Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները նախագծային աշխատանք են իրականացրել   Վասակ Մամիկոնյանի կերպարի բացահայտման շուրջ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Ա և Բ դասարանների  աշակերտները նախագծային աշխատանք են իրականացրել՝ այն նվիրելով  հայոց ռազմի  պատմության փառավոր հերոսներից մեկին՝ սպարապետ Վասակ Մամիկոնյանին։

Ինչպես տեղեկացրեց Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանը,  աշակերտները ներկայացրել են 4-րդ դարում ապրած ու գործած Հայոց մեծ սպարապետ Վասակ Մամիկոնյանի  կենսագրությունը, ռազմագիտական կարողությունները և Հայաստանի անկախության պահպանման գործում ունեցած կարևոր դերը։

 

Նախագծային աշխատանքը իրականացվել է պատմության ուսուցչուհի Անի Շաքարյանի ղեկավարությամբ։ Աշխատանքների ընթացքում աշակերտները ծանոթացել են Վասակ Մամիկոնյանի կենսագրությանը, ռազմական և պետական գործունեությանը։ Աշակերտները մեծ սիրով և նվիրումով են  աշխատել։  Նրանք կազմել են գիրք՝ նվիրված Վասակ Մամիկոնյանի կյանքին և գործունեությանը, պատրաստել սահիկաշարեր և բուկլետներ, որտեղ ներկայացրել են պատմական փաստեր, վկայություններ և պատկերներ։ Բացի այդ, աշակերտները ստեղծել են նաև Վասակ Մամիկոնյանի կիսանդրին, որը յուրօրինակ հարգանքի տուրք է ազգային հերոսին։ Նրանց նախաձեռնությամբ գրվել է նաև երգ՝ նվիրված Հայոց սպարապետին, որտեղ արտացոլվում են Վասակի քաջագործությունները և հայրենասիրական ոգին։ Բացի այդ, նրանք  կազմակերպել են միջոցառում, որտեղ  ներկայացրել են սպարապետի կյանքի և գործի ամենակարևոր դրվագները, ինչպես նաև բեմադրել պատմական ներկայացում, որը հանդիսատեսին տեղափոխել է անցյալ դարերի հերոսական Հայաստան։

-Նախագծի նպատակն էր՝ ոչ միայն ծանոթացնել աշակերտներին մեր պատմական անցյալին, այլև ձևավորել հպարտություն հայ հերոսների հանդեպ և ամրապնդել ազգային ինքնագիտակցությունը։ Այս նախագծային աշխատանքը ոչ միայն պատմական գիտելիքների ամրապնդում էր, այլև ազգային ինքնագիտակցության, ստեղծագործական մտածողության և թիմային աշխատանքի դրսևորում։ Աշակերտների սրտերում Վասակ Մամիկոնյանի կերպարը դարձավ ոչ միայն պատմական հիշողություն, այլև հավատքի, ուժի և հայրենասիրության կենդանի խորհրդանիշ։ Սպարապետի ոգին ապրում է յուրաքանչյուրիս մեջ, երբ սիրում ենք մեր հայրենիքը, պաշտպանում նրա լեզուն, մշակույթը և արժանապատվությունը։ Այդ սիրով ու հավատով է, որ շարունակվում է մեր պատմությունը։ Իսկ ամենամեծ արդյունքն այն էր, որ երեխաների մեջ արթնացավ հետաքրքրություն դեպի պատմությունը և ազգային հերոսների կերպարները, -ներկայացրեց  պատմության ուսուցչուհի Անի Շաքարյանը։

Գեղամա աշխարհ  

8 դիտում