Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ռուզան Վարդանյան․ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

/Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում/

Այս տեսանկյունից հաստատուն չէ նաև ռուսական միջավայրը, ուստի, Անտոնիոնիի ֆիլմը չհավանելուց հետո բնական է, որ Արմենակ Մնացականյանը մեծ ջանքեր պետք է գործադրեր ՝ Զուսևին բացատրելու, որ թռչունների երամը բաղկացած է բազմաթիվ թռչուններից և, որ միայնակ թռչել և Եգիպտոս հասնելն ամեն թռչնի մենաշնորհը չէ։ «Երամը մի մարմին է, այդ մարմի՛նն ունի Եգիպտոսը գտնելու բնազդը»։ Հետևաբար, եթե կինողեկավարությունն էլ, ինչպես Իվան Միխայլովիչը, Մնացականյանի սցենարը անվաներ «գյուղական խորիմաստ ապուշություն» և շարունակ համոզեր՝ փոփոխել այն, միևնույն է, Մնացականյանը «չէր ցանկանալու» գնալ այդ քայլին։ Նա շտկումներ չէր անելու՝ եթե անգամ իրեն հեռացնելու լինեին։ Նրա սցենարը վիճելի էր այն պարզ ճշմարտության համար, որ հանդես էր գալիս հայկական ջարդերի դեմ։ Նա ընդունակ չէր ըմբռնելու իր առջև ծառացած՝ «մեր ջարդերի դեմ չգրենք» տխուր փաստը, իսկ գերմանական ֆաշիզմի դեմ գրելը ռուսական շովինիստական շրջանակների համար անհրաժեշտություն էր և այն էր դուրս գալիս, որ՝ «․․․Պանթուրքիզմի հարցը միայն տեղական նացիոնալիզմի հարց էր կամ կարողացավ միայն տեղական դրսևորում ունենալ, ֆաշիզմն այնինչ, ահա-ահա դառնում էր համաշխարհային ժանտախտ»։ Եղբայրական և տիրական Ռուսաստանում Արմենակ Մնացականյանը դեմ առ դեմ պայքարի մեջ է մտել մեկի հետ, ով ֆաշիզմի դեմ գրելն առավել կարևոր է համարում, քան պանթուրքական երախն ընկած, աշխարհի ուշադրությանը կարոտ հայազգի երկու միլիոնի հասնող զոհերի։ Այդ մեկը ենթադրում է, որ հանդիսականը չի հասկանալու՝ խոսքն ինչ հիմարության և ինչ զոհի մասին է։ Միակ ճշմարիտ խոսքը, որ դուրս է գալիս Միխայլովիչի բերանից, այն է, որ սովետական բանակին մեկ ու կես միլիոնից երեք հարյուր հազարանոց զորք տված ազգը, եթե ժամանակին այդպիսի բանակ ունենար՝ Քեմալին՝ դժվարությամբ, բայց կհաղթեր։ Եթե Մնացականյանի համար՝ գրել ազգային ողբերգության մասին նշանակում է՝ գրել «խղճի, վերաբերմունքի» սեփական անձի մասին, ապա Միխայլովիչի համար էլ՝ գրել ֆաշիզմի դեմ նշանակում է՝ կարողանալ «կինոն աշխարհի մեջ տեսնել»։ Անհույս գործ էր կարծելը, թե նրա նման մի մարդ երբևէ կհասկանար, որ նման մի հարց Մնացականյանի համար այնքան կարևոր և սովորական է, այնքան հարազատ և անձնական է, և օրհասական է, որքան, օրինակ՝ ինքնաճանաչողության ճանապարհով գնալը և ուրիշին սեփական անձը ճանաչելի դարձնելը։ «Կողմերի դիրքորոշումը որոշ առումով փոխբացառող է, որքան Մնացականյանի համար անընդունելի են միջավայրի բարոյական ըմբռնումները և դրանց ուղղակի դրսևորումները, միջավայրին նույնքան խորթ է հերոսի ներքին ուղղվածությունը, բարոյական կողմնորոշումը» (Ս․ Փանոսյան)։ Վիպակի ընթացքը որքան երկարում, այնքան ավելի ու ավելի է մատնանշում Ժաննայի ու Մարչելոյի պես անկման ջրափոսի մեջ հայտնված, արտաքին  աշխարհի և Մնացականյանի բնույթն ունեցող անհատների ահռելի հեռավորությունն ու զանազանությունը։

