
Կայացել ե Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի վերջին նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը :
Մինչ օրակարգային հարցերի հաստատմանն անցնելը Սարգիս Մուրադյանն անդրադարձ է կատարել տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին և նշել, որ դրանք` ֆինանսական գործառույթներից մինչև ծրագրեր, ընթանում են բնականոն ընթացքով:
Նիստին ներկայացված օրակարգային հարցերը հաստատելուց հետո դրանք ներկայացվել են ավագանու անդամների քննարկմանը: Հարցերի շուրջ կայացվել են համապատասխան որոշումներ:
Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի հաստատումից առաջ համայնքի ղեկավարը նշել է, որ 2025 թվականին իրականացված աշխատանքը, ֆինանսական առումով կայուն վիճակը լավ հիմքեր է ստեղծում համայնքի 2026 թվականի ֆինանսական գլխավոր փաստաթղթի հաստատման համար, որը լինելու է հավասարակշռված, իրատեսական և հնարավորություն է ընձեռելու՝ առաջիկա տարում ևս իրականացնել մեծածավալ աշխատանք, խուսափել ցնցումներից, ավելացնել սեփական եկամուտները:
Սևան համայնքի ավագանին սահմանել է Սևան համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, հաստատել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, Սևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քանակական և անհատական կազմը, համայնքում 2026 թվականի հողօգտագործման, բնակելի ու ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման վարձավճարներ և այլ տեղական վճարները, համայնքի բնակավայրերի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների՝ 2026 թվականին օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքերի համար մրցութային մեկնարկային գինը:
Սևան համայնքի ավագանին հաստատել է Սևան համայնքի 2026 թվականի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը՝ բյուջեն, համաձայն որի հաստատվել են՝ վարչական բյուջեի եկամուտները՝ 2 միլիարդ 398 միլիոն 977 հազար 300 դրամ, վարչական բյուջեի ծախսերը՝ 2 միլիարդ 398 միլիոն 977 հազար 300 դրամ։
Համայնքի ավագանին հաստատել է նաև Սևան քաղաքում թափոնների տեսակավորման կառավարման պլանը, որը հաջորդել է Սևան քաղաքում թափոնների կառավարման նոր համակարգի ներդրմանը:
Ավագանու քննարկմանը ներկայացվել են նաև մի շարք հարցեր, որոնք հաստատվել են համապատասխան որոշումներով: Ավագանու տարեվերջյան նիստն ամփոփվել է դիմումների քննարկմամբ, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա 2026 թվականի փետրվար ամսին:
Գեղամա աշխարհ