
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, «Սևան ազգային պարկ»–ի «Այցելուների կենտրոն»-ում կայացել է «Սասնա ծռեր» խորագիրը կրող ցուցահանդես և տիկնիկային ներկայացում ։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, առաջնախաղը կայացել է «Նարեկացի արվեստի միությունում», նոյեմբեր ամսին։
Այցելուների համար ցուցադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի «Սևան» ստորաբաժանման «Գեղանկարչության» խմբի սաների աշխատանքները։
«Սասնա Ծռեր» էպոսից ընտրած հերոսների կերպարների հիման վրա կենտրոնի սաները սեփական ձեռքերով ստեղծել են տիկնիկներ՝ անցնելով ամբողջ ստեղծագործական փուլը՝ էսքիզից մինչև բեմադրություն։
«Գեղանկարչության» խմբի սաներն իրենց ուսուցիչ Գոհար Մնացականյանի հետ օգտագործել են վերամշակված նյութեր՝ սովորելով թափոնների վերաօգտագործման մշակույթը արվեստի միջոցով։ Ստեղծագործական գործընթացը եզրափակվել է Սևանի տիկնիկային թատրոնի հետ համատեղ «Սասնա Ծռեր» ներկայացմամբ։
-Դեկտեմբերի 12–ից 19–ը ներառյալ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ «Այցելուների կենտրոնը» Գեղագիտության ազգային կենտրոնի «Սևան» մասնաճյուղի հետ համատեղ ցուցադրում է «Ջրի պաշտամունքը «Սասունցի Դավիթ» էպոսում» նկարների ցուցահանդես (ղեկավար` Գոհար Մնացականյան)։ Ցուցահանդեսի ընթացքում Գեղագիտության ազգային կենտրոնի սաները հանդես են գալիս նաև տիկնիկային ներկայացմամբ,- ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