Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան համայնքի Գեղամավան գյուղում  կբացվի   մանկապարտեզ  

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղում կբացվի մանկապարտեզ։ Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, չնայած Սևան համայնքի Գեղամավան գյուղում  2022-ի տարեվերջին գործարկվել է  նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ, այդուհանդերձ,

տարիների ընթացքում պարբերաբար համայնքում քննարկվել է  մանկապարտեզ չունեցող բնակավայրերում  նախադպրոցական կրթությանն ուղղված ծրագրերի վերանայման հարցը,  հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Գեղամավանում դեռևս 2016 թվականին հիմնանորոգվել էր մանկապարտեզի շենքը, սակայն չէր գործարկվել: Շենքը համապատասխանում է ժամանակակից չափորոշիչներին, որտեղ կարող են լիարժեք կազմակերպվել բնակավայրի փոքրիկներին նախադպրոցական կրթությանը, խնամքի և դաստիարակությանն ուղղված գործառույթները:

Գեղամավանում մանկապարտեզ բացելու խնդիրը քննարկվել էր դեռևս Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի վերջին նիստում, և օրերս էլ բնակավայրում հրավիրվել է  համայնքային ժողով՝ մասնակցությամբ Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵՀ բաժնի պետ Նարինե Հարությունյանի, Գեղամավան բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Խաչատրյանի:

Համայնքային ժողովի մասնակիցները բնակիչների հետ քննարկել են  բնակավայրում նախադպրոցական ուսումնական հաստատություն ունենալու անհրաժեշտությունը, դրա համար առկա նախապայմանները, ինչպես նաև հետագա անելիքներն իրավական, կազմակերպչական, տեխնիկական առումներով:

Անդրադարձ է կատարվել  նախադպրոցական տարիքի երեխաների թվին, բնակավայրում փաստացի բնակվող երեխաներին, տեղեկատվություն ներկայացվել համայնքի այլ մանկապարտեզներ հաճախող երեխաների վերաբերյալ:

«Ի մի բերելով առաջարկները, համայնքային հնարավորությունները և հիմք ընդունելով Գեղամավանում մանկապարտեզ բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանրապետությունում գերակա է կրթության շարունակականության առաջին օղակի գործարկումը, նախադպրոցական տարիքի երեխաների համար մեկնարկային հավասար պայմանների ստեղծումը՝ Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի 1-ին նիստում՝ սեպտեմբեր ամսին, կքննարկվի Գեղամավան բնակավայրում մանկապարտեզ բացելու և ՀՈԱԿ ստեղծելու հարցը, որին կհաջորդեն կազմակերպչական և տեխնիկական խնդիրների լուծման փուլերը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

 

18 դիտում