Վաղարշակերտ կամ Ալաշկերտ աշխարհի Մանկասար գյուղի պատմությունը ծագում է հազարամյակների խորքից: Հայկականությամբ շնչող գյուղում դարեդար զարգացել են երկրագործությունն ու անասնապահությունը, մշակույթն ու արհեստները: Ինչպես վկայում են պատմագիական աղբյուրները, Մանկասարում գործել է Սուրբ Հարություն եկեղեցին եւ նրան կից վարժարանը: Հայ մատենագրության մեջ այն հիշատակվում է նաեւ որպես գրչության կենտրոն, որտեղ ստեղծվել է ձեռագիր մատյան: Այս մասին վկայված է նաեւ Թադեւս Հակոբյանի, Ստեփան Մելիք-Բախշյանի եւ Հովհաննես Բարսեղյանի կազմած «Հայաստանի եւ հարակից երկրների տեղանունների բառարան» գրքում: Որտե՞ղ է գտնվում այդ ձեռագիր մատյանը, ինչի մասին է պատմվել այդ մատյանում: Հետաքրքրասիրությունը մեզ տարավ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրատուն, որի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, հանրահայտ ձեռագրագետ Գեւորգ Տեր–Վարդանյանը սիրով մեզ համար կատարեց անչափ կարեւոր, հուզումնալի բացահայտումը: Հարգարժան գիտնականը ամենայն բարյացկամությամբ ցուցադրեց այն ձեռագիր մատյանը, որը պահպանվում է Մատենադարանի ձեռագրատանը՝ որպես 5117 համարը կրող ժողովածու: Ինչպես հիշատակված է Զաքարիա երեցի գրած ձեռագիր մատյանում, այն գրվել է 1699 թվականին, Վաղարշակերտի Մանկասար գյուղում, Զաքարիա վարդապետի պատվերով:
Ձեռագիրը բաղկացած է 151 թերթից: Գրված է լուսագծերով թղթի վրա, բոլորգիր տառատեսակով: Կազմը դրոշմազարդ է, շագանակագույն կաշվից, դռնակով, միջուկը տախտակից է, աստառը՝ կտավ, լուսանցակողերը՝ կարմիր: Գտնվում է բավարար վիճակում, թեեւ թերթերի վրա տեղ-տեղ նկատվում են երբեմնի կրած խոնավության հետքեր, կազմի եզրերը մաշված են, փականներն ընկած:
Ի՞նչ է բովանդակում մատյանը: Այն հիմնականում մեկնություն է տոմարի մասին: 2-ից 116-րդ թերթերում միջնադարյան հայ նշանավոր գիտնական, արվեստագետ, փիլիսոփա եւ քերական, տոմարագետ Հակոբ Ղրիմեցու տոմարագիտական մեկնություններն են: 116-ից 120-րդ թերթերում ներկայացված է Արքայական տոմարի մեկնությունը, «որ է հույժ դժվարիմաց, բայց միայն վարժիցն»: 120-145 էջերում տոմարական աղյուսակներն են եւ խրատները, որոնք պատճենված են ըստ Հայերեն թվականի, որը կարգավորել է մեծանուն գիտնական Անանիա Շիրակացին: 146-147 թերթերում Հուդայի աղոթքն է . «Եւ յորժամ ել Յուդաս ի գբոյն. չոգաւ ի Գողգոթայ… եւ համարեա զիս ընդ եղբօր»:
145-րդ թերթերում գրչության ժամանակի հիշատակարանն է. «Եւ զիս՝ զանպիտանս, յիշեա: Յամենայնի թափուր եւ ունայն ի բարեաց գործոց Զաքարիայ էրէցս, որ զանունս ունիմ եւ զգործս ոչ, յոգնամեղ եւ թշուառացեալ յոգոյ բիւր քանքարաց պարտապանի թողութիւն խնդրեցէ´ք մեղաց իմոց ի մարդասիրէն Քրիստոսէ, եւ Քրիստոս առատ պարգեւէ, եւ ձեր մեղացն առնէ թողութիւն՝ յիշողացդ. ամէն:
