
59 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ տվեց Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն, վաստակաշատ բժիշկ, բոլորի կողմից սիրված ու հարգված քաղաքացի Արմենակ Ռադիկի Մելքումյանը։
Նա ծնվել էր 1966 թվականին, ՀԽՍՀ Կրասնոսելսկի շրջանի Ներքին Ճամբարակ գյուղում։ 1973-1983 թվականներին սովորել եւ ավարտել է Ճամբարակի Բորյան եղբայրների անվան միջնակարգ դպրոցը։ 1983-84 թվականներին աշխատել է շինարարական կազմակերպությունում։ 1984-1986 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1986 թվականին ընդունվել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1993 թվականին։ 1993-1994 թվականներին Ա․ Միքայելյանի անվան ինստիտուտում անցել է ինտերնատուրա՝ «Ընդհանուր վիրաբուժություն» մասնագիտությամբ։
1994 թվականին աշխատանքի է անցել «Ճամբարակի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում՝ որպես վիրաբույժ։ 1997-2000 թվականներին ծառայության է անցել Հայոց բանակում՝ որպես բուժծառայության պետ։ 2000-2006 թվականներին աշխատել է Հայոց բանակում՝ որպես բժիշկ վիրաբույժ եւ բուժկետի պետ։ 2000-2004 թվականներին աշխատել է «Ճամբարակի հիվանդանոց» ՊՓԲԸ տնօրեն։ 2004-2006 թվականներին շարունակել է ծառայությունը Հայոց բանակում՝ որպես վիրաբույժ։
2006 թվականին կրկին նշանակվել է «Ճամբարակի հիվանդանոց» ՊՓԲԸ տնօրենի պաշտոնում։ 2009 թվականի հունվարի 1-ից մինչ իր երկրային կյանքի ավարտը՝ 2026 թվականի փետրվարը, ղեկավարել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն։
Արմենակ Մելքումյանը ոչ միայն աչքի էր ընկնում մասնագիտական բարձր որակներով, այլ նաեւ անսահման մարդասիրությամբ, ազնվությամբ ու բարությամբ, կարիքի մեջ հայտնված մարդականց անշահախնդրորեն օգնելու պատրաստակամությամբ։ Նա բազմաթիվ մարդկային կյանքեր է փրկել թե՛ զինվորական, թե՛ հանրային ծառայություններ իրականացնելու ընթացքում՝արժանանալով փրկվածների ու նրանց հարազատների ստրտաբաց օրհնություններին ու երախտագիտությանը։ Եվ այդքանը նա անում էր անգամ անքուն գիշերների, զրկանքերի, անսահման նվիրումի հաշվին՝ երբեք ոչնչից չտրտնջալով։
Նա ողջ բեռնվածությամբ, շատ հաճախ էլ շուրջօրյա, աշխատավայրը չէր լքում թե՛ համավարակի, թե՛ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին՝ օրինակ ծառայելով նաեւ մյուս բուժաշխատողների համար։ Չափազանց պարտաճանաչ էր, չափազաց հոգատար, նաեւ պահանջկոտ՝ յուրաքանչյուր մարդու բուժման ողջ գործընթացն իրականացնելիս։
Արմենակը ոչ միայն լավ վիրաբույժ էր, այլ նաեւ բուժհաստատության աշխատանքների լավագույն կազմաակերպիչ ու հմուտ ղեկավար, ում ջանքերի շնորհիվ Ճամբարակի առողջության կենտրոնը գրանցեց զգալի հաջողություններ ու ձեռքբերումներ։
Նրան ճանաչում ու գնահատում էին ոչ միայն Ճամբարակում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս ու նաեւ ղեկավար կառույցում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում։
Ու նրա մահով ոչ միայն կորուստ կրեց Ճամբարակ համայնքի, այլ նաեւ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգը։
Արմենակ Մելքումյանը երկրային կյանքում թողեց սիրված կին, երկու դուստր, բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, ընկերներ ու գործընկերներ, ովքեր արդեն իրենց սրտերում վառ կպահեն նրա անուրանալի վաստակն ու արդեն հավերժացած անունը։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
ՀՀ Ճամբարակի համայնքապետարան
«Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ
«Գեղամա աշխարհ» թերթ