բալա՛ ջան, մէ վանքըմ կար,իրա բազալտե սյուները հարի հըմի կայնած են. ես Խարգովից օր աշեցի,ըդոնք տեսա։ Էդ վանքի չորսբոլորը ամենաշադը փշե ծաղիգները կաճեին,իրանց կլոր գլխները ինչըղ օր աչք էղնեին, ու մեճը կարմիր փուշ էր։ Տերևներն էլ ծագելու խասյաթ ունեին։ Աշնան վերջը էդ փշերը կթափեին հողին։ Էդ յանը բոբիգ քելալ չէր էղնի։ Հմի օր կհիշեմ, էդ փշերը ընձի աշխըրի ամենասիրուն ծաղիգները կթվան։ Գիդես թե էդ սուր փշերով իրա ավերագին տիրություն կեներ։ Օր կմդնեինք մեճը, խնգի հոդ կփչեր։ Եփ օր քիչըմ կխորգընայինք, ըդեղ մերըս աղոթք կեներ:

Պադի վրա Մայրամի նգարը հազիվ կերևար. ծեփոնների հեդ գույները թափել էին, մինագ ձեռները չէին խանգըռե. մերիգի ձեռները սրդից էլ տաք են, էդ ձեռների միճով ինքը կխոսա սրդի հեդ։ ։ Չոքերին նստըցրաձ իրա մինուճար Հիսուսին սխմել էր դոշին։

Ազգանուշիս ծնվելու վախտը կմոդենար. կիսուրիս հեդ ելանք ավերագները, ինքը գնաց բանջար հավաքելու, ես էլ գնացի Մայրամի պադի քովը՝ աղոթք էնելու։ Հմը էդ վախտ էս էրեխեն ըմբես կզարգե փորիս, գիդես թե կհասկնա,օր Աստձու դուռը կերթամ։ Վանքի կիսապադին թիգըն տվի, ձեռս դրի փորիս ու կաշեմ Մայրամին։ Հեդո, եփ օր Ազգանուշս ծնվավ, կիսուրս զարմացած կաշե էրեխու մեջքին։ Իմ մադների տեղի կաշին մուգ էր։ Ձեռս խալ էր էղե էրեխիս մեջքին։ Բը էդիգ հրաշք չէ՞, բալա՛ ջան։ Քանի սուս ես , մէ բանըմ էլ պադմեմ։ Գուզեմ ըսեմ՝ Անիի ավերագների բոլորը՝ դեբի ձորի յանը , հողի տագը ինչոր բան ման գուկային։ Ըդիգ հադուգ մարդիկ էին։ Գիրքորը կըսեր՝ գեդնի տագը շատ հարստություն կա. էդ հողը քանդողները հին ապրընքի մասնագեդ են։ Լապատկեկն առաձ՝ փոս կփորեին։ Պզդի սելըմ էին հանե հողի տգից։ Առաճը խոշոռ կլոր ագըմ էր,եդևը էրգու յանից երգըթե ոդներ էին՝ էրգու հաստ փեդե պոչով։ Էրեխանցս հեդ ման գուկայի ավերագների մեճը ու ավելուգ կհավաքեի։ Իմ Գուրգենը վազեց , նստավ էդ սելի մեճը, Սանասարս էլ պոչերը բռնե, գուզե ախպորը պդըդցնե։ Ես կխնդամ, կըսեմ՝ ա՛յ բալա ջան , դու չես հասկընա,օր ըսիգ քշելու հմար բըդի աժդայա էղնիս։ Գիրքորն օր տեսավ էդ սելը,կըսէ՝ Եղսո՛,հլը էս նախշերին աշե,էս ամեն մէ նախշը մէ բանըմ կըսե. էս սէլը մէր անցավորների պատմությունն է։ Մի՛ կբեք, հողի տգից ինչ օր գելնի, ըդիգ սուրբ է։

Իմ ադեն մեկից կանգ առավ, ձեռքը թափահարեց ,աչքերը տրորելով վեր կացավ և էլ չշարունակեց։ Քնի ժամն էր։ Գնաց դեպի Տիրամոր նկարը՝ իր երեկոյան աղոթքը մրմնջալու։ Ես նայեցի Մարիամի սրբապատկերին և խնդրեցի Տիրամորը , որ ադեիս զորավիգ լինի։

