
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում փրկարարի օրը նշվել է ուսուցողական միջոցառումներով ու պարգևատրման արարողությամբ։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Փրկարարի օրվա տոնի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ՀՋՋ-ի և Սևանի ՀՓՋ-ի ծառայողները Սևանի համայնքապետարանի հարակից տարածքում նախադպրոցական և դպրոցական հաստատությունների սաներին ներկայացրել են իրենց առօրյան ու մասնագիտության առանձնահատկությունները։ Երեխաները հնարավորություն են ունեցել՝ տեսնելու հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաները, հատուկ տեխնիկան, փրկարարական գործիքներն ու հանդերձանքը։
Փրկարարները դպրոցահասակ երեխաների համար կազմակերպել են արագ արձագանքման և առաջին օգնության թեմայով ուսուցողական դասընթաց, իսկ գործնական պարապմունքների ընթացքում երեխաները մոտիկից ծանոթացել են փրկարարի կարևոր ու պատասխանատու մասնագիտությանը։
Փրկարարի օրվա կապակցությամբ փրկարարական ծառայության ոլորտում ունեցած զգալի ներդրման, անբասիր ու նվիրված աշխատանքի, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության համար ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ՀՋՋ-ի և Սևանի ՀՓՋ-ի մի շարք ծառայողներ արժանացել են Սևան համայնքի ղեկավարի շնորհակալագրերի, որոնք հանձնել է Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը։
Գեղամա աշխարհ