
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9 -րդ դասարանի աշակերտներն անգլերեն լեզվի ուսուցիչ Անուշ Դարբինյանի, աշխարհագրության ուսուցիչ Աստղիկ Հակոբյանի և պատմության ուսուցիչ Լիլիթ Գևորգյանի ղեկավարությամբ ինտեգրված ուսումնական նախագիծ են իրականացրել Խոսրովի անտառ-արգելոցում։
Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի ամենահին ու եզակի բնապահպանական տարածքներից մեկը՝ Խոսրովի անտառ-արգելոցը, այս անգամ դարձել է մի կրթական նախաձեռնության կարևոր կենտրոն։ Դպրոցի սովորողները ներգրավվել են ուսումնասիրման բազմափուլ նախագծում, որի նպատակն էր՝ խորացնել գիտելիքները հայրենի բնաշխարհի մասին, զարգացնել հետազոտական հմտությունները և ձևավորել գիտակցված վերաբերմունք բնության նկատմամբ։ Ուսումնական նախագծի առաջին փուլում կազմակերպվել է այց-էքսկուրսիա դեպի Խոսրովի արգելոց։ Սովորողները նախ ծանոթացել են տարածքին, դիտարկել բուսական ու կենդանական աշխարհը, ուսումնասիրել բնության բազմազանությունը և այն խնդիրները, որոնք այսօր սպառնում են արգելոցի բնական հարստությանը։
Բնության հետ այս անմիջական շփումը սովորողներին հնարավորություն է տվել՝ ոչ միայն տեսնել, այլև զգալ այն պատասխանատվությունը, որն ունի յուրաքանչյուր քաղաքացի հայրենի բնաշխարհի պահպանության գործում։

-Նախագծի հիմնական մարտահրավերային հարցը ձևակերպվել էր հստակ․«Ի՞նչ կարևորություն ունի հայրենի բնաշխարհի ճանաչողությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ ձևավորել առանձնահատուկ վերաբերմունք հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ»։ Այս հարցադրումը ուղղորդել է սովորողների հետազոտական ամբողջ գործունեությունը։ Նրանք որոնել են պատասխաններ նաև հետևյալ խնդիրներին՝ ինչպե՞ս խթանել բնության նկատմամբ ավելի ուշադիր վերաբերմունք և ինչպե՞ս գտնել բնությունը պահպանելու և ոչնչացումից փրկելու լավագույն ուղիները։ Խմբերի աշխատանքը կառուցված էր բազմաբնույթ և փոխկապակցված փուլերով, որոնք էին՝ այց-էքսկուրսիա դեպի արգելոց, տեղանքի, բուսական և կենդանական աշխարհի դիտարկում, տեղեկատվական տեսանյութի նկարահանում՝ ներկայացնելով արգելոցի առանձնահատկությունները, հարցազրույց արգելոցի աշխատակիցների հետ՝ ստանալու մասնագիտական դիտարկումներ, անտառի հիմնադրման պատմական աղբյուրների ուսումնասիրություն, պատմական ակնարկի կազմում, պատմական և աշխարհագրական տվյալների համադրություն, բնապահպանական խնդիրների վերլուծություն և դրանց լուծման առաջարկներ։ Այս համապարփակ ուսումնասիրությունը սովորողներին հնարավորություն տվեց՝ գիտելիքը գրավոր և բանավոր ձևով վերաստեղծելու, փորձագիտական կարծիքներ ստանալու և դրանց հիման վրա ձևակերպելու սեփական հետազոտական եզրահանգումները,-նշեց դպրոցի տնօրեն
Նախագծի կարևոր բաղադրիչներից էր Խոսրովի անտառ-արգելոցի մասին տեղեկատվական տեսանյութի ստեղծումը։ Սովորողները գրել են սցենարը, նկարահանել բնության կադրեր, ներդրել հարցազրույցի հատվածներ և մոնտաժել ամբողջական նյութ՝ ներկայացնելով խոշոր ու մանր բույսերի գեղեցկությունները, ինչպես նաև բնապահպանական մարտահրավերները։ Տեսանյութի ստեղծումն էլ ավելի է ամրապնդել նրանց տեխնիկական, հաղորդակցական և թիմային աշխատանքային հմտությունները։

—Նախագծի վերջնարդյունքները լիովին համահունչ էին առարկայական ծրագրերին և հանրակրթական պետական չափորոշիչների հմտություններին։ Սովորողները ձեռք բերեցին մի շարք կարողություններ, որոնք են՝ հայերեն գրագետ բանավոր խոսք վարելու և զրուցելու հմտություն, հաղորդակցություն օտար լեզվով՝ պարզ հաղորդակցական իրավիճակներում, բնական միջավայրի, հասարակական, մշակութային և տնտեսական երևույթների փոխկապակցվածության ըմբռնումը, քննարկումների մասնակցությունը՝ հիմնվելով պատմական ու բնապահպանական գիտելիքների վրա, Խոսրովի անտառ-արգելոցի բնապահպանական նշանակության դրա պահպանման անհրաժեշտության գիտակցումը։ Այս նախագիծը կրկին ապացուցեց, որ ուսուցումն առավել արդյունավետ է, երբ այն դուրս է գալիս դասասենյակից և տեղափոխվում համայնքի, բնության ու իրական կյանքի դաշտ։ Այսպիսի նախագծերը կրթության մեջ դառնում են կամուրջ՝ դասագրքից դեպի իրական կյանք, որտեղ սովորողը ոչ միայն գիտելիք է ստանում, այլև նախապատրաստվում է՝ դառնալու բնապահպան և իր երկրի պատասխանատու քաղաքացի,-զրույցը եզրափակեց Անժելա Պողոսյանը։
Գեղամա աշխարհ