
ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են Սայադյան, Զորավար Անդրանիկ, Իսահակյան փողոցների 2-րդ նրբանցքները։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն ծրագրում ներառված են Իսահակյան, Կոլոտ Հայրապետ փողոցները, Սայադյան, Զորավար Անդրանիկ, Իսահակյան փողոցների 2-րդ նրբանցքները։ Ծրագրի արժեքը 66 միլիոն դրամ է, որի 50 տոկոսն հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է վերոնշյալ փողոցների և նրբանցքների ասֆալտապատում՝ շուրջ 1500 գծամետր երկարությամբ և 6530 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի նոյեմբերի սկզբին և դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել 50 տոկոսով։ Դրանք ընդհատվել են միայն ցուրտ եղանակների պատճառով ու կշարունակվեն 2026 թվականի գարնանը՝ եղանակների տաքանալուն պես։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։
-Այս փողոցների բնակիչները ոգևորված են ինչպես արդեն կատարված աշխատանքներով, այնպես էլ մյուս փողոցների հիմնանորոգմամբ։ Վերջապես իրենք էլ հնարավություն կունենան՝ բարեկարգ ճանապարհով երթևեկելու։ Ծրագրի իրականացմամբ ոչ միայն լուծվում է տասնամյակներ շարունակ անբարեկարգ մնացած փողոցների հիմնանորոգման խնդիրը, այլև թեթևանում է երթևեկությունը, քանի որ այս փողոցները Գավառ քաղաքում իրար են կապում կենտրոնական մի շարք երթուղիներ,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