
Կոտոն հանդիսանում է Ճապոնիայի ավանդական ամենանախընտրելի երաժշտական գործիքը․ այն ավելին է, քան պարզապես նվագարանը: Ճապոնացիները կոտոն համարում են որպես մշակութային խորհրդանիշ: Այս նվագարանի ծագումնաբանությունը գալիս է հին Չինաստանից, որտեղ երաժշտությունը ոչ միայն խորապես կապված է եղել կրոնի հետ, այլ նաև խաղացել է շատ կարևոր դեր աշխարհայացքային առումով: Այս նվագարանը նույնականացվում է քնարի հետ, որը դարերով հմայել է մարդկանց :
Ինչպես հայտնի է, կոնֆուցիական պատկերացմամբ տարբերակում են ճշմարտացի և ոչ ճշմարտացի երաժշտությունները: Ճշմարտացի երաժշտությունը պետք է իր մեջ կրի ներդաշնակություն ու խոսի պետության ամրության ու ծաղկեցմանը ի շահ: Նույն ժամանակ ոչ ճշմարտացի երաժշտությունը համարվում էր նախահեղափոխական և օրենքները վերացնող զենք: Ըստ Կոնֆուցիուսի, եթե մարդու մեջ բացակայում է մարդասիրությունը, մարդկային որակները, ապա ի՞նչ երաժշտության մասին կարող է խոսք լինել: Այնպես որ, ոչ բոլոր նվագարանները կարող են արտացոլել ճապոնական նրբագեղ ու շլացուցիչ արվեստը, յուրահատկությունն ու բարձրարժեք մշակույթը:
Կոտոն ազնվական նվագարան է, այն համարում են էլեգանտ ու նրբագեղ, որը կապված է կառուցվածքի հետ:
Ճապոնական լեզվում երկու հիերոգլիֆներ կարդացվում են որպես կոտո և ունեն հարաբերակցություն տարբեր չինական կսմիթային նվագարանների հետ` որոնց թվում յոթ լարանի ցիտրա ցին եւ ցիտրա չժեն նվագարանները, որոնց լարերի թիվը տատանվում է 21-24-ը:
ժամանակակից կոտոն 13 մետաքսե լարանի և տեղաշարժվող կամրջակ-հենակներով նվագարան է, այժմ մետաքսե լարերին փոխարինւմ են նեյլոնի լարերը, որոնք ձգվում են շարժական կամրջակների վրայով` որոնցով կատարվում է ճշգրիտ լարում: Գործիքի իրանի երկարությունը 1.90 սմ է, լայնությունը 50 սմ: Պատրաստվում է Ադամածառի լավ մշակված փայտից, լատիներեն անվանումն է
«պաուլովնիա»: Պաուլովնիան երկրորդ անունն է, որը Պավել Առաջինի դստեր՝ Աննա Պավլովնայի պատվին կնքվել է գերմանացի բնագետներ Ֆիլիպ Զիբոլդի և Յոզեֆ Ցուկարինիի կողմից:
Կոտոն նվագում են աջ ձեռքի երեք մատներով` բթամատ, ցուցամատ ու միջնամատ, փղոսկրե մեդիատորների օգնությամբ, որոնք կոչվում են «ցումե»: Հնում նվագել են հատակին նստած, ծնկներին հենված հարմարվելով գործիքին: Ժամանակի ընթացքում զարգացում ապրելով` գործիքը դրվում է հենակի վրա, նվագում են նստած կամ կանգնած:
Կոտոյի նախատիպերն են` չինական գյուճըն, չժեն և սե, կորեական աժանգ, կայագիմ և կյոմնուգոյ նվագարանները:
16-րդ դարից ձախ ձեռքի կիրառումը ավանդական նվագելաոճում փոփոխություն է, որի հիմքում, նվագողը, հպվելով յուրաքանչյուր լարի, կարող է փոխել ձայնային տոնը և հնչյունին տալ ելևէջային տատանում՝ յուրաքանչյուր նոտայի հաղորդելով հուզական խորություն:
Կախված երաժշտության ժանրից՝ օգտագործվում են տարբեր պենտատոնիկ լարվածքներ: Կոտոն ունի վիշապի գլուխ, վիշապի լեզու, վիշապի աչքեր, վիշապի եղջյուր: Գործիքի մասերի անվանումները չինական ավանդությունում հարաբերակցվում են որպես կենդանի արարածի և արտահայտում հանգստացող վիշապի կերպար:
Ավանդական արվեստը` այդ թվում նաև երաժշտությունը, մուտք է գործել Ճապոնիա Չինաստանից բուդդիզմի հետ, Նարա դարաշրջանում, մեր թվարկության 710-794 թվականներին:
Պատմական իրադարձությունները հնագույն ժամանակահատվածի վերաբերյալ սակավաթիվ են: Պատմիչների և գրականագետների մատենագրություններում մատնանշվում է, որ եղել են հարյուրամյակներ առաջ գրված մենակատարային ստեղծագործություններ:
Կոտո նվագարանը հայտնվել է Ճապոնիայի արքունիքում 7-րդ դարում, Գակուսո անվանմամբ և դարձել ամենակարևոր երաժշտական գործիքը: Այդ ժամանակաշրջանում Սյոսոյին գանձարանում է պահվել 5 լարանի կոտո:
Հէիայի դարաշրջանը (794-1185 թվականներ) համարվում է ճապոնական մշակույթի ծաղկման էտապ, որտեղ նշմարվում է բուդդիստական գեղանկարչության, քանդակագործության հատուկ ոճ, որը առանձնահատուկ է միայն ճապոնական բուդդայական տաճարներին: Նույն ժամանակաշրջանում ի հայտ է գալիս կոտո նվագելու մենակատարային արվեստի ավանդույթը: Առաջին պատկերներին կարող ենք հանդիպել բուդդայական տաճարներում, ինչպես նաև աշխարհիկ գեղանկարչության մեջ: Առաջին հերթին սա կապված է գործիքի երկկողմանի դերի հետ: Բուդդայական մշակույթում այն հանդես է գալիս իբրև սրբապատկեր` տաճարների պատերին պատկերված կոտոն բուդդայական էակների ձեռքին: Աշխարհիկ արիստոկրատների շրջանում կոտո նվագելու մշակույթը ասոցացվում է վեհության և մարդկային հոգևոր որակների բարձրագույն արժեքի հետ: Հենց այս դարաշրջանում է այն հանդիսացել որպես արիստոկրատական կրթություն: Այս ամենը վառ արտահայտված է տվյալ ժամանակաշրջանի գեղարվեստական գրականության մեջ:
Բուդդայական դրախտը նկարագրված է հնագույն գրականության բավականին շատ ստեղծագործություններում, որոնցից կարող ենք առանձնացնել Ուցուխո- Մոնոգատորի գործը, որտեղ ներկայացված է կոտո նվագելը իբրև յուրահատուկ արարողակարգ: Երաժշտության կախարդանքը ներդաշնակվել է սուրբ խոսքերին և բնության խորհրդավոր ձայներին:
Այս ժամանակաշրջանում երաժշտությունը հրամցվում է իբրև լրջագույն հոգեբանական գործիք: Ցավոք սրտի, այդ ժամանակահատվածի երաժշտական ստեղծագործությունները չեն նոտագրվել: Կոտո նվագելու նկարագրություն հստակ կարող ենք տեսնել 10-րդ դարի գրող Մուրասակիի «Արքայազն Գեձզի» վիպակում, ուր բավականին հիշատակումներ կան այն մասին, որ առանց կոտո նվագարանի չկա ոչ մի արքունական երաժշտության վեհություն: Վեպի հերոսները համեմատում են կոտոյի ձայնը քամու ձայնի հետ: Ավելի շատ երաժշտության խորը նրբերանգները կապված են բնության ձայների հետ: Այն ձայնը որը արտաբերում է գործիքը, առանձնանում է իր մաքրությամբ, զուլալությամբ՝ ինչպես ժայռից բխող ջրի շառաչը: Երաժշտությունը պատկերավոր է դառնում՝ արտացոլելով Զեն այգու հանգստությունը, ծաղկած բալենու անցողիկ գեղեցկությունը, աշնանային երեկոների մելամաղձությունը:
Մուրոմածի դարաշրջանում (1336-1573) այն ստացել է հայտնություն Սամուրայների շրջանում և ասոցացվել է թեյախմության արարողակարգերով` ստեղծելով յուրահատուկ մշակույթ:
Պատերազմական ժամանակաշրջանի թոհուբոհը չէր կարող աննկատ անցնել մշակույթի կողքով: Էդո (1603-1868) դարաշրջանում կոտոյի տարածումը ընդլայնվել է՝ դուրս գալով արիստոկրատների շրջանից ու հանդիսանալով կամուրջ ավանդականի ու արդի արվեստի միջև:
1614 թվականից կոտո նվագարանով մեծամասամբ զբաղվում էին կանայք:

Որպես պրոֆեսիոնալ ու վիրտուոզ երաժիշտ՝ հայտնի է Յացուխասի Կյենգոն: Նա եղել է նոր տեխնիկայի կիրառողը՝ բավականին հայտնի իր մշակումներով, բարեփոխումներով։ Կենգյո Յացուխասին կույր էր: Այստեղից է եկել կույր երաժիշտների կրթումը կոտո նվագարանի վրա: Այս գործում, ովքեր ցուցաբերում էին հատուկ տաղանդ, հասնելով բարձրագույն վարպետության աստիճանի, նրանց շնորհվում էր « Կենգյո» տիտղոսը՝ ի պատիվ այս ոճի հիմնադրի:
Յացուխասիի դպրոցն ուներ երկու ճյուղ։ Առաջինը Իկուտա-Րյու Կիոտո ժամանակաշրջանին, երկրորդը՝ Յամադա-Րյու Էդո ժամանակաշրջանին հարող ճյուղերն են : Մինչ օրս երկու դպրոցները մրցակցության մեջ են: Առաջին ճյուղը պատկանում է ազատ ոճով նվագելու ուղղությանը, ուր ներգրավում են բավականին օտարազգի աշակերտներ, մինչդեռ երկրորդ դպրոցն իրենից ներկայացնում է բավականին փակ ու խիստ պահպանողական ուղղություն:
Էլիտար համարվող այս գործիքը հասու չէ հասարակ մահկանացուներին: Խառունոբույի արվեստում առաջին անգամ կոտոն հանդես եկավ լիիրավ գործողությունների մասնիկ: Երաժշտությունը համեմատական է թռիչքի հետ՝ նույն հարթության վրա դրվելով վիշապի կամ հազարան բլբուլի հետ:
19-րդ դարում հետաքրքրությունը ավանդական մշակույթում՝ երաժշտական ու նկարչական ճյուղերում լճացում ապրեց: Սկսվում է արևմտյան մշակույթի թափանցումը, զարգացումը և դրա վերամշակումը ճապոնական լադային համակարգում, որպես նորարություն:
20-րդ դարում ձևավորվում է ճապոնական կոմպոզիտորական նոր դպրոց, համապատասխանելով եվրոպական չափանիշներին, սակայն չխախտելով ավանդական ֆոլկլորային կոլորիտը: Բնականաբար, այս ամենն իր կարևոր ազդեցությունն ունեցավ՝ անմասն չթողնելով կոտո նվագարանային արվեստի զարգացմանը:
