
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ՀՀ կառավարության և Գավառի համայնքապետարանի համատեղ ֆինանսավորմամբ «Վարկաութ» տեսակի մարզահրապարակ է բացվել։
Բացօթյա մարզահրապարակը կառուցվել է Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց 2-րդ փակուղի հասցեում՝ բազմաբնակարան շենքերի տարածքում։ Մարզահրապարակի բացման արարողությանը ներկա են եղել համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի, մարզադպրոցի տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև «Street Workout» ֆեդերացիայի մարզիկներ, ովքեր մարզական ներկայացումների միջոցով միջոցառման մասնակիցների համար բացահայտել են մարզահրապարակի հնարավորություններն ու մարզվելու ձևերը։
Մարզահրապարակը կառուցվել է «Street Workout» ֆեդերացիայի հետ ակտիվ համագործակցությամբ, սահմանած չափորոշիչներին համապատասխան՝ ապահովելով անվտանգ, որակյալ և ժամանակակից մարզվելու միջավայր։ Այս խաղահրապարակում մարզվել ցանկացողները կարող են այն առավել գրագետ կազմակերպել «Քյուառ» կոդերի միջոցով, որի տեսանյութերը ուղեցույցի դեր են կատարում։
Մարզահրապարակը կառուցվել է «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի շրջանակներում՝ կառավարություն — համայնք համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 23 միլիոն 490 հազար դրամ է, որի 56,6 տոկոսը Գավառ համայնքի, իսկ 43,4 տոկոսը պետության ներդրումն է։
«Մասնակցային բյուջետավորումը» ենթադրում է ծրագրային առաջարկներ՝ բնակիչների, նախաձեռնող խմբերի և կազմակերպությունների կողմից, որոնք քվերակության արդյունքում հաղթող են ճանաչվում։ «Սպորտ + ժամանց Գավառում» համապարփակ ծրագիրը ներառել է նաև այս մարզահրապարակի կառուցումը, ինչը մշակվել ու ներկայացվել է «Ռեստարտ Գավառ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։
-Գավառում իր տեսակով եզակի մարզահրապարակը հանրային, անվճար և բաց է բոլորի համար։ Այն նպատակ ունի՝ խթանել առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, երիտասարդների ներգրավվածությունն ու համայնքային կյանքի աշխուժացումը,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