
2018-2025 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 31 ծրագիր է իրականացվել, որի արդյունքում պետական ու համայնքային բյուջեներից ներդրվել է 1 միլիարդ 16 միլիոն 574 հազար դրամ։
Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանի տեղեկացմամբ՝ իրականացված աշխատանքի արդյունքում կապիտալ նորոգման է ենթարկվել մանկապարտեզի շենքը, հիմնանորոգվել 6 կիլոմետր 400 մետր երկարության 31 հազար 899 քառակուսի մետր մակերես զբաղեցնող ներհամայնքային ճանապարհ, կառուցվել 12 կիլոմետր 230 մետր խմելու, 9 կիլոմետր ոռոգման ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր, 5,5 կիլոմետր արտաքին լուսավորության ցանց, 317 մետր գազատար, 1 մինի ֆուտբոլի խաղադաշտ, Մարտունի համայնքի պատմության և բնության հուշարձանների գովազդային պատկերներով ավտոսպասարկման 2 կանգառ։
Երանոսի մանկապարտեզի կապիտալ նորոգման ու նոր գույքի ձեռքբերման արժեքը կազմել է 224 միլիոն դրամ։ Արդի չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզը վերաբացվել և գործում է 2025 թվականի մայիսից, որտեղ բացված 4 խմբերում հաճախում են 101 նախադպրոցական տարիքի երեխա։
2025 թվականի գարնանից ՀՀ պետբյուջեի միջոցներով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մեկնարկել է Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորոկառույց շենքի շինարարությունը, որի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 700 միլիոն դրամ։ 2026 թվականի փետրվարի կեսի դրությամբ արդեն ավարտին են մոտենում նկուղային հարկի կառուցման աշխատանքները։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2027 թվականին։
Գեղամա աշխարհ