Միյագի Միչիոն հանդիսանում է նոր ճապոնական երաժշտության հիմնադիրը, որն իր ոճով զարմանալի կերպով միաձուլում էր եվրոպական և ավանդական երաժշտական աշխարհները: Երբեք չվախենալով նորարարություններից և լինելով արևելյան երաժշտության սիրահար՝ նա գրել է ստեղծագործություն կոտոյի ու երգեհոնի համար, կոտոյի ու ջութակի համար: Ստեղծել է 17 լարանի բաս կոտոն: Նրա հսկայական տաղանդի ու ներդրած ավանդի շնորհիվ վերածնունդ ապրեց կոտոյի արվեստը: Կոտոյի մոդեռն, արդի և միջազգային ճանաչման գործում մեծ է եղել մեծ կոտոյահար Սավայի կնոջ դերը: Նոր գործիքավորումները բաս կոտոյի համար դարձան նորակազմիկ դարաշրջանի երաժշտություն:
20-րդ դարում ասպարեզ են գալիս կոտոյի լուսանկարները: Պետք է նշել, որ այսօր Ճապոնիայում, ինչպես նախկինում, պահպանողական մարտավարություն կա՝ օտարերկրացիներին չթույլատրել նվագել կոտո։ Բայց, ի շնորհիվ Իկուտա-Րյուի դպրոցի, ողջ աշխարհում արդեն իր տարածումն ու կիրառումն ունի այս նվագարանը․ այն վաղուց հատել է սրբազան մշակույթի սահմանները:
Գործիքի դինամիկան թույլ է տալիս՝ կատարել ոչ միայն ավանդական, այլ նաև բարդ տեխնիկականից մինչև հոգեթով, մեղմ ու շշուկներ արտահայտող երաժշտություն: Մաքուր ու կատարյալ հնչյունների խաղը դյութիչ մթնոլորտ է ապահովում։
Կոտոն մեր օրերում արդեն ունի միջազգային լայն ճանաչում, ընդգրկված է տարբեր երկրների անսամբլներում, և կարող ենք ուրախությամբ նշել, որ Հայաստանում էլ մարդիկ կարող են ճապոնական ավանդական արվեստի ունկնդիրը դառնալ:
Հայաստանում կոտո նվագարանը կիրառվում է 2024 թվականից, առաջին նվագողը հանդիսանում է քանոնոհարուհի Մարիաննա Գևորգյանը :
Կոտո նվագարանը ձեռք է բերվել Երևանի պետական դրամատիկական թատրոնի կողմից: Այս ֆենոմենալ մտքի հեղինակն է ՀՀ վաստակավոր գործիչ Գրիգոր Խաչատրյանը, ով արվեստում իր յուրահատուկ ձեռագրով ու մարդկային բարձր կերպարով բազմաթիվ բացառիկ գաղափարներ է կյանքի կոչել: Ինքնատիպ ռեժիսորական մտածողության արդյունք է ճապոնական խորը արվեստի ներառումը Շեքսպիրի Համլետում` Գրիգոր Խաչատրյանի կողմից: Բեմադրող ռեժիսորը Գոնզագոյի սպանությունը փոխարինել է ճապոնացի հայտնի գրող Յուկիո Միշիմայի «Հայրենասիրություն” վեպով: Հենց այստեղ հանդիսատեսը կարող է մանրամասն ընկղմվել ու մասնիկը դառնալ ճապոնական թատերական ու երաժշտական արվեստի:
Ճապոնական ավանդական երաժշտարվեստի ամենասիրված ու հայտնի ստեղծագործություններն են հնչում կոտոյով` ռոկուդան, սակուրան և այլն: Ռոկուդան համարվում է կոտոյի համար դասական երաժշտության գլուխգործոց: Կոտոյի նուրբ լարերի արձակած հիպնոտիկ երաժշտությունը, խառնվելով դերասանական պրոֆեսիոնալ խաղին, հանդիսատեսին տեղափոխում է Ճապոնիայի հնագույն դարաշրջան՝ դաստիարակելով իմաստություն, ազնվություն, բարոյականություն , մարդասիրություն, հավատ, վստահություն, արարողակարգ, արիստոկրատություն, էլեգանտություն, խաղաղություն, ռազմական մարտավարություն, արիություն, հայրենասիրություն: Ի Ի դեպ Կոնֆիցիուսի այս գիտական միտքը կապված է կոտոյի լարերի անվանումների հետ:
Մարիաննա Գևորգյան