
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արեգունի գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված դպրոցի երկարամյա մանկավարժ, ռուսաց լեվի և գրականության ուսուցչուհի Լարիսա Նիկոլաևնա Մինասյանին։
Արեգունու միջնակարգ դպրոցի տնօրեն Ամալյա Պատվականյանի տեղեկացմամբ՝ ազգությամբ ուկրաինուհի Լարիսա Նիկոլաևնան իր կյանքն ու ճակատագիրը կապել է Հայաստանի հետ՝ ընտանիք կազմելով այստեղ և տարիների ընթացքում սրտանց պահպանելով ու փոխանցելով հայկական արժեքները։
-63 տարվա հարուստ մանկավարժական գործունեությամբ նա իր անջնջելի հետքն է թողել կրթության ոլորտում՝ աշխատելով տարբեր դպրոցներում, քոլեջում և մինչ օրս շարունակելով իր նվիրական առաքելությունը Արեգունու միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի։Նա իր մասնագիտական գիտելիքը համադրել է մարդկային ջերմության, համբերության և նվիրումի հետ՝ դառնալով սիրված ու հարգված ուսուցիչ մանկավարժական կոլեկտիվի, համայնքի և հազարավոր աշակերտների համար։ Այս երեկոն երախտագիտության, գնահատանքի և խոնարհման խոսք էր մի մարդու հանդեպ, որի տարիները դարձել են ոսկե հետք սերունդների հիշողության մեջ,-ներկայացրեց Ամալյա Պատվականյանը ։ 
Մեծարման երեկոյի ընթացքում Լարիսա Նիկոլաևնան Արեգունու միջնակարգ դպրոցի տնօրեն Ամալյա Պատվականյանի, ինչպես նաև մանկավարժական, աշակերտական և ծնողական խորհուրդների կողմից արժանացել է շնորհակալագրերի և պատվոգրերի։
Լարիսա Նիկոլաևնա Մինասյանը 83 տարեկան է։ Նա աշխատել է Ակունքի միջնակարգ դպրոցում,Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցում,Վարդենիսի Վ․Համբարձումյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում,Վարդենիսի Բադեյան պետական քոլեջում։ Նա եկել Է Ղազախստանի Կարագանդա քաղաքից։ Ամուսնացել է և տեղափոխվել Վարդենիս քաղաք, ունեցել է երկու տղա։

-Ես սրտով, բախտով ու ճակատագրով կապվել եմ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ։ Անսահման սիրով եմ լցված թե իմ հայրենիքի ու ընտանիքի, թե իմ մասնագիտական աշխատանքնի հանդեպ։ Հպարտ եմ իմ ապրած տարիներով, իմ աշխատանքնով, աշակերտներով, աշխատանքային վաստակով։ Իսկ այս պահով անսահման երջանկությամբ եմ լցված, քանի որ արժանանում եմ գործընկերներիս, աշակերտներիս, հարազատ շրջապատիս մեծարմանն ու անկեղծ գնահատականին ,-նշել է Լարիսա Մինասյանը։
Մեծարման երեկոյին մասնակցել են Լարիսա Մինասյանի նախկին աշակերտները և գործընկերները։
Գեղամա աշխարհ