Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառի պետական համալսարանում տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-րդ տարեդարձին նվիրված գիտաժողով

 

Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում տեղի է ունեցել  ուսանողական գիտաժողով՝ նվիրված հայ մեծանուն գրող-արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-րդ տարեդարձին։

Ինչպես  տեղեկացրին Գավառի պետական համալսարանի լրատվության և արտաքին կապերի բաժնից,  բացման խոսքով հանդես է  եկել  ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Քրիստինե Բատիկյանը։ Ողջունելով ներկաներին՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, մաթևոսյանագետ Վաչագան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գիտաժողովի մասնակից ուսանողներին՝ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ժառանգությունը բազմակողմանիորեն ուսումնասիրելու համար։

Գիտաժողովին մասնակցել  և Հրանտ Մաթևոսյանի խորն ու բազմաշերտ ասելիքի, ստեղծած գեղարվեստական աշխարհի առանձնահատկությունների և կերտած կերպարների մասին խոսել են  ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը, Օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Միրիբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սիրանուշ Խանդանյանը։

Գիտաժողովին ուսանողները հանդես են եկան զեկուցումներով։

«Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Մինասյանը ներկայացրել է  «Հայը Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեում»թեման,  «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի  Սոնա Հովեյանը՝  «Դեռահասի հոգեբանությունը Հրանտ Մաթևոսյանի «Վազքը» պատմվածքում» թեման,  «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Ժամհարանը՝ «Քրիստոնեական արժեհամակարգը որպես հայրենասիրության և բարոյականության դաստիարակման միջոց» թեման։ Եղել են նաև այլ թեմաներով զեկուցումներ՝ նվիրված Արցախյան ավանդազրույցների առանձնահատկություններին, ուսուցման ժամանակակից մեթոդներին։

Զեկուցումներն ուղեկցվել են  հետաքրքիր և ուսուցողական քննարկումներով։

Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացել են  հավաստագրեր:

Գեղամա աշխարհ

8 դիտում