
Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ քաղաքի Ազատության 7, 9 11, ինչպես նաև Գանձակ բնակավայրի Պետրոսյան, Աղայան, Սունդուկյան, Մեծարենց, Հաղթանակ և Բատիկյան փողոցներում միջին և ցածր ճնշման գազատար է կառուցվում։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ քաղաքում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ Գանձակում դրանք դեռևս ընթացքի մեջ են։ Գավառ քաղաքում ընդհանուր 861 մետր հատվածում պողպատյա հենարանների վրա կառուցվել է վերգետնյա գազատար: Այս շինարարության համար համայնքային բյուջեից 15 միլիոն 800 հազար դրամ է հատկացվել։ 23 միլիոն 800 հազար դրամ էլ կարժենա Գանձակի՝ 1400 մետր երկարության գազատարի շինարարությունը։
«Գազատարերի շինարարության ծրագրում ընդգրկված տարածքները երբևէ գազիֆիկացված չեն եղել: Այժմ այս թաղամասերի բնակիչները ևս կարող են օգտվել կապույտ վառելիքից։ ԳԳՄ Գավառի մասնաճյուղի փոխտնօրենը տեղեկացնում է, որ գազատարերի շինարարության ամբողջական ավարտը նախատեսված է այս տարեվերջին»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