Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մենք կորցրինք հայրենապաշտ մարդուն, բայց նրա անունն ու գաղափարները կկրենք մեր հոգիներում

 

78 տարեկան հասակում երկրային կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Արցախյան շարժման  ու գոյամարտի մասնակից, «Գարեգին Նժդեհ» ստեղծագործական ակումբի հիմնադիր ղեկավար, ոգեղեն ուսուցիչ, աննկուն հայորդի,  «Գեղամա աշխարհ» թերթի  մեծ բարեկամ, բոլորիս կողմից սիրված ու հարգված  Հովհաննես Միրիբյանը։

Հովհաննես Վաչիկի Միրիբյանը ծնվել է 1947 թվականին,  ՀԽՍՀ Նոր Բայազետ, այժմ՝ Գավառ քաղաքում։ 1964 թվականին ավարտել է հայրենի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1969 թվականին՝ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը։ Մինչեւ 1990 թվականը աշխատել է հայրենի քաղաքի «Դիպոլ» արտադրական միավորումում՝ որպես արտադրամասի պետ։

Արցախյան շարժման հենց առաջին օրերից՝ 1988 թվականի փետրվարից,  զինվորագրվել է հայրենի երկրի սահմանների ու Արցախի դատի պաշտպանությանը։

Հովհաննես Միրիբյանն այն բացառիկ անհատներից մեկն էր, ովքեր շատ արագ գիտակցեցին եղկելի թշնամու դեմ օր առաջ զինվելու անհրաժեշտությունը և սեփական օրինակով բոցավառեցին բազմաթիվ հայ քաջորդիների սրտերը։

Ի տարբերություն միտինգային տրամադրություններով բռնկված քաղաքական կամ հասարակական գործիչների՝ Հովհաննեսը զենքով ու զինված ընկերների հետ գնաց մարտադաշտ՝ կռելու այն նյութական հաղթանակը, որը հայկական անկոտրում ոգու առջեւ ծնկի բերեց հայասպան թշնամուն, հայ բնակչության հանդեպ Սումգայիթում ու Ադրբեջանի այլ վայրերում սոսկալի եղեռնագործություն իրականացրած բորենիներին։

Հայրենիքի համար ճակատագրական ու օրհասական այդ օրերին և տարիներին Հովհաննեսն անվարան գնաց անձնուրաց խիզախումների՝ մոռացած հարազատ ընտանիքի հոգսերն ու կարիքները, սեփական աշխատանքը, առողջությունը։

Ու դժվար չէ պատկերացնել, թե  ֆիզիկական ու հոգեկան ինչպիսի տառապանքների ու անձնական զրկանքների միջով է անցել մեր հերոսը, որպեսզի հասնի իր առջեւ դրված  վեհագույն նպատակներին։

Ավելի քան 6 տարի փոթորկվում էին Հայաստանն ու Արցախը, փորձում դիմակայել զանազան թշնամիների մութ դավերին ու ոճիրներին, որոնք աղետաբեր ամպերի նման օրնիբուն չոքել էին մեր հայրենիքի բախտի ու ապագայի վրա։ Ու այդ տեւական ժամանակի ընթացքում, չնայած ստացած ծանր վիրավորումներին, նա կրկին մեկնում էր մարտադաշտ՝ արհամարհելով ամեն մի խոչընդոտ ու դժվարություն։

Այո, Հովհաննեսին իր ընտրած նվիրումի ճանապարհից ոչ մեկն ու ոչ մի դիպված չկարողացան հետ պահել, քանզի նա գաղափարի շատ համոզված ու կոփված  մարտիկ էր,  ազգասեր ու մարդասեր անձնավորություն։ Անգամ նա ականջալուր չէր լինում  ծնողների, կնոջ, եղբոր ու քրոջ թախանձանքներին ու միշտ առաջինն էր հայտնվում  այնտեղ, որտեղ իրեն կանչում էր  հայրենի հողի ձայնը։

