
Սևանի բժշկական կենտրոնում բացվել է համակարգչային շերտագրության կաբինետ։
Սևանի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ համակարգչային շերտագրության ծառայության ստեղծումը կարևոր քայլ է տարածաշրջանում ժամանակակից և հասանելի ախտորոշման ապահովման ուղղությամբ։
Համակարգչային շերտագրման սարքը ձեռք է բերվել ՀՀ կառավարության միջոցներով։
Համակարչային շերտագրման կաբինետի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ոլորտի պատասխանատուներ, բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ և հյուրեր։

Բացման խոսքով հանդես է եկել Սևանի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանը՝ ընդգծելով, որ համակարգչային շերտագրման կաբինետի գործարկումը զգալիորեն կբարձրացնի բժշկական ծառայությունների որակը, կկրճատի ախտորոշման ժամկետները և կխթանի ժամանակակից բժշկության զարգացումը մարզում։ «Նման ներդրումները նպաստում են առողջապահական համակարգի ապակենտրոնացմանը և բարձրորակ բուժծառայությունների հասանելիության ապահովմանը տեղում։ Նոր ՀՇ կաբինետը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և հնարավորություն է ստեղծում՝ իրականացնել ճշգրիտ ու արագ հետազոտություններ՝ տարբեր հիվանդությունների վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման համար»,-ներկայացրել է Արամ Նիկողոսյանը։
Միջոցառման ավարտին նախարարը և մարզպետը շրջայց են կատարել նորաբաց կաբինետում, այլ բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի ու բուժառուների հետ, հետաքրքրվել առողջապահական ապահովագրության ներդրման հետ կապված հարցերով, ապա այցելել Սևանի բժշկական կենտրոնից կից ու նորաբաց «Հանրապետական շտապօգնության ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոն», որը վերջերս հագեցել է 1 ռեանոմոբիլով։
Գեղամա աշխարհ