ՆԵԿՏԱՐ ՍԻՄՈՆԻ

ԴԵՍ, ԿԱՐՈՆ Ու ՏԻԳՐԱՆ ՊԱՊԸ

Որքան էլ դաշտ ու հանդում թռչկոտում էի թիթեռավարի , էլի վազում էի տուն։ Ադես քննախույզ հայացքով, բայց ներսում պահած սիրով ու գորովանքով նայում էր ինձ ։

-Ա՛յ բալա ջան,դու մորըդ հեդ դաշտ գնացիր՝ սինձ քաղելու. ընչի՞ ըսման շուդ տուն էգար։ Մերըդ ու՞րա։

-Մամաս մնաց դաշտը, ընձի Կարո ձաձան բերեց։

-Չոբան Կարո՞ն։

-Հա,բա էլ ո՞վ։

Ադեիս աչքից չվրիպեց, որ կաղում էի։

-Վա՛յ,քոռնամ ես,էս ընչի՞ կքեփըլդաս, ի՞նչ է էղե:

-Ադե՛ ջան,Կարո ձաձայի իշու վրից ընգա ցած։

— Ի՞նչըղ թե. դու ընդուր իշու հետ ի՞նչ հաշիվ ունեիր։ Ու՞րդեղ էր էդ անտեր էշը։ Լավ օր ոդ ու ձեռըդ չես ջարդե։ Քելե՛, ոդներդ տաք ջուր դնեմ,մեջքդ բրդե շալը կաբեմ,հարի հերըդ տուն գա։ Հըլը թող էդ Կարոն իրգունը սովխոզի նախիրը բերե, կերտամ, խայդառակ կենեմ։ Քյորփա էրեխին կնստցնե՞ն իշու վրա։ Աշես խուրջինը վրե՞ն է էղե, թե՞ չէ։ Հըլը էդ իշուն տես է՛. գիդե, թե անդեր էրեխա է։ էդ էշը վայթեմ ընձեն վենձ է։ Մէ օրըմ ըսի. «Կարո՛,էդ էշըդ էրգու քուռագ ուներ,շուդունց չեմ տեսե,խո չե՞ս ծախե»։ Կըսե. «Ա՛յ Եղսո մամ ,գիշերը եզդիքն էգե էրգու քուռագին էլ գողցել էին,ըդման էլ չկըրցա գդնեի: Ըսի «Ա՛յ տղա , գայիր Սիմոնիս ըսեիր,թերթին գրել կուդար,որբես անհայտ կորաձ քուռագներ, միլիծեկը գընգնեին գեղերը,բալքի գդնեին»։ Կըսե. «Չիդեմ,չֆայմա»։

Ես արդեն լավ էի, բայց ադես դեռ անիծում էր էդ խեղճ ավանակին։ Օրը մթնում էր. գոգնոցը հանեց ու ինձ՝ որպես տուժածի,հետևից քարշ տալով՝ տարավ Կարոյենց տուն։ Ինչքան փորձեցի ետ պահել, չստացվեց։

-Լուսի՛կ ,մարդըդ տու՞նն է,հըլը դուս կանչէ։

— Չէ՛ ,Եղսո՛ մամ,տարավ իշուն ջրելու։

Ես հազիվ էի ծիծաղս զսպում. լավ գիտեի թե սցենարը ինչպիսին է լինելու։

-էլի էշուց կըխոսա։

Մեկ էլ Կարո ձաձան հայտնվեց.

-Բարի իրգու՛ն ,Եղսո՛ մամ։

-Ա՛յ տղա,դու ի՞նչ երեսով ընձի բարի իրգուն կըսես։ էրեխես չոլխալով էգավ տուն,մեջքը կըծկըրդաձ։ Քեզի ո՞վ էր ըսե, օր իրա խելքին ընգնիս ու նստըցընես էդ քու պառվըցած իշուն։ Դու չիդեի՞ր, օր քու էշը մըզդիկ կուդա։ Գուզեիր էրեխիս գլուխն ուդեի՞ր։ Էրեխիս օր նըստըցրիր, փալանը իշուդ վրա՞ էր։ Բայց ըսեմ օր էշըդ խելքով է,ձեր տան ճամպեն լավ էլ գիդե. Քանի տարվա,հավադարիմ էշ է։

