Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում»  խորագրով միջոցառում

Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանի աշխատակազմի նախաձեռնությամբ Գավառի  Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի է  ունեցել  «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում, որը ներկայացվել է  թանգարանի աշխատակիցների և թատրոնի դերասանների համատեղ ուժերով։

Ինչպես   տեղեկացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանը, միջոցառմանը ներկա են եղել  ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի  մարզպետի աշխատակազմի, տարածաշրջանի կրթամշակութային հաստատությունների, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է  ավանդական հարսանիքի ողջ բովանդակությունը` իր գեղեցիկ ծեսերով և Նոր Բայազետին բնորոշ սովորույթներով ու ավանդույթներով:

Այն ուղեկցվել է  կենդանի երաժշտության, ուրախ երգ ու պարի մթնոլորտում, բեմական փոքրիկ դրվագների ներկայացմամբ։

Գեղարվեստական  կատարումներով հանդես  են եկել  Գավառի մշակութային հաստատությունների պարային խմբեր և անհատ կատարողներ։

«Նախաձեռնության նպատակն էր՝ պահպանել, արժևորել և սերունդներին փոխանցել հայկական ազգային ավանդույթները և Գավառի տարածաշրջանին բնորոշ մշակութային առանձնահատկությունները։ Կարծում ենք, որ միջոցառումը ծառայեց իր բուն նպատակին, իսկ հանդիսատեսները մեզ հրաժեշտ տվեցին հաճելի տպավորություններով»,-ներկայացրեց Մարիաննա Մուսոյանը։

Գեղամա աշխարհ

 

4 դիտում