
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը մի քանի օր է, ինչ անցել է կենտրոնացված աղբահանության, որն իրականացվում է «Կոտայքի և Գեղարքունիքի Կենցաղային կոշտ թափոնների կառավարման կենտրոն»-ի կողմից։
«Կոտայքի և Գեղարքունիքի Կենցաղային կոշտ թափոնների կառավարման կենտրոն» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանի հավաստմամբ՝ ներկայումս Մարտունի քաղաքում ու համայնքի գյուղական բնակավայրերում իրականացվում են աղբամանների տեղադրման և ծառայության կազմակերպման նախապատրաստական աշխատանքները՝ նպատակ ունենալով ապահովել համայնքում աղբահանության համակարգված և արդյունավետ իրականացումը։
Ծառայության ներդրմանը նախորդել են՝ համայնքի տարածքների ուսումնասիրությունը և գոտևորումը, սպասարկման սխեմաների մշակումն ու տեխնիկական կազմակերպչական աշխատանքները, անհրաժեշտ ենթակառուցվածքների նախապատրաստումը։
Մարտունի խոշորացված համայնքում նախատեսվում է աղբահանության գործընթացի իրականացում ժամանակակից մոտեցումներով՝ ապահովելով ավելի մաքուր, բարեկարգ և անվտանգ միջավայր բնակիչների համար։
«Փետրվարի 21-ից արդեն սկսել ենք աղբամանների տեղադրման աշխատանքները Մարտունի քաղաքից։ Համայնքի բոլոր բնակավայրերում նախատեսում ենք տեղադրել 1000 աղբաման։ Երկու օրերի ընթացքում արդեն տեղադրել ենք շուրջ 100 աղբաման ու նաև կազմակերպել աղբի տեղափոխումը դեպի Հրազդանի սանիտարական աղբավայր։ Առաջիկա երկու շաբաթների ընթացքում աղբամանների տեղադրման գործընթացը կավարտենք բոլոր բնակավավայրերում։ Միաժամանակ աշխատանքներ ենք տանում Մարտունու փոխաբեռնման կայանի գործարկման ուղղությամբ։ Այս պահի դրությամբ կենտրոնացված աղբահանություն իրականացնում ենք Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ ու արդեն Մարտունի համայնքներում, իսկ առաջիկայում, այս տարվա ընթացքում, դրանց կմիանա նաև Վարդենիս համայնքը»,-ներկայացրեց Սերգեյ Համբարձումյանը։
Գեղամա աշխարհ