Դու էլ լավ մսրդ ես,Կարո ջան։Մինագ էլ էս իմ էրեխին քու իշուն չընըստըցընես։

Կարոն ոչ մի բառով չկարողացավ արդարանալ։ Հոգնած,սոված կանգնել էր ու լսում էր նրան։ Ես անհարմար վիճակում էի։ Ադեիս ձեռքից բռնեցի և խնդրեցի, որ գնանք տուն։ Նա մեկ անգամ էլ վերից վար նայեց Կարոյին և մենք բռնեցինք վերադարձի ճամփան։ Երբ տեղ հասանք, Հայրս ու մայրս թեյ էին խմում։

-Ընչի՞ չէ, դուք ձեզի հըմար ձեր չայը խմեք,Եղսոն էլ էրթա խալխի վրա կռիվ։

-Ադե՛ ջան,արի նստի՛ր ,քո սիրած հալվայից եմ առել,-ասաց հայրս։

-Ա՛յ հարս,չայը լի՛ց,հալվես էլ դիր դեմըս։Հեչ խելք չունիմ. Ընչի՞ ամեն տեղ ես կեղնիմ վադամարդ։

Հայրս արդեն ամեն ինչ գիտեր. նայեց ինձ,մատը վրաս թափահարեց ու խոսակցությունը փակեց։ Մի քանի օր հետո իմ ադեին նորից գցեցի կրակը։ Մեր հարևան Եպրաքսի մամը՝ Տիգրան պապի կինը, զայրացած եկավ մեր տուն։ Մայրս, գլուխը կախած, մեքենայով կար էր անում. եղբորս նոր վերնաշապիկի թևերն էր կարճացնում։

-Բարի օ՛ր,Արևհա՛տ ջան։ Քու պես ըսման խելոք աստձու գառ մորից ի՞նչըղ է ըսման անզավթելի էրեխա ծնվել։

Այդ պահին ադես հայտնվեց դռների արանքում։ Լսել էր Եպրաքսի մամի բարձր ձայնը։ Չնայած նրա գովքը մորս հասցեին հավանաբար այնքան էլ ադեիս սրտով չէր,բայց իրեն չկորցրեց։

-Ի՞նչ է էղե, Եբրաքսի՛ ջան,էդ ու՞մ հետ ես. ձեր տնեցոնցից պրձար ,անցար մեզի՞ . ի՞նչ լավ ու վատ կենես։

-Ա՛յ Եղսո ջան ,թող հըլը խոսքս պրձնիմ, նոր բերանս փագել տուր։ Երեգ մեր դռնով անցնելուց էդ քու պզդիկ թոռը Տիգրան պաբին ըսել է՝ Ադես կըսե, օր դու Անդրանիգի զինվորը չես եղե։ Հմի Տիգրանը կադղե կայնել է, ձեռի կոբալը թափ կուդա, կըսե. «Թուրս բերե՛ք,բըդի էրթամ Եղսոյին սըբանեմ»: Լավ օր աչքերը չի տեսնի,թե չէ հըմի հոս էր։

Խեղճ ադես գույնը գցեց, իրենից անկախ ձեռքերը մի քանի անգամ արխալուղի գրպանները մտցրեց ու հանեց,հետո շուռ եկավ ,նայեց ինձ հանդիմանանքով։

-Աղչի՛ ,բեմուրա՛զ,ըդման բան ե՞ս ըսէ։ Գուզե գա ընձի սըբանե յանիմ թե Անդրանիգի նվիրաձ թրով։ Ուրեմն օր աչքի լուս ունենար,Սիմոնի մերը հըմի գեդնին փռվաձ է՞ր։

Եպրաքսին, ադեիս լավ իմանալով, ասաց.

-Եղսո՛ ջան,արի էրթանք մեր տուն,քիչըմ հեդը խոսա,թող սսկվի։

Ադես մի պահ լռեց,խորը շունչ քաշեց և մարտական ընդունեց հրավերը։

-Քելե՛ Եբրաքսի՛ ջան. հարևան մարդ ենք,խո բըդի թշնամություն չենե՞նք։ Կայնի՛, Սիմոնս սիմուշկի կդերով հալվա է բերե. գիդեմ, օր Տիգրան եխպարը կսիրե. բալիմ ուդե խախընդի։ Դու մինագ ընձի ըսա,թուրը քո՞վն է ,թե՞ չէ։

Պահի լրջությունը զգալով ` ասացի.

-Ադե՛ ջան,կասես. որ կատակ եմ արել։

-Ա՛յ անամոթ,իմ անվան հետ կխաղա՞ս,պադիվս ջըրին կուդա՞ս։ Տասը էրեխա եմ բերե, ըսման բան չեմ տեսե։ Եբրաքսի՛ ջան , օրըմ առաջ էլ՝ իշուց էր ընգե,գնացել էի Կարոյի վրա կռիվ։ Վայթե էս աղջիկը մուռը կհանե, օր իրա ծնվաձ օրը ըդքան լացել եմ ու ըսել եմ՝ օր աղջիկ էր, ջայնամ ծնվեր։ Կըսեի՝ Սիմոնս իրեք աղջիկ ունի. էսի ընչի՞ ծնվավ։ Ըդքանին օժիտ տալ կեղնի՞։ Գիտեի, թե տղա բըդի էղնի,ուրխըցել էի, էն էլ ինչ տեսնիմ՝ մէ կլոր երեսներով,սև մազերով,օր հուսեիր,կհուսվեր, հաստ ոդ ու ձեռով,կարճլիկ, ընձի պես աղջիկ ծնվավ։ Օր տեսա՝ աղջիկ է, մոլըրա. մէ կերպըմ լողցըրի,փաթթի դրի մոր կողքը։ Ես գուլամ,Սիմոնըս կխնդա։ Կըսեմ. « Բալա՛ ջան,լավ -վադ արդեն ծնվել է։ Օր ծնվե ծնվել է. արի անունը դնենք Հերիք, այսինքն` հերիք է»։Սիմոնս կըսե. «Ադե՛ ջան, ըսիգ իմ վերջի ծաղիգն է,ըսիգ կեղնի մեր տան պըզդի ուրախությունը,ես բըդի դնեմ իմ սիրած անունը»։ Ըդման էլ անունը դրինք Նեկտար։ Առաջի օրից էլ սաղ ըստուր ընձի կնմանցնեն,կըսեն՝ ինչըղ օր Եղսոի պնչից թռած էղնի։

-Ադե՛ ջան, ես գիդեմ էդ պատմությունը. մոռացա՞ր,օր Տիգրան պաբը քեզի կսպասէ։

Ադես շրջվեց դեպի ինձ.

-Քելե՛, ընգի առա՛ջ, ես մինագ էրթողը չեմ։

-Եբրաքսի՛,դու գործ չունիս։Ես Տիգրան եղպարի հետ ինչըղ օր պետք է, կխոսամ։

Անկեղծ ասած` երկու ջրհեղեղի արանքում էի ։ Հնազանդվեցի։ Երբ տեղ հասանք Ադես խորը շունչ քաշեց .

-Բարի օ՛ր, Տիգրա՛ն եղպար. Եղսոն է։ Թող առաջ ե՛ս խոսամ. էդ հարուր տարվա կոբալդ էլ մէ յան դիր ։Քանի օր է՝ գուզեմ գամ, քեզի տեսնիմ,չեմ կրնա։ Սիմոնս կըսե. «Ադե՛ ջան ,գնա՛, Տիգրանի հալ ու քեֆը հարցրա. թե տեղ կցավա, դեղ տամ տար,խո օդար չէ՞, համ էլ հայրենիքի զինվոր է էղե, էն էլ ու՞մ՝Անդրանիգի։ Զորավարի անունը լսելիս Տիգրան պապը ժպտաց: Ադես տեսավ, ,որ Տիգրան պապի կատաղությունը անցել է ,սկսեց՝ առանց կանգ առնելու։

-Եբրաքսին կըսե՝ գուզես ընձի սըբանես։ Հըլը ըսա տեսնիմ՝ ի՞նչ վադություն եմ քեզի էրե ըսքան տարի։ Դուռ դռան վրա աբրել ենք,իրար հետ լացել ու խնդացել ենք, իրար հետ մե թիքեմ հաց ենք կիսե։ Գիդես մոռացե՞լ եմ՝ Գուրգենիս սև թուղթն օր էգավ,մեր հեդ հավասար սիրդդ կմղգդար։ Գուկայիր Գիրքորի հետ խոդի դեզը կդնեիր։ Ա՛յ տղա,կհիշե՞ս՝ քանի անգամ Սիմոնիս բժշկական անարադ սպիրտը տվել եմ ,օր խմես։ Ըդման վենձ գրադուսով խմիչքը ախպերն ախպորը չէր տա,բայց ես Սիմոնիցս գողդունց քեզի կխմցնեի։