Կինոյի ասպիրանտ Եվան ազգությամբ ռուս է և Նիցշե է կարդում, հայազգի Մնացականյանը՝ Թումանյան։ Այս հանգամանքը, որքան պարզ, նույնքան էլ բարդ է իր ներքին ակնարկներով։ Մնացականյանն ուղիղ նշանակետին է դիպչում՝ ներկայանալով ազգային բանաստեղծի, հասարակական գործչի միջոցով, մինչդեռ զրուցակցի հայացքը, թեև միջազգային ոլորտներում է, սակայն ազգայինի, սեփականի գիտակցությամբ չի առանձնանում։ Բնական է, որ նման միջավայրի մարդիկ չէին հասկանալու Մնացականյանի թեմատիկ ընտրությունը՝ եղեռն և ոչ թե ֆաշիզմ։ Եվան նույնպես վատ է հասկանում իր հայազգի ծանոթի հայացքներն ու ստեղծագործական գաղափարները։ Նա դժվարանում է ըմբռնել նաև վերջինիս համեստությունը։ Այդ է պատճառը, որ խորհուրդ է տալիս նրան դասերից հետո անելիքները հանրակացարանից հեռու որոնել, մինչդեռ Մնացականյանը նախընտրում է հանրակացարանի ներսում, իր գործերի հետ լինել։ Մնացականյանն ընդունակ է հեռահար հայացքով գնահատելու իրեն շրջապատող աշխարհը, որն ընդունակ չէ խորքում տեսնելու և ըմբռնելու իր հետաքրքրությունները, որոնք հասարակ բաներ չեն․ «Ինչը քեզ համար թանկ էր՝ էժանացնում, հասարակացնում, ծամած ծամոն են դարձնում»։

Մաթևոսյանի հերոսը չի կարող ընկերներ ունենալ մի միջավայրում, որտեղ ապրողների գիտակցությանը խորթ է պարզ, մարդկային վարքագիծը, որտեղ, եթե մարդը չի աշխատել՝ ամաչում է հացը կիսելուց, եթե իրեն հայտնի մտքերի հեղինակն ինքը չէ՝ դրանք իր անունից չի հայտնում, այլ անորոշ անձանց, եթե ակտիվորեն հանդես չի եկել աշխատանքի ու ընկերության մեջ՝ իրեն արժանի չի համարում «կնոջ ծոցը մտնել»։ Մնացականյանն իր հերթին չի կարող հասկանալ այս որակների հակադիր դրսևորումներով առաջնորդվողներին՝ չաշխատողներին, հաշիշամոլներին ու խժռողներին, դանակի սպառնալիքով կնոջից պարգև պահանջողներին։

Մնացականյանի կինը՝ Հասմիկը և սիրելի երեխաները հերոսի հիշողության մեջ են, սակայն իր հեռավորությունից նա ոչինչ չի արել ընտանիքի համար, եթե չասենք, որ կնոջն հասցեագրված հեռագրով հարյուր ռուբլի գումար է խնդրել։ Այդուհանդերձ, երկու կողմերն էլ իրենց ընթացքի մեջ խաղաղ են, որովհետև գնացողը գործով է գնացել, գործով է զբաղվելու՝ վերադառնա, իսկ մնացողներն աշխատելու են, որպեսզի հոգան և՛ իրենց հոգսերը, և՛ հեռավոր Մոսկվա հասած հարազատի հոգսերը։ Մնացականյանը լավ գիտի, որ իր ու Ծմակուտի միջև հետաքրքրությունը կապեր ունեն, իր ու Ծմակուտի իր հարազատների միջև սիրո և կարոտի բազում առիթներ, իր ու հարազատների կապը մեկ բառով կոչվում է ընտանիք, արտաքին աշխարհում ոչ ոք ավելի լավ չի կարող հասկանալ այդ բառի իմաստը, քան ինքը։ «Իմ երեխաների մայրը սիրուն բառերով նամակ չի ուղարկել ինձ՝ ծանրոց է ուղարկել, տղայիս համար բրդե հագուստ չի առել՝ ինձ համար ապխտել, ապխտած սուկի է ուղարկել, խշխշան ընկույզ և հուրհրան կոնյակ, այդ ապուխտը անցած աշնան ամբողջ փափուկ արևը, փշատի բուրումով ներծծված արևը, արարատյան պղպեղի կատաղությունը, նախճավանյան հազարամյա արևի համը հավաքել էր իր մեջ․․․»։

Վիպակի հերոսի մտահորիզոնը արտաքին աշխարհին անծանոթ, տիեզերական ուրիշ տարածություններ ունի իր մեջ։ Նրա մտապատկերում օրորոցի որդու անատամ ժպիտն է, մանկահասակ սիրառատ դստեր մեծահոգությունը, որը թաթերի վրա դուրս է գնում սենյակից, որպեսզի եղբայրը քնի և «ընտանիքի այդ դաշինքը ժպիտով գուրգուրում է Հասմիկը»։ Նրա «ես»-ը համառ է։

Մաթևոսյանը մեր կողմից նկատված պարզորոշ օրինակներով մերժում է Արևմտյան կապիտալի աշխարհը, այնտեղ օրեցօր խորտակվող մարդկային հարաբերությունները և ժամանակի մեջ տարրալուծվող ընտանիքների կաղապարը։ Այսպիսի ընտանիքների տարրերն ի վերջո նմանվում եմ Եգիպտոսը միայնակ փնտրող թռչնի։ Հեղինակը խոր ընդգծումներով բացահայտում է նաև ռուսական մեծապետական հայացքները փոքր ազգերի նկատմամբ։