Գրեցաւ ձեռամբ Զաքարիայ երիցուս, ի յերկրին Վաղաշկերտու, ի գիւղն Մանկասարին, ընդ հովանեաւ Ս. Աստուածածնինն, ի թվականիս հայոց ՌՃԽԸ.ին (1699)՝ յիշատակ Զաքարիայ վարդապետին եւ ծնօղացն՝ Տէր Աբրահամին եւ Մարթային, անջինջ յիշատակ ի դուռն Կտուցայ անապատի Ս. Աստուածածնի եւ Ս. Կարապետին: Որք հանդիպիք սմա կարդալով կամ օրինակելով կամ հարեւանցի տեսանելով, յիշեցէ´ք եւ Աստուած ողորմի ասացէ´ք Զաքարիայ վարդապետին եւ ծնօղացն եւ ամենայն արեան մերձաւորացն. Ամէն»:
Զաքարիա վարդապետն, ըստ ամենայնի, եղել է Վանա լճի կղզիաբնակ Կտուց անապատի միաբան, եւ իր վանքում որպես տոմարական խնդիրների տեղեկատու, նաեւ՝ ծիսական հարցերի ուղեցույց օգտագործելու համար այս ձեռագիրը պատրաստել է տվել Մանկասար գյուղում ապրող Զաքարիա քահանային։ Զաքարիա վարդապետից հետո էլ ձեռագիրը Կտուցի Սուրբ Կարապետ վանքում մնացել է որպես հիշատակ իր եւ իր ծնողներ Տէր Աբրահամին եւ Մարթային:
Հետագայում ձեռագրի առաջին էջում 18-րդ դարի նոտրգիր տառատեսակով գրվել է. «Ես՝ մեղայորս Պողոս աբե(ղայ): Յիշատակ է մեկնութիւն տօմարիս Կատուց սուրբ անապատին. մի´ ոք իշխեսցէ հանել կամ գրաւել ի սուրբ ուխտէս»:
146-րդ էջում ձեռագրով գրված է. «Լոյսն տեսողացն է, եւ բանն՝ լսողաց, եւ շնորհքն Աստուծոյ՝ սիրողացն Աստուծոյ»: 147-րդ էջում շղագիր տառատեսակով գրված է. «Թղթատած եւ նիւթն բաւական առած եմ. Վահրամ վարդապետ Կանաչեան՝ միաբան Կտուց անապատի, 1904 փրկչական թուական»:
Ինչպես վկայում է Գեւորգ Տեր-Վարդանյանը, ձեռագիր մատյանը կազմվելուց հետո պահպանվել է Կտուց անապատի միաբանությունում, մինչեւ 1915 թվականը: Այն ավելի շատ ծառայել է որպես եկեղեցական տոների ուղեցույց տվյալ թեմական տարածքի հոգեւորական ծառայության մեջ գտնվողների համար: 1915 թվականի աշնանը, երբ տեղահանվում էր Վասպուրականի հայությունը եւ ոչնչացման սպառնալիքը կախված էր նաեւ հայկական մշակութային հուշարձանների, ձեռագիր ու տպագիր գրքերի վրա, Գեւորգ Ե կաթողիկոսի հրահանգով Վասպուրականի այլ վայրերի ձեռագրերի հետ այս մատյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է բերել Լիմ անապատի վերջին վանահայր Հովհաննես վարդապետ Հյուսյանը:
Հազարամյակների մեր հայրենի գյուղ Մանկասարը, նրան շրջակա Վաղարշակերտը, Բադնոցը, Կումլիպուճախը, Յոնջալուն, այլ բնակավայրեր հայաթափվել սկսեցին 1830 թվականից, երբ ռուսական բանակը Ալաշկերտի դաշտը գրավելուց հետո նահանջեց: Հարյուրավոր հայ ընտանիքներ տեղահանվեցին ու հաստատվեցին Սեւանա լճի հարավային ափին՝ սկիզբ դնելով Գեղամա աշխարհի վերահայացմանը: Մանկասարից մերօրյա Մարտունի քաղաքում բնավորվել են 42 ընտանիք, որոնց տոհմերը 191 տարիների ընթացքում խոր արմատներ են նետել ու ճյուղավորվել՝ անխաթար պահելով իրենց պապերից ժառանգած բարբառը, հավատը, աշխատասիրությունը, հայրենասիրությունը, ապրելու եւ արարելու կամքը: Ցավոք, Մանկասարում, եւ առհասարակ Վաղարշակերտում ու շրջակա գյուղերում, հայության շունչը վերջնականորեն մարեց 1915 թվականին: Թուրքն ու քուրդը յուրացրին մեր հինավուրց, Աստծո հետ ծնված բնօրրանը, անգթաբար ու անպատիժ հայրենազրկեցին մեզ, սակայն ոչ մի կերպ չկարողացան պոկել մեզ մեր արմատներից, մեր պապերի ստեղծած ազգային արժեքներից, մեր հոգեւոր մասունքներից: Ձեռագիր այս մատյանը մեկն է այն վկաներից, որ հավաստում է Մանկասարի հայկականությունը, Մանկասարի հայության հավատապաշտությունն ու գրապաշտությունը, նաեւ՝ պահանջատիրությունը:
Երբ երկյուղածորեն թերթում էի ձեռագիր մատյանի էջերը, ինձ թվում էր, թե ակամայից հայտնվել եմ հայրենի Մանկասարում, թե իմ ապուպապերի կարոտն եմ առնում մեր կորսված ու գերված հայրենիքից, թե հաղորդվում եմ հայ հին ու նոր գրչության հզորազոր լույսին: Ես հոգով ու մտքով աղոթում էի, հուզվում ու հպարտանում Պապերիս ոստանից բերված մասունքի առաջ ու խորհում այն մասին, թե նա որքան է նման Հայոց ճակատագրին՝ բնավեր եղած, գաղթի ու թափառումի ճամփաներն անցած, սակայն մոխիրների ու արյան միջից կյանք առած ու արեւի պես շողարձակող: Շնորհիվ ազնվագույն հայերի, շնորհիվ ազգասեր գիտնական Գեւորգ Տեր-Վարդանյանի՝ Մանկասարում գրված ձեռագիր մատյանը դարձավ «Գեղամա աշխարհ» թերթի ընթերցողների, մեր բազմաթիվ հայրենակիցների հոգեւոր սեփականությունը:
Բայց Մատենադարանում 5117 համարի տակ պահվող ձեռագիր մատյանը մեր կողմից գուցե ուշադրության չարժանանար, եթե տողերիս հեղինակին չհուշեր կամ չոգեշնչեր ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, արվեստագիտության դոկտոր եւ պատմաբան Ալեքսիս Աշոտը՝ իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկը: Մինչ այդ, նա ինձնից խնդրեց համառոտ շարադրել Մանկասար գյուղից 1830 թվականին Մարտունի տեղափոխված Մելիք Գալուստ Շահումյանի տոհմի պատմությունը: Իմ պատրաստած տեքստում նշված էր, որ Մանկասարը հիշատակվել է որպես գրչության կենտրոն, որտեղ ժամանակին ստեղծվել է ձեռագիր մատյան: Ալեքսիսը, որպես նախանձախնդիր գիտնական, առաջարկեց խոսել միայն փաստերի լեզվով: Ահա եւ արդյունքը, որը ոգեւորելու է նաեւ Ալեքսիս Աշոտին, Սփյուռքում բնակվող մեր բազմահազար հայրենակիցներին:
ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹՅԱՆ