Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Արեգունի գյուղի դպրոցական փառատոնին ներգրավվել են նաև արտասահմանցի զբոսաշրջիկները

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արեգունի գյուղի միջնակարգ դպրոցի ծրագրված հերթական միջոցառմանը զուգադիպությամբ ներգրավվել են նաև արտասհմանցի զբոսաշրջիկներ, ովքեր այդ պահին ճամփորդել են Սևանա լճի ափամերձ տարածքով։

Ինչպես  տեղեկացրեց Արեգունու միջնակարգ դպրոցի տնօրեն Ամալյա Պատվականյանը, փառատոնը կրել է «Մեր համայնքի կենդանի գիրքը՝ երեկ, այսօր, վաղը» խորագիրը։

Բացօթյա փառատոնին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության,  Վարդենիս խոշորացված համայնքի աշխատակազմի, ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի ներկայացուցիչները , Մեծ Մասրիկի կերպարվեստի ստուդիան, Վարդենիսի թիվ 1 և թիվ 2 երաժշտական դպրոցների սաները,  Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը, ինչպես նաև «ՎալԱեթ Դանսե» պարային ստուդիայի սաները, Վարդենիս համայնքի   կրթական հաստատությունների տնօրեններ, մանկավարժներ, ծնողներ, հյուրեր և համայնքի բազմաթիվ բնակիչներ։

Մասնակից յուրաքանչյուր կառույց իր ներկայությամբ ու մասնակցությամբ յուրովի է լրացրել  միջոցառման գաղափարը՝ մեկ ընդհանուր հարթակում միավորելով կրթությունը, գիրքն ու ընթերցանությունը, երաժշտությունը, կերպարվեստը, պարը, համայնքի պատմությունն ու մշակութային ժառանգությունը։

«Հատկապես կարևոր էր այն հանգամանքը, որ միջոցառմանը ներգրավված էր ամբողջ համայնքը։ Տարբեր սերունդների ներկայացուցիչները դարձան ոչ միայն հանդիսատես, այլև մեր «կենդանի գրքի» մասնակիցներն ու պատմությունները փոխանցողները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2026-2027 ուսումնական տարին «Ընթերցանության տարի» հայտարարելը և ընթերցանության խրախուսումը որպես կրթական կարևոր ուղղություն առանձնացնելը մեր դպրոցի համար դարձավ նոր նախաձեռնության մեկնակետ։ Մենք սկսեցինք մտածել՝ ինչպե՞ս կարող ենք «Ընթերցանության տարվա» գաղափարը մեր դպրոցում կյանքի կոչել ոչ միայն հերթական գրական միջոցառման, այլև այնպիսի ձևաչափով, որը կկարողանա համախմբել դպրոցը, ընտանիքը և ամբողջ համայնքը։ Եվ հենց այդ մտորումներից ծնվեց «Մեր համայնքի կենդանի գիրքը՝ երեկ, այսօր, վաղը» բացօթյա կրթամշակութային փառատոնի գաղափարը։ Մենք փորձեցինք ընթերցանության գաղափարին ավելի լայն իմաստ հաղորդել՝ ցույց տալով, որ կարդալ կարելի է ոչ միայն գիրքը։ Կարելի է «կարդալ» նաև սեփական համայնքը։ Կարդալ նրա երեկը՝ պատմությունների, հիշողությունների, ավանդույթների և ավագ սերնդի ապրած կյանքի միջոցով։ Կարդալ նրա այսօրը՝ ներկայում ապրող, սովորող, աշխատող և ստեղծագործող մարդկանց միջոցով։ Եվ փորձել գրել նրա վաղը՝ մեր երեխաների երազանքների, գաղափարների, գիտելիքի և կրթության միջոցով։ Այսպես «Ընթերցանության տարվա» գաղափարը մեզ համար դարձավ ոչ միայն գիրք կարդալու խրախուսում, այլև առիթ՝ երեխային վերադարձնելու դեպի իր արմատները, սովորեցնելու լսել ավագ սերնդին, ճանաչել սեփական համայնքի պատմությունը և միաժամանակ մտածել նրա ապագայի մասին։ Եվ մեզ համար հատկապես խորհրդանշական է «Վաղը», որովհետև այսօր Արեգունիում կառուցվում է նոր կրթահամալիր։ Մեր երեխաների աչքի առաջ կառուցվում է նրանց նոր դպրոցը, իսկ մենք ցանկանում ենք, որ նրանք հասկանան՝ կառուցվում են ոչ միայն նոր պատեր ու դասասենյակներ, այլև ստեղծվում է իրենց կրթական վաղվա օրը։

Արեգունու ճանապարհով անցնող զբոսաշրջիկները, ովքեր ժամանել էին  Գերմանիայից և Իտալիայից, նկատելով դպրոցում տիրող տոնական մթնոլորտը, հետաքրքրվեցին միջոցառմամբ և միացան մեզ։ Նրանք շրջեցին տաղավարներով, ծանոթացան «Մեր համայնքի կենդանի գիրքը՝ երեկ, այսօր, վաղը» գաղափարին, շփվեցին մասնակիցների հետ և մեծ հետաքրքրությամբ հետևեցին միջոցառման ընթացքին։ Զրույցի ընթացքում մեր արտասահմանցի հյուրերը պատմեցին, որ ճանապարհորդում են Հայաստանով և իրենց ճանապարհորդության ու Հայաստանի մասին գիրք են պատրաստում։ Նրանք հատկապես հետաքրքրվել էին Արեգունու գյուղում իրականացվող այս նախաձեռնությամբ և խոստացան, որ իրենց գրքում՝ իտալերենով, կպատմեն Հայաստանի, ինչպես նաև Արեգունիում հանդիպած այս հետաքրքիր կրթամշակութային գաղափարի և միջոցառման մասին»,-ներկայացրեց Ամալյա պատվականյանը։

 

Գեղամա աշխարհ  

7 դիտում