Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ավարտվել են  «Սպորտլանդիա» միջոցառման Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները  

Գեղարքունիքի մարզում ավարտվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները։

Ինչպես  տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այն անցկացվել է երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև: Ներդպրոցական փուլն անցկացվել է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին։ Այս փուլում կազմակերպվել են առանձին մրցումներ 1-6-րդ դասարանների աշակերտների միջև, ինչի արդյունքում ձևավորվել են դպրոցական թիմերը: Թիմի կազմում ընդգրկվել են 5 տղա և 5 աղջիկ։ 1-3-րդ դասարանցիների մրցումային ծրագրում ընդգրկվել են խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, մրցումներ երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում վարժությունները, իսկ 4-6-րդ դասարանցիների ծրագրում՝ երկանիվ հեծանիվով վարժության փոխարեն ընդգրկվել է խաղային փոխանցումավազք բասկետբոլի գնդակով վարժությունը:

Մարտի 4-18-ը ընկած ժամանակահատվածում դպրոցական թիմերը մասնակցել են համայնքային փուլի մրցումներին, որտեղ ըստ տարիքային խմբերի 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերն իրավունք են ստացել՝ մասնակցելու մարզային փուլի մրցումներին:

1-3-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են 2026 թվականի ապրիլի 21-ին՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան Հ. 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում: Ծավալված հետաքրքիր և համառ պայքարի արդյունքում առաջին տեղը գրավել է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Սևանի  Մեսրոպ Մաշտոցի անվան Հ. 1 հիմնական դպրոցի թիմը: Երրորդ հորիզոնականում  Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմն էր:

4-6-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են ապրիլի 22-ին՝ Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան Հ. 1 հիմնական դպրոցի թիմը: 2-րդ տեղը զբաղեցրել Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմին: Մարզային փուլում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր և գավաթներ:

Մայիսի 7-ին և 8-ին Վանաձորում կայանալիք սպորտլանդիայի եզրափակիչ մրցումներում Գեղարքունիքի մարզը 1-3-րդ դասարանցիների մրցապայքարում կներկայացնի Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 4-6-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան Հ. 1 հիմնական դպրոցի թիմը:

Գեղամա աշխարհ

2 դիտում