Հովհաննես Միրիբյանը մասնակցեց նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին՝ կամավոր մեկնելով առաջնագիծ։ Նա ժամանակին կարողացել էր հասնել դիրքեր, օգնել, սատարել զինվորներին, իր մարտական փորձն ու գիտելիքներն էր փոխանցել երիտասարդ սպաներին, հրամանատարներին։ Նրա զինակից ընկերները պատմում էին , որ մարտական գործողությունների ընթացքում  չեն էլ պատկերացրել , որ Հովհաննեսը մարտադաշտ է հասել  պրոթեզավորված ոտքով, որը կորցրել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Ու երբ մարտի թեժ պահին զինվորներն օգնության , խորհրդի համար մոտեցել են նրան,  զարմանքով  տեսել են,  որ նա անդամահատված ոտքի պրոթեզն է հագնում։

Իր ու մարտական մյուս ընկերների ձեռամբ ու ոգով կռած խաղաղության տարիներին էլ Հովհաննեսը քուն ու դադար չուներ, այլ փորձում էր հայ սերունդների մեջ արմատավորել Գարեգին Նժդեհի ցեղապաշտական, ոգեղեն գաղափարները, հոգով ու մարմնով կոփել իր հայրենակիցներին, հայրենասիրական գաղափարներով ոգեշնչել շրջապատին։

Նա լույս էր ընծայում հայրենաշունչ հոդվածներ ու բանաստեղծություններ, գրքեր ու գրքույկներ, կազմակերպում ու ղեկավարում  գրական խմբակներ, գրողների ու մտավորականների հետ հանդիպումներ, հայրենիքի հզոր ապագայի կերտման համար կարևոր քննարկումներ։

Նրա որոշ հոդվածներ ու ստեղծագործություններ տեղ են գտել «Գեղամա աշխարհ» մարզային թերթում։

Գավառի քաղաքային գրադարանը  նա դարձրել էր իր ու շատ գաղափարակիցների հարազատ տունը, ազգային ուխտի վայրը, որտեղ հայրենասիրության ու հայրենատիրության ուխտին հաղորդվում էին բազմաթիվ պատանիներ ու երիտասարդներ։

Նրան ճանաչում ու գնահատում էին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի  ու Արցախի բոլոր այն շեների բնակիչները, որոնք գոյամարտ էին մղել մեր հողի ու արյան թշնամիների դեմ, նրան հավուր պաշաճի էին գնահատում ու ճանաչում մեր բանակի ղեկավարները, հերոսամարտիկներն ու հրամանատարները, ինչի վկայությունը պետության կողմից շնորհված «Արիություն» շքանշանն է, պատվոգրերը, հուշանվերները, շնորհակալագրերն ու այլ պարգեւները։

Հովհաննես Միրիբյանը ազգային շարժումներին մասնակցել է դեռեւս 1965 թվականից, երբ առաջին անգամ Երեւանում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության դատապարտման հետ կապված հզոր ցույցերը եւ բողոքի երթերը, որոնց ընթացքում նա իր վաղամեռիկ եղբայր Գուրգենի ու նրա ընկերների հետ  Մասիս լեռան պատկերով թռուցիկներ էր տարածում  ցուցարարների շրջանում։

Ստեղծագործել սկսել է 1970 թվականից։

Հովհաննես Միրիբյանը երկրային կյանքում թողեց սիրող կին,  երկու զավակ եւ վեց թոռ, ովքեր միշտ հպարտ կլինեն իրենց փառավոր ծնողի նույնքան փառավոր գործերով, վեհ ու հերոսական անվամբ։ Նույնքան հպարտ ու խոնարհ, երախտապարտ կլինեն նրա հարազատները, բարեկամները, մարտական ու հոգեւոր ընկերները, նրան ճանաչողները, քանզի Հովհաննեսը մի ճառագող լույս էր մեր կյանքում, որի փայլը երբեք ու ոչ մի ժամանակ չի խամրելու թե՛ սերունդների հիշողության մեջ, թե՛ մեր հավերժական  երթի մեջ։

 

«Գեղամա աշխարհ» թերթի խմբագրություն

 

 

 

122 դիտում