
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են Ալաշկերտի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, հիմնանորոգումն ընդգրկում է ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատման, սալիկապատ մայթերի կառուցման և ջրահեռացման համակարգի տեղադրման աշխատանքներ։
Ալաշկերտի փողոցի մայթերի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 44 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է երկողմանի սալիկապատ մայթերի կառուցում՝ 810 քառակուսի մետր մակերեսով։
Ալաշկերտի փողոցի ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 միլիոն 611 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է ճանապարհի երթեւեկելի մասի ասֆալտապատում՝ 410 գծամետր երկարությամբ և 2870 քառակուսի մետր մակերեսով։ Տեղադրվում է նաև ջրահեռացման համակարգ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի հուլիսի 13-ից և իրականացվել շուրջ 25 տոկոսով։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։
Մարտունու Ալաշկերտի փողոցն իր պատմության մեջ հիմնանորոգվում է առաջին անգամ։
Գեղամա աշխարհ