-Եղսո՛,էդ սպիրտից բաժագըմ էղներ,մըգա ըմբես կխմեի։

-Քա Տիգրա՛ն, էլ ու՞րա ըդման սպիրտ. համ էլ Սիմոնս բալոնը տարավ բուժարան,կըսե. « Ադե՛, հերի՛ք էղավ գեղացոնց խմցընես»։ Կըսեմ «Սիմո՛ն ջան ,օր կուգան գուզեն, ի՞նչըղ բաժագըմ չտամ: Համ էլ մե բաժակ անարատ սպիրտը կդարձնեմ իրեք բաժակ։ էդ ի՞նչ է. ցողջուր։ Բայց քեզի թունդ կուդայի. քանի անգամ է Եբրաքսին էգե վրես կռիվ,կըսե՝ կխմե,կխելըռի։ Ես էլ կըսեմ՝ Անդրանիգի զինվորը բաժագըմ ըսպիրտից ընչի՞ բըդի խելըռի»։

Որպեսզի ադեիս կարողանամ կանգնեցնել,ասացի.

-Տիգրա՛ն պապ,ընձի կներեք,էլ էդպիսի բան չեմ անի։

Բայց նա իր աշխարհում էր. անգամ չլսեց ինձ:

-Եղսո՛,մըգա ընձի ըսա՛,Անդրանիկ դո՞րա։

-Տիգրա՛ն եղպար Անդրանիգը դուռը կայնաձ է,քու ճամփին կաշե։

Մի ակնթարթում Տիգրան պապը վեր բարձրացավ առանց հենակի, ձեռքը բարձրացրեց վերև և կոկորդով մեկ սկսեց բղավել։

-Անդրանի՛կ փաշա,ձենի՛դ ղուրբան,Տիգրան քու կողքն ի, Տիգրան քու զինվորն ի,մշեցի Տիգրան իր հայրենիքի զինվորն ի։ Իմ գլուխ քու ոդներու տագ ի։ Ու՞ր է իմ ճերմակ ձի,ու՞ր է իմ թուր, բերե՜ք։ Առա՜ջ, քա՛ջ զինվոր ,Անդրանիկի՛ զինվոր։

Ես և իմ ադեն լուռ նայում էինք նրան. Տիգրան պապի կուրացած աչքերից արցունքները հոսում էին։ Մենք անձայն դուրս եկանք՝ հուզված այդ ցնցող տեսարանից։

-Ա՛յ բալա,էդ ի՞նչ էղավ. ես մոլըրա։ Ճիշտ է, հիմիգվա բաները ինքը չի հիշէ, բայց իրա անցածի գույները չեն կրնա խանգըռին։ էդ գույները անուն ունին,հոգու հետ մինակ դուս կուգան։

-Ադե՛,գիտե՞ս ինչ. Տիգրան պապին ես արդեն կհավատամ։ Ինքը Անդրանիկի զինվորն է եղել։

-Ես էլ կհավադամ,բալա՛ ջան։ Շուտ -շուտ քելե, հազար գործ ունինք։ Աստձու աղոթքը վրե՛դ էղնի, Տիգրա՛ն։ Քու հիմիկվա աշխարհը մինակ քեզի է այան,հեչ մեգը ըդեղ տեղ չունի. դու ես ու քու ձիավորները։

Ողջ ճանապարհին տեղս չէի գտնում։ Հուզված էի։ Երբեք չեմ մոտանա Տիգրան պապի մարտնչող կերպարը։ Չնայած նա արդեն կույր էր, բայց արիությունը, հայրենապաշտությունը միշտ արթուն էին նրա ներսում: Ես հասկացա , որ

մաքառման ոգին ապրել գիտե ու երբեք չի ծերանում։

ՆԵԿՏԱՐ ՍԻՄՈՆԻ ԱՎԴԱԼՅԱՆ

 

0 դիտում