Հայոց մեջ, հայկական ընտանիքում կինը մեծ առաքելություն ունի կատարելու։ Մաթևոսյանական մայրը ամենից առաջ խոհեմության խորհրդանիշ է։ Նրանում մեկտեղված են համեստ, հնազանդ, կինը, սիրառատ ու ջերմ մայրը, հյուրընկալ, մարդասեր տանտիրուհին։ Այս առաքելությունը հաջողությամբ իրականացնում է նանը։ Իր խստությամբ և զգոնությամբ նա փորձում է իր միջավայրի զավակը դարձնել նաև հարսներին։ Սակայն ազնվականությունը արմատական երևույթ է, այն չի ընդօրինակվում, այն փոխանցվում, վերարտադրվում է գենետիկորեն, հոգեմտավոր հիշողությամբ։ Այս իմաստով Աղունը հավատարիմ է մնում իր արյանը, իր գենին, իր տեսակին, որի մեջ խաղաղության պակաս և ագրեսիվության ավելցուկ կա, ներողամտության սակավություն և դիմադրության անընդհատություն կա։ Աղունի գործնական բնույթի առաջ բոլոր հանգամանքները առ ոչինչ են դառնում։ Կողմերից և ոչ մեկի համար հեշտ չի եղել, սակայն նանի ավանդական հայացքները՝ լռելու կարողությունը, սեփական ցավի համար ինքնուրույն դարման գտնելը, միջավայրին հարմարվելը, հանդուրժողականությունը, ծանր կյանքին թեթև աչքով նայելը, նրան հաղթանակած են դուրս բերել կյանքի որոգայթներից։

«Ծառերի» հերոսուհին աղաղակող տեսակ է։ Նրա մեջ երկմտել-կշռադատելու խոհեմություն չկա։ Նա ամեն բանի լավն է ակնկալում իր զավակի համար, սակայն նրան ուղղորդում է անազնիվ ճանապարհով։ Հերոսուհու խորհուրդները խիստ սուբյեկտիվ են։ Դրանց իրականացումը կարող է բավարարել անհատի պահանջները, բայց ոչ միջավայրի, մինչդեռ մարդը հասարակության մասնիկն է։ Մյուս կողմից, հիշատակվող սկզբունքներով ապրող անհատը՝ Իշխանը, կործանված, պարտված մարդ է, ուստի նրան ընդօրինակելը պարզապես սխալմունք է։

Վարդոյի մարդկային որակները ավանդականության արտահայտություններ և խոհեմ կնոջ վարքուբարք ունեն իրենց մեջ։ Փոխվել են մարդիկ, փոխվել են ժամանակները, սակայն առանձին անհատների մեջ անփոփոխ են մնացել այնպիսի սրբազան որակներ, որոնք ծառայեցվում են հօգուտ հանրային շահի։

Աշխենի ողջամտությունը բավականացնում է իրավիճակը ճիշտ գնահատելու, անհատի հոգու անդրադարձումը տեսնելու համար, նրա մեծահոգությունը թույլ չի տալիս կույր լինել իրականության նկատմամբ, սակայն արժանապատվությունը՝ բարոյական մարդու առհավատչյան, ամեն ինչից և ամենքից վեր է դասում։

Ժամանակի արհավիրքները խորտակում են Շուշանի բարոյական կերպարը։ Նա չի ցանկանում առաջնորդվել անցյալի վարքուբարքով, իսկ նրա ծաղկուն հասակը թույլ չի տալիս ընդունել միջավայրի ծանր պահանջները։ Շուշանը նախընտրում է լինել իր կաղապարի մեջ, իսկ ժամանակն ու հանգամանքները պաշտպանում են հերոսուհու շահերը։

«Կենդանին և մեռյալը» առավել ընդարձակ աշխարհ է, որի շրջանակներում մի տեսակ կենդանի, մի տեսակ վայրի, բնությանը համահունչ ազատությամբ առաջ է ընթանում Արևելքը, և լճացման, ինքնասպառման, սեփական ձեռքերով փորած մեռյալ փոսում զվարճանում է Արևմուտքը։ Կապիտալը հայտնվել է առջևում, մարդը մնացել է ետևում։ Այստեղ իրերն ու անձերը սկսել են գնահատվել ոչ թե բովանդակային, այլ՝ ձևական տեսանկյունից։ Նյութական կարողություններ ունեցողներին մարդկային արժեքները չէ, որ պակասում են, այլ փառքը, ճանաչումը։ Երբեմնի քաղաքակրթության բնօրրանում ընտանիքը կարող է կառուցվել կապիտալի հենքի վրա, առանց ավելորդ սենտիմենտալության։ Այդ մեծ աշխարհում առևտրական հարաբերությունների շրջապտույտի մեջ են հայտնվել մարդկային բոլոր արժեքները, եղծվել է մարդու կերպարը, նրա հոգևոր, բարոյական աշխարհը։

34 դիտում