
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն տրվել է կենտրոնական գրադարանի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունու կենտրոնական գրադարանի նոր շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 231 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է գրադարանի գործող միահարկ հին շենքի քանդում ու տեղում նոր, երկհարկանի շենքի կառուցում՝ արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանների ապահովմամբ։
«Մարտունու կենտրոնական գրադարանի հին շենքը կառուցված էր տասնամյակների վաղեմությամբ, մեր ունեցած հարուստ գրքային ֆոնդը՝ շուրջ 80 հազար կտոր արժեքավոր գրքերով, գտնվում էր պահպանության համար ոչ բավարար պայմաններում։ Նոր շենք ունենալու հարցը հասունացել էր շատ վաղուց, անգամ դիտարկվում էր մեր կառույցն ու գրքերը այլ շենք տեղափոխելու տարբերակը, սակայն, ի վերջո, ընտրվեց նույն տեղում նոր շենք կառուցելու ծրագիրը։ Սա շատ կարեւոր քայլ է՝ մեր հարուստ գրական ֆոնդը պահպանելու, արդի չափորոշիչներին համապատասխան գրադարան ունենալու համար, մի բան, որին մենք երկար տարիներ ենք սպասել»,-ներկայացրեց Մարտունու կենտրոնական գրադարանի տնօրեն Ռուզաննա Բեգլարյանը։
Մարտունու կենտրոնական գրադարանը ժամանակավորապես կգործի Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոնի շենքում։
Շինարարական աշխատանքները նախատեսվումէ ավարտել 2027 թվականի ընթացքում։
Գեղամա աշխարհ