Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ծովակում խմելու ջրատարի կառուցման երկու ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր են կառուցվել՝ 3560 գծամետր ընդհանուր երկարությամբ։

Ծովակի վարչական ղեկավար Ռուբեն Ղանդիլյանի տեղեկացմամբ՝ խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերը կառուցվել են սուբվենցիոն 2 տարբեր ծրագրերով, որոնց արդյունքում Ծովակում ոչ միայն բարելավվել է խմելու ջրի մատակակարումը, այլ նաեւ 6-րդ թաղամասի 50 տնտեսությունների համար հիմնովին լուծվել է խմելու ջրի մատակարարման խնդիրը, որն առկա էր վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։

Ծովակի խմելու ջրագծի կառուցման առաջին ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 50 միլիոն 655 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Վարդենիսի համայքնապետարանը։ Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցում Լճավանի աղբյուրակապից դուրս եկող հատվածում՝ 1010 գծամետր երկարությամբ և ներքին ցանցի կառուցում 6-րդ թաղամասում, 1000 գծամետր երկարությամբ, պոլիէթիլենային խողովակներով։ Կառուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրների պատճառով նախագծում կատարված փոփոխության արդյունքում լրացուցիչ կառուցվել է եւս 400 գծամետր ջրագիծ, կամ 2400 գծամետր ընդհանուր երկարությամբ 1960-ական թվականներին կառուցված ջրատարի ազբեստյա խողովակներն ամբողջությամբ  փոխարինվել են պոլիէթիլենային խողովակներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսին և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։

Ծովակի խմելու ջրատարի կառուցման սուբվենցիոն երկրորդ ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է  20 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Ծովակի գերեզմանոցի թաղամասում, 1160 գծամետր ընդհանուր երկարությամբ, պոլիէթիլենային խողովակներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսին և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Արտ Պլաս» ՍՊԸ-ն։

-Իրականացված երկու ծրագրերի շնորհիվ Ծովակում մեծ մասամբ  կարգավորվեց խմելու ջրի մատակակարման խնդիրը։ Ավելին, 6-րդ թաղամասի 50 տնտեսությունները, որոնք տասնամյակներով իսպառ ջրամատակարարում չեն ունեցել ու ջուր են կրել մոտակա թաղամասերից, արդեն օգտվում են շուրջօրյա ու որակյալ ջրամատակարարումից։ Իսկ Լճավանի աղբյուրակապից սնուցվող ջրատարի ու գերեզմանոցի տաածքի ջրատարի ազբեստյա խողովակները, 2170 մետր ընդհանուր երկարությամբ, ամբողջությամբ փոխարինվել են պոլիէթիլենային խողովակներով, ինչի արդյունքում արդեն բացառվել են ջրի մեծաքանակ կորուստները, որ կային նախկինում։ Ծովակի շուրջ 400 տնտեսություն համարվում են իրականացված երկու ծրագրերի  շահառուներ։ Այս պահի դրությամբ արդեն Ծովակի բոլոր տնտեսություններն ունեն շուրջօրյա ու որակյալ ջրամատակարարում,-ներկայացրեց Ռուբեն Ղանդիլյանը։

Գեղամա աշխարհ 

13 դիտում